Երեքշաբթի , 14 Հուլիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Փաշինյանն ուզում է փակել ոստիկանների բուժհաստատությունները. «Հրապարակ»

Փաշինյանն ուզում է փակել ոստիկանների բուժհաստատությունները. «Հրապարակ»

 «Հրապարակ». Ոստիկանների շրջանում դժգոհություն է հասունանում Նիկոլ Փաշինյանի գործողություններից։ Առավել բողոքավորները թոշակի անցած ոստիկաններն են, որոնք շատ հաճախ են առողջական խնդիրներ ունենում։ Բանն այն է, որ փետրվարի 12-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանության պոլիկլինիկան արդյունավետ չի գործում, որ այդ պոլիկլինիկայից օգտվում է ոստիկանության աշխատողների շատ քիչ տոկոսը:
«Ոստիկանության բյուջետային հայտի քննարկման ժամանակ տեսա, որ շուրջ 800 մլն դրամ ոստիկանությունը գումար է ակնկալում առողջապահական ծառայությունների համար: Այդ գումարը նախատեսվում էր ոստիկանության պոլիկլինիկայի համար: Ես նայեցի, պարզվեց, որ ոստիկանության շատ չնչին տոկոսին է սպասարկում այս ոստիկանության պոլիկլինիկան: Եթե ոստիկանների մեծամասնությունն առողջապահական ծառայությունները ստանում է այլ առողջապահական հիմնարկներում, ուրեմն մենք այդ 800 մլն դրամը պետք է ներդնենք այլ տեղ, որպեսզի ոստիկաններն այլ հիմնարկներում ավելի որակյալ ծառայություն ստանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իմքայլական պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչարյանի հարցին, թե ինչու է լուծարվում ոստիկանության հոսպիտալը։
Ահա այսպես՝ նայում է ու որոշում Փաշինյանը, իսկ նրան առարկողներ համարյա չկան։ Իրականում Փաշինյանի «տեսած» կողմից հնչեցված թիվն ուռճացված է։ Մեր տեղեկություններով, ոչ թե 800 մլն է խնդրել ոստիկանությունը կառավարությունից, այլ ընդամենը 500 մլն դրամ։ Փաշինյանը եթե ոչ դիտավորյալ, ապա թվերի նկատմամբ իր անփույթ վերաբերմունքի հետեւանքով ճիշտ չի ասում։ Բացի դա, մեկ տարում, ըստ ոստիկանության հաշվետվությունների, բուժվարչությունը բժշկական ծառայություն է մատուցում մոտ 80 հազար մարդու՝ ոստիկանության աշխատողների, նրանց ընտանիքի անդամների, վետերանների։ «Պատկերացրեք, եթե վետերանը, թոշակառու ոստիկանը, որը մի 60 հազար թոշակ է ստանում, գնա «Էրեբունի» հիվանդանոց կամ «Նաիրի» բժշկական կենտրոն, ո՞վ է նրա դեմքին նայելու։ Օրերով սպասել կտան։ Իսկ այստեղ ինչ որ իրենք կարողանում են, արագ անում են, ինչ էլ որ չեն կարողանում, պետպատվերի ուղեգիր են տալիս, եւ մարդը գնում, սպասարկվում է։ Այստեղի հոսպիտալում չեն կարող անտարբեր լինել, որովհետեւ բողոքի դեպքում այդ արհեստական պրոբլեմ սարքողին կկախեն»,- ասում է ոստիկանության նախկին աշխատակիցներից մեկը, որը ժամանակին պարեկապահակային զորքերում է աշխատել։
Ոստիկանության պոլիկլինիկան սպասարկում է նաեւ ԱԱԾ-ն, կալանավայրերի զորքերը, այստեղ զինկոմիսարիատներն են բուժզննություն իրականացնում։ Բարձրաստիճան ոստիկանների շրջանում ոստիկանությունը փակելու շուրջ ընդհանուր կարծիք չկա։ Փաշինյանի թիմում կան մարդիկ, որոնք դեմ են ոստիկանության պոլիկլինիկան եւ հոսպիտալը փակելու նրա որոշմանը, բայց ոչ ոք հրապարակավ չի արտահայտվում։ Անգամ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը հարց բարձրացրեց խորհրդարանում, այսօր խուսափում է հարցերին պատասխանել։ Նույնիսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ պայքարել են, որ բուժվարչության գումարները չկտրեն, այսօր խուսափում են թեմայի շուրջ կարծիք հայտնելուց։
Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Մովսիսյանը, որը համակարգում է բուժվարչության աշխատանքը, հրաժարվեց պատասխանել, թե ինչ կարծիքի է՝ արդյոք պե՞տք է կտրել բուժվարչության փողերը եւ դրանք տալ առողջապահության նախարարությանը։ Նրանից հաջողվեց ընդամենը 2 նախադասություն պոկել․ «Մենք փող չենք կտրում, բյուջեն ներկայացվում է տարեվերջին, քննարկվում է, հաստատվում է, հիմա կա հաստատված բյուջե, եւ գումարները չեն կտրվել։ Կառավարության որոշմամբ դա պետք է լինի, սակայն նման որոշում չկա»։ Իր կարծիքը գնդապետ Մովսիսյանը չունի։ Ինքը չի քննարկում բյուջեն, ոնց որոշեն, այնպես կանի։
Ներքին տեղեկություն ունենք, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ բացասական կարծիք է հայտնել այս խնդրահարույց նախաձեռնության վերաբերյալ։ Կառավարությունը երեկ որոշում ընդունեց, որով ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի համար ձեռք կբերվի 2 անզգայացման-վերակենդանացման սարք՝ միավորը 5.1 մլն դրամ գնով:
Մնում է նկատել, որ անցյալ տարի Փաշինյանը բոլորովին այլ կերպ էր նայում ոստիկանության բուժվարչությանը։ 2019 թվականի հուլիսին կառավարությունը 3,4 մլն դրամով ավելացրել էր ոստիկանության հոսպիտալի արտաբյուջետային միջոցների տարեկան ծախսերը։ Այսօր նրա կարծիքը ոստիկաններին սպասարկող բուժհաստատությունների վերաբերյալ կտրուկ փոխվել է, եւ այս փոփոխության միակ շահառուն, թերեւս, առողջապահության նախարարն է։ Առողջապահության համակարգին է գնալու ոստիկանությունից խլվող 500 մլն դրամը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը.Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության …