Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Հասարակություն / Հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

Հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

 Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ բոլորն ապշած գրում են, թե ինչպես կարելի է Հրայր Թովմասյանի 75-ամյա տարեց հորը և երկու դուստրերին կանչել ԱԱԾ, ես ամենևին զարմացած չեմ։ Ես այլևս չեմ զարմանում, որովհետև մեր երկրում վերացել է որևւէ տաբու, չեմ զարմանում, քանզի հետևողականորեն վերացվում են բարոյականության բոլոր նշմարելի և աննշմարելի գծերը։ Չեմ զարմանում, քանի որ Հայաստանում իրավաբանությունը դարձել է փախստական, որին ոչ ոք (իրավապահ մարմիններն առաջին հերթին) կարգավիճակ չի ուզում տալ, իսկ քաղաքականությունն էլ ամբողջությամբ սկսել է համապատասխանել երբևէ արված ամենավատ բնութագրություններին։

     Ես անկեղծ կցանկանայի հույս ունենալ, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հորդորել՝ սթափվել և ուշքի գալ, հաղթահարել ինքն իրեն և դադարեցնել սերունդների միջև ատելության սերմանումը։
     Կցանկանայի հույս ունենալ, որ նրան կարելի է հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, հիշեցնել, որ երբևէ որևէ մեկը հավերժ չի մնում քաղաքականության մեջ և ինչպես ցանկացած քաղաքական գործիչ ինքը ևս գնալու է, իսկ իր գեներացրած ատելությունը մնալու է։ Սակայն այդ հույսը ամեն նոր օր հօդս է ցնդում վարչապետ Փաշինյանի ռեժիմի գործողությունների հետևանքով։
     Կցանկանայի հույս ունենալ, որ ՀՔԾ և ԱԱԾ աշխատակիցները կհիշեն, որ կան հրամաներ, որոնք տրվում են, սակայն չեն կարող կատարվել, որ կան գծեր, որ չպետք է անցել։ Սպայի պատիվը ամեն հրաման կատարելու մեջ չէ, սպայի պատիվն արժանապատվությունն է, անթույլատրելի ու անօրինական հրամաններին ՈՉ ասելու կարողությունը, անկարողության դեպքում՝ պատվախնդիր հեռացումը։ Սա այն դեպքը չէ, որ մոռացվեք կամ էլ ասեք՝ «դե հրաման ա անում էինք»։ Եթե ուզում եք հասկանալ ձեզ տրված հրամանն ինչպիսինն է՝ պարզ թեստ կա՝ «մի արա այն ինչ չես ցանկանա, որ վաղը լինի ընտանիքիդ հանդեպ»։ Չեմ ասում քո հանդեպ, քանզի հրամաններն արդեն վաղուց մտել են մարդկանց ընտանիքներ։
     Չի մոռացվելու նաև նա, ում համար արվում է այս ամենը։ «Բարեպաշտի» ու «բարձրակարգ իրավաբանի» համբավը չի կարելի արատավորել «հանուն պաշտոնի ամեն ինչ» հանցավոր ու ցինիկ բանաձևով։
     Հ.Գ. Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչև պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը և Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչև իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։
     Բացատրե՞մ, թե՞ կհասկանանք, թե սա ինչ է նշանակում։
     Հարգելի՛ Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում՝ հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում»:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը, քայլարաստների կողմից մի քանի արշավներից էր կազմված

Մեր Երկրում տեղի ունեցող դատաիրավական համակարգի ոտնահարման գործընթացն արդեն շարունակվում է 17 ամիս, ու դեռևս …