Սկիզբ / Հասարակություն / Հավերժի ճամփորդը. Արաքս Խաչատրյանի լուսե հիշատակին

Հավերժի ճամփորդը. Արաքս Խաչատրյանի լուսե հիշատակին

Փորձություններով ու բազմաթիվ դժվարություններով լի կյանքում հարազատ մարդու կորսուստը, թերևս, ամենաանտանելի ցավն է յուրաքանչյուր մեկի համար:

Նման անտանելի ցավ ապրեցի՝ տեղեկանալով մեզ վաղուց հարազատ դարձած ընտանիքի մոր՝ Արաքս Մաթևոսյանի՝ Արաքս մորաքի մահվան մասին:
20 տարի առաջ էր, երբ ժամանելով Ամերիկա՝ հնարավորություն ունեցանք առաջին անգամ շփվելու ԱՄՆ-ում երկար տարիներ հաստատված, մորաքրոջս ընտանիքին դեռևս Հայաստանից մտերիմ դարձած Արաքս Մաթևոսյանի հետ, ու անմիջապես զգալ նրա մարդկային ջերմությունն ու այն հոգատարությունն, որ սովոր էր իր շուրջը տարածել Արաքս մորաքը՝ դրանով իսկ գեղեցկացնելով աշխարհը:
Այդ հանդիպումից կարճ ժամանակ անց՝ գրեթե միանգամից, Արաքս Մաթևոսյանը դարձավ մեր ընտանիքի ամենամտերիմ մարդկանցից մեկն օտարության մեջ,այն հարազատ մեկն, ում կարիքն ունեն բոլորը:
Առանց մարդկային այդ տեսակի աշխարհն իսկապես անտանելի կլիներ, իսկական անապատ…
Արաքս մորաքն այն մարդկանցից էր, ով իր ներքին ջերմությամբ լուսավորում էր չորսբոլորը՝ սեր ու ջերմություն տարածելով ոչ միայն սեփական ընտանիքի ներսում, այլև՝ նույնիսկ սեփական օջախի սահմաններից շատ-շատ հեռու: Նա ուներ բացառիկ մի ձիրք՝ մարդկանց գնահատել, մարդու մեջ լավը նշմարել, աջակցել գիտեր:
Ցավոք, չարաբաստիկ հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց, քան կյանքի հույսը…
Այդպես էլ հոգուս խորքում համարձակություն չգտա՝ մի վերջին անգամ տեսնելու նրան, քանի որ վախենում էի նրա փառահեղ կերպարն աղճատված տեսնելու վտանգից, ցանկանում էի, որ Արաքս Մաթևոսյանն իմ հիշողություններում ու պատկերացումներում մնար այնպիսին, ինչպիսին նախքան չարաբաստիկ հիվանդությամբ ախտահարվելն էր՝ շքեղ ու դյութիչ արտաքինով, կենսախինդ ու վառվռուն հոգով:
Բայց Արաքս մորաքը միայն իր արտաքինով ու ներաշխարհով չէ, որ չնաշխարհիկ էր, այլև՝ ձեռքի շնորհքով, նրա մատներից ուղղակի ոսկի էր կաթում. խոհանոցում նա անգերազանցելի էր, իսկ կարուձևի արհեստում նրա ունեցած հմտությունը միայն հիացմունք էր առաջ բերում:
Մահից մի քանի ժամ առաջ Արաքս Մաթևոսյանի դստեր ֆեյսբուքյան էջի միջոցով հղածս բարեմաղթանքին դուստրը ինձ պատասխանեց թախիծ արտահայտող նշանով…
Արթնանալով խոր գիշերին, բացելով ֆեյսբուքյան էջս՝ այնտեղ հայտանբերեցի Արաքս Մաթևոսյանի որդու՝ սիրված արվեստագետ Զարեհ Թևանի կողմից մոր՝ ֆեյսբուքյան էջում զետեղված նկարը:
Արաքս մորաքի մահվան բոթն էր…
Լուրը ցնցող էր: Չնայած լուրը ստանալուն պես կապնվեցի մորաքրոջս հետ, սակայն համարձակություն չունեցա նրան տեղյակ պահել կատարվածի մասին, քանի որ առանց այն էլ անհանգիստ էր, ինչ-որ բան էր զգում…Նրանք շատ հաճախ էին խոսում…
Մորաքրոջս երեխաները իրենց ցավակցությունն էին հայտնել Զարեհ Թևանին, սակայն, չէին համարձակվել տեղյակ պահել մորաքրոջս կատարվածի մասին:
Ինչ էլ գրեմ ու ինչպես էլ հույզերս արտահայտեմ, գիտեմ, որ չեմ կարող որևիցե կերպ սփոփել հարազատ ընտանիքի անդամներին:
Արաքս մորաքի մահը մեծագույն կորուստ է ոչ միայն սեփական ընտանիքի, այլև ընտանիքին մոտ կանգնած մարդկանց համար ու հատկապես՝ իմ ու ընտանիքիս:
Արաքս Մաթևոսյանն երբեք չի մոռացվի, նրա մարդկային տեսակին պատկանող անհատականություններն երբեք չեն մեռնում, ու ժամանակն անզոր է նրանց վառ հիշատակի առաջ:
Արաքս մորաքը հավերժ կմնա մեր սրտերում, ու նրա լուսե հիշատակն երբեք չի մարի…
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը. ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և …