Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Հասարակություն / Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար.Անդրանիկ Հովհաննիսյան

Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար.Անդրանիկ Հովհաննիսյան

Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանու՞մ
Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էի Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը։ Մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը ինձնից վերցրեց կացության քարտս՝ պատճառաբանելով թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։

Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն։
Բարեկամներս, ընկերներս և բոլոր ծանոթներս ինձ ճանաչում են որպես Հայրենասեր մարդու, ով երկար տարիներ ճակատագրի բերումով ստիպված է եղել ապրել Հայրենիքից հեռու, բայց այնուամենայնիվ որոշել է, որ պարտավոր է վերադառնալ Հայաստան, ապրել և ստեղծագործել իր հայրենի հողում՝ նպաստելով Հայոց պետականության զարգացմանը։
Կյանքիս առնվազն վերջին 8 տարին նվիրել եմ այդ նպատակին:
2016թ. գերազանցությամբ ավարտել եմ Հայ-Ռուսական համալսարանի «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն» բաժինը՝ ստանալով չինագետի բակալավրի աստիճան։
2018թ․ գերազանցությամբ ավարտել եմ նույն համալսարանի «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության» բաժինը՝ ստանալով միջազգայնագետի մագիստրոսի աստիճան։
Ուսման ընթացքում պատիվ եմ ունեցել ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային գիտաժողովներում և մրցույթներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում, Վրաստանում և մի շարք այլ պետություններում։ 2014թ․ ճանաչվել եմ Հայ-Ռուսական համալսարանի լավագույն ուսանող, 2017թ․-ին՝ Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող։ Ավելի քան 80 գիտական հոդվածների հեղինակ եմ։
Ներկայումս հայցորդի կարգավիճակով սովորում եմ Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքական գիտություններ և տարածաշրջանագիտություն» բաժնում։
2019թ․ հունվարից աշխատում եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնում՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։
Վերջաբանի փոխարեն․ Երևանից Մոսկվա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռի պատուհանից դուրս նայելով զմայլվում էի Հայոց աշխարհի լեռների վրա իջնող լուսաբացով՝ միաժամանակ վերհիշելով այն բացասական զգացմունքները, որոնք տպավորվել էին իմ հիշողության մեջ դեռ 20 տարի առաջվանից՝ երբ ընտանիքով տեղափոխվում էինք Ղազախստան։ Տարբերությունն այն է, որ առաջին անգամ ես երկրից մեկնում էի ծնողներիս որոշմամբ, իսկ այս անգամ ինձ ստիպողաբար վտարեցին իմ Հայրենիքից։
Ցավով եմ նշում, որ եթե Հայաստանյան իշխանությունների կողմից համապատասխան /ոչ էմոցիոնալ/ արձագանք և լուծում չտրվի այս խնդրին, ապա կարող եմ եզրակացնել, որ տեղի ունեցածը նախապես ծրագրավորված գործողություն էր, որն ուղղված է հայրենիքն իսկապես սիրող հայերին երկրից վտարելու՝ փոխարենը անհայտ ծագում ու կողմնորոշում ունեցողներով երկիրը լցնելու նպատակին։
Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար։ Հուսով եմ, որ պատկան մարմինները կկարողանան համապատասխան լուծում տալ այս խնդրին՝ հակառակ դեպքում այսուհետ նրանց կողմից հնչեցրած ցանկացած միտք կարող է դիտվել որպես դավադրություն՝ ուղղված Հայ ժողովրդի և Հայոց պետականության դեմ։
Թո՛ղ որևէ մեկը չմտածի, որ այս պատմությունից հետո Հայրենիքիս հանդեպ ջերմ և դրական զգացմունքներիցս անգամ մի կաթիլ կպակասի։ Ավելին, ես պարտավոր եմ անցնել այս դժվարությունները և վերադառնալ իմ Հայրենիք։ Փա՜ռք Հայաստանին և Հայ ազգին։
Հ.Գ․ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չմնացին և այս հարցում իրենց աջակցությունը հայտնեցին ինձ։
 Անդրանիկ Հովհաննիսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով