Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2020

Նոր Հայաստանը հին Հայաստանից բազմաթիվ վատ ավանդույթներ է ժառանգել՝ ֆեյքերի միջոցով մարդկանց վարկաբեկելու խայտառակ պրակտիկան

Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը հոդված է հրապարակել՝ բարձրացնելով հարցադրումներ, որոնք անմիջականորեն վերաբերում են ոչ միայն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, այլև մի շարք այլ անձանց ևս:

Պետք է արձանագրել, որ հոդվածագիրն ընդհանուր առմամբ Վանեցյանին ու նրա հետ ասոցացվող ևս մի քանի հոգու մեղադրում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ տեղեկատվական հակաքորզչություն իրականացնելու, ֆեյսբուքյան ֆեյքերի ու ընդդիմադիր ԶԼՄ-ների օգնությամբ սևացնելու, կեղծ, վարկաբեկիչ լուրեր տարածելու մեջ:
Փորձելով «բոչկա գլորել» Վանեցյանի ուղղությամբ՝ իշխանություներն, ըստ էութան, ջանում են նրանից Փաշինյանի համար եկող քաղաքական վտանգը չեզոքացնել. մի կողմից՝ փորձ է արվել հարվածի տակ դնել Նիկոլ Փաշինյանին քաղաքական ասպարեզում հակահարված տալու ընդունակ Արթուր Վանեցյանի վարկանիշը՝ նրան ներկայացնելով ինչ-որ մարդկանց ձեռքին կույր գործիքի դերում, ապա՝ արդարացնել ազատ խոսքի դեմ հյուսվող իշխանական դավադրությունները:
Մյուս կողմից պետք է խոստովանել, որ հոդվածը զերծ չէ նաև որոշակի օբյեկտիվ հատիկից, և դրանում որոշ դեպքերում իսկապես արտացոլվել են հայ իրականությանը բնորոշ շատ կոնկրետ ցավալի իրողություններ:
Մասնավորապես՝ դիցուք, այլևս «հանգած հրաբխի» վերածված «Վստրեչի Ապեր» կոչեցյալ Արամ Վարդանյանի մասով արված շեշտադրումները, պետք է նկատել, իսկապես հեռու չեն իրականությունից: Որոշ «ընդդիմադիր» կոչվող լրատվամիջոցների հետևում իսկապես կանգնած է հենց Վարդանյանը: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի քուչեքից երևանյան ապարտամենտներում հայտնված ու այստեղ կայք ստեղծած որոշ տխրահռչակների մասին է. նրանց իսկապես Վստրեչի Ապերն է հովանավորում՝ պարբերաբար ենթարկելով համապատասխան ինստրուկտաժի:
Ճշմարտություն է նաև այն, որ եթե Վլադիմիր Գասպարյանի «սուրճ դնողին» աղբաման նետած «Ռեստարտ» խմբի անդամներին առաջադրվում է լուրջ մեղադրանք, ապա չգիտես ինչու Վստրեչի Ապերի հավին նույնիսկ քշա ասող չկա, մի դեպքում, երբ բոլորին է հայտնի, թե ինչպես է Վարդանյանի 15 հոգանոց բանդան ապօրինաբար առևանգել, փակի տակ պահել ու բռնություն կիրառել քաղաքացիներից մեկի նկամամբ, ով, արդարության հասնելու հույսով, դիմել էր Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Ապերը փախուստի էր դիմել: Հետո, չնայած, Ոստիկանության ջանքերի շնորհիվ հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանն արտերկրում ձերբակալվեց և արտահանձնվեց Հայաստանին, սակայն, բավական առեղծվածային պայմաններում դատարանը մերժեց Վարդանյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, ու փախուստի մեջ գտնված, միջազգային հետախուզումով հայտնաբերված Վստրեչի Ապերը դատարանի կողմից ազատ արձակվեց:
Պարզվեց, որ հետհեղափոխական Հայաստանում նույնպես «օրենք» ու «օրինականություն», «արդարություն» կամ «արդարադատություն» ասվածները միանգամայն հարաբերական հասկացություններ են՝ չնայած ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը հեղափոխական ամբիոններից ու բեմահարթակներից:
Օրինակ՝ կա՞ որևիցե երաշխիք, որ ՀԺ-ում հրապարակված վերոհիշյալ նյութը գրողին նույնպես ինչ-որ մեկը չի առևանգի կամ չի խոշտանգի՝ հաշվի առնելով այն գոյություն չունեցող պայքարը, որ Հայաստանի իշխանությունները մղում են հակաօրինականության դեմ: Վերջիվերջո աներկբա է, որ ցանկացած պատժված կամ փաստացի կոծկված հանցագործություն ծնում է պոտենցիալ բռնություն:
Մյուս կողմից՝ կասկածելի է թվում հոդվածում արված այն պնդումը, թե իբր Վստրեչի Ապերի ազատ արձակման, փաստացի կատարված հանցագործության կոծկման հետևում կանգնած է Վանեցյանը: Եթե նույնիսկ, ենթադրենք, որ Վանեցյանն է պարտակել Վստրեչի Ապերին, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ հովանավորությամբ է դա տեղի ունեցել՝ նկատի ունենալով այն անհերքելի իրողությունը, որ Հայաստանի դատարանները հեղափոխությունից ի վեր լիարժեքորեն գտնվում են Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո՝ վերածվելով մեկ անձի հլու կամակատարների, և այս պայմաններում անպատկերացնելի է, թե ինչպես կարող էր դատարանն առանց Փաշինյանի «դաբրոյի» համապատասխան քայլ կատարել:
Ի՞նչ կլիներ,եթե մեկնումեկի մտքով անցներ՝ ասենք ԴՆԹ թեստ անցկացնել ու պարզել, թե, արդյոք, իսկապե՞ս փոքրիկ աղջնակը Արամ Վարդանյանի դուստրն էր, թե՞ ոչ: Գուցե Վարդանյանի հետ երեխան ոչ մի կապ չունե՞ր, և այդ ամենը հորինվել էր Ապերի ազատության հարցն արագորեն գլուխ բերելու համա՞ր: Իհարկե, որոշ հարցեր անձնական կյանքի տիրույթից են, և առնվազը կոռեկտ չէ սահմաններ խախտել, սակայն ակնհայտ է նաև, որ ցայսօր էլ դեռ մնում են օդից կախված հարցեր, որոնք ժամ առաջ սպասում են իրենց պատասխանին:
Բացի այս ամենը՝ փաստ է նաև այն, որ ֆեյքերի թեման, որը շոշափվում է հոդվածում, միշտ ակտուալ է եղել Հայաստանում:
Նոր Հայաստանը հին Հայաստանից բազմաթիվ վատ ավանդույթներ է ժառանգել, և դրանցից մեկն էլ, անխոս, ֆեյքերի միջոցով մարդկանց վարկաբեկելու խայտառակ պրակտիկան է: Այն, որ «հին» Հայաստանում դա կար, ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել, բայց անհասկանալի է, թե ինչու իշխանությունները փաստացի ոչինչ չարեցին այդ ամենն անցյալում թողնելու համար:

