Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Վլադիմիր Գասպարյանի ազատության գինը. ո՞վ է փակում «բեհը»

Վլադիմիր Գասպարյանի ազատության գինը. ո՞վ է փակում «բեհը»

Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է մնում ՍԴ խնդրին, ՍԴ նախագահի ու դատավորների հետագա պաշտոնավարման հարցին, իսկ Ազգային ժողովն էլ փորձում է ինչ-որ կերպ լուծել հարցը՝ հարուցելով բազմաթիվ քննադատություններ ու ծնելով խորը տարակուսանք, պարզվում է՝ բավական հետաքրքիր պրոցեսներ են ընթանում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի շուրջ:

Ինչպես հայտնի է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել էին ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել էր շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Հայտնի է դարձել, որ վերոհիշյալ գումարի չափով պետությանը հասցված վնասի գրեթե կես՝ 58 մլն-ն, վերականգնվել է, իսկ վերականգնողն էլ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է` հայտնի Սաշիկը:
Գուցե լուրն առաջին հայացքից կարող է ուրախալի թվալ, քանի որ վերջիվերջո պետությանը հասցված խոշորամասշտաբ վնասի առնվազը կեսը վերականգնվել ու հետ է վերադարձվել պետությանը, սակայն տվյալ պարագայում կամա-ակամա առաջ է գալիս ոչ այնքան ուրախության կամ հրճվանքի զգացում, որքան առաջանում են հարցեր ու խորը մտավախություն:
Սաշիկ Սարգսյանը վճարել է Վլադիմիր Գասպարյանի ազատության ու պատասխանատվության չենթարկվելու գի՞նը, թե՞ Գասպարյանն ու մյուսներին արդարադատությունն, այնուամենայնիվ, չի շրջանցելու, ու անկախ այն բանից, թե ով կամ որքան է մուծվում, Վովան ստիպված է լինելու համտեսել բանտի բալանդը:
Ընդհանրապես պետք է արձանագրել, որ «հին Հայաստանի» ամենաօդիոզ դեմքի՝ Սաշիկ Սարգսյանի շուրջ «նոր Հայաստանում» ծավալվող կամ, ավելի ճիշտ, բացակայող պրոցեսները բավական հետաքրքրական են: Բոլորն են հիշում հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի՝ հենց հեղափոխական հարթակում հնչեցրած այն հայտարարությունը, որ Սարգսյանը պետությունից թալանած իր փողերը պահում է հայաստանյան բանկերում, և առնվազը տասնյակ միլիոնավոր դոլարներ պետությունը դեռևս պետք է հարկադրի Սարգսյանին՝ վերադարձնելու պետական բյուջե: Դրանից հետո Սարգսյանը, ժխտելով Փաշինյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքները, 30 մլն դոլարի կարգի գումար էր փոխանցել պետությանն՝ այն ձևակերպելով «բարեգործություն»: Դրանից հետո Սաշիկի թեման Հայաստանում փակվեց-մոռացվեց:
Հիմա է՞լ է կատարվում նույն բանը, արդյոք 58 մլն դրա՞մն է այն գինը, որը մուծելով՝ Ալեքսանդր Սարգսյանը գնում է Վլադիմիր Գասպարյանի ազատությունը: Թե՞ դա ընդամենը մուծված գումարի մի մասն է՝ պաշտոնականն, իսկ մնացածը՝ անհամեմատ ավելի մեծ գումար, մուծվել կամ մուծվելու է տակից՝ ազատելու Վովային ավելորդ գլխացավանքից:
Այս հարցերն ու դրանց պատասխաններն իրականում «նոր Հայաստանի» համար էքզիստենցիալ արժեք ունեն, քանի որ ուղղակիորեն շոշափում են արդարությանն, օրենքի գերակայությանն առնչվող հարցեր: Հեղափոխությունն ու դրա արժեքները վաճառվո՞ւմ են, թե՞ դրանք անձեռնմխելի են՝ անկախ այն բանից, թե ով կամ որքան է պատրաստ վճարել Վովայի համար:
Գործնականում մեկ անգամ չէ, որ հայ հանրությունը ցավալիորեն ականատես է դարձել անարդարության հաղթարշավին: Նախկին տասնամյակներին Հայաստանը կեղեքած, օրենքը ոտնատակ տված ու ժողովրդի հաշվին միլիոններ դիզած բազմաթիվ մականունավորներ են այսօր վայելում կյանքն ու դրանով ապացուցում, որ, ցավոք, արդարությունը այսօր էլ Հայաստանում խիստ հարաբերական հասկացություն է մնում, իսկ «փողն էլ մութ տեղը դեռ շարունակում է լույս տալ»՝ անկախ դրա ծագումից:
«Деньги не пахнут»…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ իրավունքով է երկրի թիվ մեկ «բառիգը» խոսում օրենքից ու իրավունքից

Մինչ Հայաստանի իրավապահ մարմինները ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում են …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով