Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / «Հանրային վերահսկողությո՞ւն», թե՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում

«Հանրային վերահսկողությո՞ւն», թե՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում

Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակում է համաճարակին հաղթահարելու նպատակով սահմանված կանոնների խախտմանը վերաբերող պատկերներ: Դրանք վարչապետի կողմից հայտարարված «Հանրային վերահսկողության» ֆլեշմոբի շրջանակներում արձանագրվում և վարչապետին են տրամադրվում քաղաքացիների միջոցով: Անկախ նրանից թե ինչ նպատակի է ծառայում իրականացվող պրոցեսը և որքան արդար ու կարևոր է հետապնդած նպատակը լուրջ կասկած կա այն մասին, որ դա խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Իհարկե հանրային վայրերում լուսանկարում կամ նկարահանում իրականացնելն օրենքով արգելված չէ, սակայն իրավիճակը փոխվում է եթե դա կատարվում է «հսկում» իրականացնելու նպատակով, որի հետ կապված օրենքները կարգավորում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու դրա հիման վրա ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը»:
Նույն ուղեցույցի համաձայն «Տեսահսկման համակարգը տարածքի, միջոցառման, գործունեության կամ անձի տեսա/ձայնահսկումն է էլեկտրոնային սարքավորման միջոցով»: Քաղաքացիների կողմից լուսանկարումը կամ պատկերահանումն իրականացվում է բջջային հեռախոսի միջոցով ինչը համարվում է է «էլեկտրոնային սարքավորում»: Միևնույն ժամանակ վարչապետի կողմից պրոցեսին տրվել է «վերահսկողության» ձևակերպումը: Հիմք ընդունելով ուղեցույցում տեղ գտած բացատրությունն ու նաև վարչապետի ձևակերպումն այն ինչը, որ իրականացվում է քաղաքացիների կողմից համարվում է «Տեսահսկում» և ենթակա է այդ կապակցությամբ օրենքին և ուղեցույցին:
Ըստ վերը հիշատակված օրենքի և համապատասխան ուղեցույցի արձանագրված պատկերը կարող է անձնական տվյալ համարվել եթե «հնարավոր է նույնականացնել տեսագրության մեջ երևացող անձի դեմքը (ուղղակի նույնականացում) կամ անհնար է նույնականացնել անձի դիմային առանձնահատկությունները, բայց տեսանկարահանված անձի ֆիզիկական կամ վարքագծային առանձնահատկություններն այլ տվյալի հետ համեմատելով՝ հնարավոր է նույնականացնել անձին (անուղղակի նույնականացում)»: Հետևելով վարչապետի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվող պատկերներին կարելի է հաստատել, որ դրանց խոշոր մասը տեղավորվում է հիշյալ բացատրության շրջանակներում և համարվում է անձնական տվյալ, ինչը նշանակում է դրանց մշակման ու հրապարակման կարգը նույնպես պիտի տեղավորվի հիշյալ օրենքի և ուղեցույցի շրջագծում:
Նույն օրենքը տեսահսկման իրականացումը թույլատրում է միայն այն դեպքում, երբ «այլ եղանակներով անհնար է հասնել հետապնդվող նպատակին կամ պահանջվում է անհամաչափ ջանքեր»։ Հարց է ծագում, թե արդյո՞ք կառավարությունը սպառել է ժողովրդին կարգի հրավիրելու իր բոլոր հնարավորությունները:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուրն ունի իր անձնական տվյալների մշակման մասին տեղեկություն ստանալու իրավունք: Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ անձն իրավունք ունի ստանալ տեղեկություն իրեն տեսահսկելու եղանակների, հիմքերի և նպատակների, տեսահսկվող տվյալների ցանկի և տեսագրությունը ձեռք բերելու աղբյուրների մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակը, որոնց կարող է փոխանցվել իր տեսագրությունը։ Նույն կապակցությամբ «Տեսահսկման ուղեցույց»-ում նույնպես «Բարեխղճության սկզբունք» գլխի տակ ընդգծված է «Տեսահսկում իրականացնող սուբյեկտը տեսանելի նախազգուշացման միջոցով պետք է տեսախցիկների նկարահանման դաշտ մտնող բոլոր անձանց տեղեկացնի տեսահսկման մասին»: Կասկածից վեր է, որ վերջին օրերին իրականացվող հասարակական վերահսկման դեպքում չեն հարգվել օրենքի պահանջները:
Միևնույն ժամանակ «Տեսահսկողը պարտավոր է տեսանկարները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար»: Օրենքի հիշյալ պահանջը նույնպես խախտվել է երբ դրանք սկսել են հրապարակվել վարչապետի ֆեյսբուքյան էջում, որին հետևում է 820 հազար մարդ և պատկերներից որոշներն ունենում են ավելի քան տասնյակ հազարավոր:
Վերջում հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ անտեսելով Արդարադատության նախարարության համապատասխան գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը բացատրելով անձնական տվյալը դա համարում է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Հետևաբար հրապարակված պատկերներն առանց որևէ առարկության համարվում են անձնական տվյալներ և պաշտպանված են օրենքով:

Ռոբերտ Մարգարյան

 
 
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մի դրդեք, որ բան ու գործս թողնեմ ու պաշտպանեմ իշխանավորների խախտված իրավունքները.Լևոն Բաղդասարյան

Մի դրդեք, որ բան ու գործս թողնեմ ու պաշտպանեմ իշխանավորների խախտված իրավունքները։ Իսկ եթե իրավական …