Ուրբաթ , Փետրվարի 21 2020
Սկիզբ / Հասարակություն / Սուրբ ծնունդը հոգու վերածնունդ է մեզ համար

Սուրբ ծնունդը հոգու վերածնունդ է մեզ համար


Որպես սքանչելիք և լավագույն խորհուրդ` շնորհավորում եմ բոլորիս Սուրբ ծնունդը, որը սովորեցնում է ապրել մեր հասանելիք ազնվագույն կյանքը հոգու սնունդով: Այս օրերին Սուրբ ծննդյան տոնը մի հիանալի առիթ է` նորից խոսելու մարդկային լավագույն որակների դաստիարակության մասին, առավել ևս ուշադրության է արժանի այն երևույթը, որ յուրաքանչյուրս յուրովի առանձին տեղ ենք տալիս մարդուն մաքրագործելու տանող հոգևոր արժեքներին, իսկ հոգևոր դաստիարակությունը մեր անցած ու անցնելիք ճանապարհի ուղեկիցն է:
Խորհրդային տարիների ստրկացված կյանքը` ադրբեջանական իշխանությունների «հովանու» ներքո, արցախցիներիս զրկել էր քրիստոնեական հավատքի ու նրա հետ կապված բոլոր սովորույթների ու տոնական օրերի մասին բարձրաձայն արտահայտելուց: Մարտակերտում եկեղեցի չկար, հին ավերակներ էին, Գանձասարում եկեղեցին չէր գործում, բայց առիթից առիթ գնում էինք ուխտագնացության: Հատկապես ուստարվա վերջին աշակերտներիս տանում էին այնտեղ, վառվող մոմերի առկայծումների մեջ մեր մրմունջները լուռ փոխանցում էինք Աստծուն` առանց հասկանալու, որ մեր հավատքն էլ այդ սրտամիտները խլել էին մեզանից: Բուհում սովորելու տարիներին էլ աթեիզմ էինք անցնում, որը ժխտում էր ամբողջ քրիստոնեությունն ու Աստծո գոյությունը, այն դեպքում, երբ մեր հարևանները մեր հետևից «անհավատ» էին կանչում, իսկ իրենց կեղծ աստծուն էլ` գովերգում:
Արցախյան պատերազմը, կարելի է ասել, մեզ ազատեց նաև հոգևոր ստրկացումից, և յուրաքանչյուր արցախցի սկսեց գիտակցել, որ այդ հավատքը իր հոգու մեջ էր, բայց կապանքների մեջ լինելով` զրկված էր դրա մասին խոսելու իրավունքից: Վաղուց մենք ազատվել ենք այդ հոգևոր ստրկացումից և այսօր մենք համայն հայության հետ կանգնած ենք Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան մեծ խորհրդի առջև:
Այն չքնաղ մի խորհուրդ է, որ մեզ սովորեցնում է բարություն, ազնվություն, մեծագույն մարդասիրություն, որի կարիքն ունի ամբողջ աշխարհը: Սուրբ ծննդյան ոգեկոչումը խաղաղության և մարդկային լավագույն հարաբերությունների արտահայտություն է, քանի որ Քրիստոսի Սուրբ ծննդով մարդիկ կոչված են համերաշխ ապրելու իբրև հարազատ եղբայրներ՝ իբրև երկնավոր հոր որդիներ: Սուրբ ծննդյան ամեն մի ավետիս հոգու վերածնունդ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, նրա ամեն մի ավետիս հզոր վահան է և հաղթության զենք չարիքի ու մեղքի դեմ:
Մարդկային հոգին չի կարող միայն բավարարվել նյութականով, նյութականից վեր հոգևոր սնունդ էր պահանջվում, մարդկությունը երազում էր արդարություն և խաղաղություն բերող Փրկչի գալստյանը: Եվ ՆԱ եկավ, եկավ որպես հոգևոր սնունդ, եկավ` մեզ հոգու անդորրություն բերելու, եկավ, որ իր հույսով ու հավատով ապրենք: Ժամանակի հավերժության մեջ տարիներ, դարեր, հազարամյակներ են անցնում, մարդկային պատմության փոքր ու մեծ իրադարձությունները հաջորդում են միմյանց, և այդ ամենի վրա, որպես սիրո, արդարության և խաղաղության հավերժական ճառագայթում, տիրաբար շողում է Քրիստոսի Սուրբ ծննդյան լույսը` հոգևոր իմաստ ու բարոյական նպատակ հաղորդելով մարդու կյանքին: Հայերս մեր ողջ պատմության ընթացքում հավատացել ենք Հիսուսի պատգամներով աշխարհը վերափոխելու, մարդու հոգին ազնվացնելու գաղափարներին ու այդպես էլ շարունակենք հավատալ գալիք լավ օրերի` մեր բոլորիս երազանքների իրականացմանը:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանի մասին անձնական ինֆորմացիան «Նաիրի» բ/կ-ից արտահոսել (Ձայնագրություն)

Ջիվանիկ Աբրահամյանը կրկին իր տարերքի մեջ է հայտնվել: Հիմա էլ Մանվել Գրիգորյանի դեմ ատելություն տարածելու, …