Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Սփյուռք / Լրանում է Տ․Հովնան արք․ Տերտերյանի քահանայական ձեռնադրության և օծման 40-ամյա հոբելյանը

Լրանում է Տ․Հովնան արք․ Տերտերյանի քահանայական ձեռնադրության և օծման 40-ամյա հոբելյանը

2020 թ․-ի հունիսի 8-ին լրանում է ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական ձեռնադրության և օծման 40-ամյակը։

Հայ հավատացյալի համար այն պարզ հոբելյան չէ, որովհետև Սրբազան հոր անունը Հայոց եկեղեցու պատմության լուսե երկնակամարում արձանագրված է «Ոսկե տառերով»՝ որպես բարձր առաքինության, հավատքի ու ազգասիրության մտատիպար ու հոգևոր կատարելությամբ օժտված անհատականություն։
Դժվար է գրել Սրբազան հոր մասին, որովհետև իր սպասավորության արդյունավետ ուղին հավատքի վկայություն է՝ շաղախված ազգասիրությամբ և Տիրոջ փառքին ծառայելու վեհ նվիրումով։
Հովնան սրբազանն այն եզակի հոգևորականներից է, որ իր քահանայական ու եպիսկոպոսական ձեռնադրություններն ստացել է Ամենյան հայոց կաթողիկոս, հոգելույս Տ․ Վազգեն Ա վեհափառից։ Իր աչքի առջև ունենալով իմաստուն Հայրապետի կերպարը՝ առաջին իսկ օրվանից եղել է «Քաջ հովիվ», որը մշտապես պատրաստ է եղել զոհաբերելու իր անձը «Վասն հաւատի» և «Վասն հայրենեաց» ։
«Կենաց Խոսքի» տարածմանը զուգահեռ՝ ծավալել է գրական գործունեություն՝ հարստացնելով եկեղեցական հոգեմտավոր անդաստանը։ Հարյուրից ավելի աստվածաբանական, պատմական, հուշագրական, կենսափիլիսոփայական, գրական, քարոզխոսական և այլ աշխատությունները երևան են հանում հեղինակի անհատնում սերը, մտավոր ներուժը ու անափ իմացությունը։ Հետաքրքրական է Սրբազան հոր բառերի ընտրությունը։ Այստեղ ճաշակով միահյուսվում են մեր ոսկեղենիկ մայրենիի երկու ճյուղերի գանձարանը՝ իր ողջ շքեղությամբ, որտեղ խոսուն են ոչ միայն բառերն ու նախադասությունները, այլև նրանց միջև ընկած դադարը։
Չկա ազգային եկեղեցական կյանքին առնչվող մի բնագավառ, ուր Հովնան սրբազանն իր մասնակցությունը բերած չլինի։ Անգնահատելի է նրա ներդրումը հայրենիքին՝ սկսած Ղարաբաղյան շարժման օրերից մինչև քառօրյա պատերազմ, Սպիտակի ահավոր երկրաշարժից մինչև Հայաստանի Հանրապետության անկախությունը։
Իր օրհնությամբ ու նախաձեռնությամբ հայրենիքում ու սփյուռքում վեր է խոյացել շուրջ 30 եկեղեցի։ Ամենևին էլ պատահական չէ, որ նա արժանացել է հայրենի և օտար կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ամենաբարձր պարգևների, պատվավոր կոչումների ու հայրապետական սրբատառ կոնդակների։ Սակայն Տ․ Հովնան արք․ Տերտերյանի իրական գնահատությունը այն խորը հարգանքն ու ակնածանքն է, որ վայելում է հավատավոր ժողովրդի, համայնքի և հատկապես հայ եկեղեցասեր պատանիների կողմից։ Լուսավորչապսակ Թադեական Աթոռին ծառայելու անվերապահ պատրաստակամությամբ, իր բացառիկ աշխատասիրության, ինչպես նաև երիտասարդական մշտամնա ավյունով ու խանդավառությամբ, Սրբազան հայրը բազմաթիվ հոգևորականների չափօրինակ է, նաև բազմատաղանդ կազմակերպիչ։ Կանադահայոց թեմում իր առաջնորդությունը եղել է վերելքի ու արդյունաշատ իրագործումների շրջան, իսկ ԱՄՆ Արևմտյան թեմում շարունակվում է Սրբազան հոր բազմաբեղուն ծառայությունը՝ Քրիստոսի պատգամին հավատարիմ․ «Այնպէս լուսաւորեսցէ լոյս Ձեր առաջի մարդկան, որպէսզի տեսցեն զգործս Ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զՀայրն Ձեր որ յերկինս է»։ (Մատթ. 5:16)
Հովհաննես սարկավագ Գումրույան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com