Երկուշաբթի , 25 Մայիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Արցախը ենթարկվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկի, ռապիդ-թեստով թեստավորումը հուսալի չէ, մենք նույնպես վտանգված ենք.livenews

Արցախը ենթարկվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկի, ռապիդ-թեստով թեստավորումը հուսալի չէ, մենք նույնպես վտանգված ենք.livenews

Արտերկրից Հայաստան եկած և, ընդհանրապես, նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակված լինելու առումով կասկածվող բազմաթիվ անձինք COVID-2019-ի արագ ախտորոշման համար ռապիդ-թեստով (էքսպրես թեստ) ստուգվելուց և բացասական արդյունքի ստացումից (իբրև վարակված չեն) հետո բաց են թողնվել: Նրանց առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկմաև և կանխարգելման ազգայի կենտրոնի լաբորատորիայում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ПЦР) մեթոդի վրա հիմնված թեստային համակարգով հետազոտություն չի կատարվել:

Մինչդեռ ռապիդ-թեստերը, ինչպես վկայում են առկա փաստերը, կարող էին ու կարող են սխալ արդյունք տալ, դրանցով թեստավորված անձանց մի մասն իրականում կարող էր վարակված լինել նոր կորոնավիրուսով և, դրանով հանդերձ, չենթարկվելով անհրաժեշտ և համապատասխան սահմանափակումների, վտանգավոր ու մի շարք դեպքերում մահացու հետևանքներ ունեցող COVID-2019-ով վարակել բազմաթիվ անձանց:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը մարտի 16-ին լրագրողներին հայտնել է, որ Հայաստանը կորոնավիրուսի արագ ախտորոշման համար 2 տեսակի ռապիդ-թեստեր կստանա, թեստի մի տեսակը կորոշի թքի, մյուսը՝ արյան մեջ կորոնավիրուսի առկայության հանգամանքը, առաջինը, ամենայն հավանականությամբ, կկիրառվի ոչ բժշկական հաստատություններում, օրինակ, օդանավակայանում կամ սահմանային անցակետում, երկրորդը՝ պոլիկլինիկաներում և ոչ ինֆեկցիոն հիվանդանոցներում: Նա հայտնել է նաև, որ ռապիդ-թեստերի միջոցով կորոնավիրուսը հնարավոր կլինի ախտորոշել 15 րոպեում` այն դեպքում, երբ լաբորատոր անալիզի համար մի քանի ժամ է անհրաժեշտ:
Հայաստանը ռապիդ-թեստերն արդեն ստացել է: Երեկ հենց դրանով են հետազոտվել «Ականատես» դիտորդական առաքելության մի խումբ դիտորդներ, որոնցից որոշների շրջանում նոր կորոնավիրուսով վարակվածության նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» որոշեց վերանայել 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները: Հիշյալ առաքելությունը մասնավորապես որոշեց Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար նաև` Հայաստանի անվտանգային իրավիճակի համար։ Այս մասին նշված է «Ականատես»-ի հայտարարության մեջ:
Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ նշված առաքելության բոլոր այն անդամները, որոնց ռապիդ-թեստով հետազոտությունը նոր կորոնավիրուսով վարակվածություն է ախտորոշել, իրականում վարակված չեն COVID-2019-ով, այսինքն` ռապիդ-թեստով հետազոտությունը նրանց բոլորի պարագայում սխալ արդյունք է տվել: Այսօր NEWS.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը տեղեկացրել է. «3-4 հոգի են եղել, կրկնակի թեստավորվել են Նորքի ինֆեկցիոն կենտրոնում, արդեն ոչ թե ռապիդ, այլ երկար թեստով եւ հերքվել է վիրուսի առկայությունը»:
Ռապիդ-թեստով թեստավորման սխալ արդյունքներ են ստացվել ոչ միայն Հայաստանում, այլև այլ պետություններում, օրինակ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինը:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե ռապիդ-թեստով թեստավորումը նոր կորոնավիրուսով չվարակված անձի պարագայում կարող է տալ դրական, այսինքն` սխալ արդյունք, ապա սխալ` այս դեպքում արդեն բացասական արդյունք կարող է տալ նաև նոր կորոնավիրուսով վարակված անձի պարագայում, նրան ներկայացնելով իբրև չվարակված:
Ընդգծենք, որ ի տարբերություն ՀՀ-ում ռապիդ-թեստով դրական արդյուևք ստանալու դեպքերի, երբ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկմաև և կանխարգելման ազգայի կենտրոնի լաբորատորիայում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ПЦР) մեթոդի վրա հիմնված թեստային համակարգով անձից վերցված համապատասխան փորձանմուշի հետազոտություն է կատարվում, այսինքն` կրկնակի թեստավորում, բայց արդեն բոլորովին այլ և անհամեմատ հուսալի մեթոդով, ռապիդ-թեստով բացասական արդյունքի ստացման դեպքում նշված կենտրոնում այլ մեթոդով կրկնակի թեստավորում չի կատարվում կամ կատարվում է միայն առանձին դեպքերում:
Վերոնշյալի հետևանքով բազմաթիվ մարդիկ` COVID-2019-ով վարակված լինելու հարցում կասկածվող կամ ռիսկային խմբում գտնվող, եթե իրականում նույնիսկ վարակված են նոր կորոնավիրուսով, ռապիդ-թեստի սխալ արդյունքի հետևանքով կարող են համարվել չվարակված և, ինչպես վարակված անձինք, չենթարկվել անհրաժեշտ ու համապատասխան սահմանափակումների: Հետևաբար այդ անձինք հիվանդության ախտանշանների ի հայտ չգալու կամ թույլ արտահայտման պարագայում իրենք էլ չիմանալով իրենց վարակված լինելու մասին, կարող են վարակել բազմաթիվ այլ անձանց` պատճառ հանդիսանալով Հայաստանում վարակի հետագա տարածման, ինչպես նաև Արցախ COVID-2019-ի տեղափոխման:
Այն դիտորդները և լրագրողները, որոնք վաղը Արցախում հետևելու են ընտրություններին, նախքան գնալը, թեստավորվել են ռապիդ-թեստով, թեստավորման բացասական արդյունքի ստացումից հետո վերը նշված կենտրոնում հիշյալ բարդ եղանակով չեն թեստավորվել, ինչը նշանակում է, որ նրանցից ոմանք կարող էին COVID-2019-ով վարակված լինելով հանդերձ, ռապիդ-թեստով վարակվածության հանգամանքի չհայտնաբերման հետևանքով ստանալ Արցախ մեկնելու համար պահանջվող փաստաթուղթը և մեկնել այնտեղ: Հետևանքները, կարծում ենք, բոլորը կարող են պատկերացնել:
livenews.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ

ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է ՍԴ-ի հարցը առանց հանրաքվեի լուծելու տարբերակները: Այս մասին …