Կիրակի , 9 Օգոստոսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Հակասահամանադրական է համարվում և բացառվում է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ հայտարարելու հնարավորությունը. Ռոբերտ Մարգարյան

Հակասահամանադրական է համարվում և բացառվում է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ հայտարարելու հնարավորությունը. Ռոբերտ Մարգարյան

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ

«Հրապարակ» թերթը տեղեկացրել է Արցախի հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուց Մասիս Մայիլյանի հնարավոր հրաժարականի մասին, անդրադառնալով Արցախում սահմանադրական ճգնաժամ ստեղծվելու վտանգին:
Ակնհայտ է, որ ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու համար Մասիս Մայիլյանը գրեթե շանս չունի: Նման պայմաններում ցանկացած խելացի քաղաքական գործիչ կանի այն, ինչին կարծես թե պատրաստվում է Մասիս Մայիլյանն, անտեղի աճուրդի չհանելով իր հեղինակության մնացորդը:
Իսկ ի՞նչ ճակատագիր կունենան Արցախի հանրապետության նախագահական ընտրությունները եթե Մասիս Մայիլյանը հրաժարվի մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:
Նկատի առնելով այն փաստը, որ ոչ Արցախի Հանրապետության Սահմանադրության եւ ոչ էլ Ընտրական օրենսգրքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուներից մեկի հրաժարման մասին նախատեսում չի կատարվել առաջին հայացքից դա կարող է սահմանադրական ճգնաժամի տպավորություն թողնել, սակայն հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածները հարցի լուծումը գրեթե հստակ է:
Տվյալ դեպքում հակասահամանադրական է համարվում եւ բացառվում է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ հայտարարելու հնարավորությունը:
ԱՀ Սահմանադրության ընդգծմամբ նախագահ ընտրվում է նա, ում առաջին փուլում կողմ է քվեարկել ընտրողների թվի կեսից ավելին եւ կամ երկրորդ փուլում շահել է առավել թվով ձայներ (ԱՀ սահմանադրության հոդված 89 եւ ԱՀ Ընտրական օրենսգիրք հոդված 93): Արայիկ Հարությունյանն առաջին փուլում չի շահել ընտրողների ձայների կեսից ավելին: Նաեւ երկրորդ փուլ չկայանալու պատճառով տրամաբանորեն չի շահել առավել թվով ձայներ:
Սահմանադրական ճգնաժամից խուսափելու իրավական ու տրամաբանական երկու լուծում գոյություն ունի:
ԱՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է. «Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ»: Հետեւաբար եթե առավելագույն ձայներ շահած երկրորդ թեկնածուն հանում է իր թեկնածությունը, տրամաբանորեն երրորդ տեղում հայտնված թեկնածուն զբաղեցնում է նրա տեղը եւ սահմանադրության պահանջով դառնում է ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուն: Այլ Խոսքով երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանի հետ կարող է մրցել Մասիս Մայիլյանից հետո ամենաշատ ձայները շահած Վիտալի Բալասանյանը:
Հարցը կարող է ունենալ նաեւ մեկ այլ լուծում: ԱՀ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հանրապետության նախագահի ընտրությունը չկայացած է ճանաչվում, եթե «քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ»։ Հիմք ընդունելով հոդվածում գործող տրամաբանությունն ընտրությունները հայտարարվում են չկայացած եւ նշանակվում են նոր ընտրություններ, որն օրենքով կարող է կայանալ նոր ընտրություններ նշանակվելուց 40 օր անց, թեկնածուների նոր առաջադրմամբ (ԱՀ Ընտրական օրենսգիրք հոդված 99) :
Իհարկե այս միջոցին չի բացառվում մեկ այլ վտանգավոր սցենարի հնարավորությունը: Չեղարկել Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը եւ կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով արտակարգ դրություն հայտարարելով, Երեւանի կողմից ուղղակի կառավարում իրականացնել Արցախում, ինչը համարվելու է Արցախի սահմանադրության տապալում: Ի դեպ, այս մասին առաջինն ընտրությունների նախօրեին 1in.am-ի հետ զրույցում ակնարկ էր կատարել Արսեն Խառատյանը, իսկ Armdaily.am-ի հետ զրույցում դա կրկնել է նաեւ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արևմտյան բարեկեցիկ կյանքին սովոր երիտասարդները պատրա՞ստ են ամսական 500-1000 դոլարով հայրենիքում աշխատել. «Նոր հայրենադարձության» թաքուն վտանգները

Հեղափոխությունից հետո հայաստանյան նոր իշխանությունները կառավարման ոլորտում ձեռնամուխ եղան որոշ նորարարարությունների, որոնցից մեկն էլ, ինչպես …