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի գովքն անող ֆեյքերն են առաջին պլան մղվել՝ պղտորելով մթնոլորտն, անմեղ մարդկանց թիրախ դարձնելով, հայհոյելով կամ վարկաբեկելով և այլն ( 2018 թվականի մայիսի 2-ին խարդախության համար կալանավայրից սուսուփուս ազատված տխրահռչակ Վանոյի Արտակն և նրա «հայտնի» փաստաբանը վկա):
Մինչդեռ ֆեյքային գործելաոճի մեջ մեղադրվում է ԱԱԾ նախկին տնօրենը:
Մեկ բան հստակ է՝ նախքան դիմացինից ինչ-որ բան պահանջելը՝ նախ պետք է ինքնամաքրվել:
Եթե երկրում տիրող մթնոլորոտը մաքուր չէ, ապա ում ասես ինչի մեջ ասես կարող ես մեղադրել:
Մյուս կողմից՝ հստակ է նաև այն, որ հասարակությունն այս կամ այն գործչի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի մասին վերջին հաշվով կարծիք է կազմելու ոչ թե այս կամ այն հոդվածը կարդալով,այլ սեփական կյանքին բնորոշ առանձնահատկությունները հաշվի առնելով, ներկայի ու անցյալի միջև զուգահեռներ անցկացնելով կամ, ինչու ոչ, սեփական տան սառնարանի դուռը բացելով ու դրա պարունակությունը զննելով:
Ահա առաջին հերթին հենց այստեղ է, որ տանուլ է տալիս Նիկոլ Փաշինյանն՝ անկախ այն բանից, թե ով ում ինչի մեջ կմեղադրի կամ ով ինչպես կարդարանա կամ կդատապարտվի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը մնում է. «թասիբի» հարցը մնաց բա՞ց

Իշխանությունների անհապաղ հրաժարականի վերաբերյալ տարբեր կողմերից եկող կոչերին զուգահեռ, երբ, փաստորեն, բոլորի մոտ (բացի զոմբիական …