Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Հասարակություն / Թիֆանիի ու Դենիսի հիշատակին

Թիֆանիի ու Դենիսի հիշատակին

Մայրն ու որդին՝ այստեղ՝ երկրի վրա, հայրն ու աղջիկն՝ այնտեղ՝ երկնքում, միմյանց հետ կլինեն հավերժական միության մեջ՝ յուրօրինակ կերպով կամրջելով Երկիրն ու Երկինքը

Ինչպես ուրախությունն ու խնդությունն, այնպես էլ սուգն ու ողբերգությունը ցավալիորեն հանդիսանում են մարդկային կյանքի անբաժան ուղեկիցները: Դրանք հաճախ քայլում են միմյանց ձեռք ձեռքի տված, իսկ կյանքի սարկազմն ու հակասականությունը կայանում է հենց նրանում, որ երբեք չես կարող կանխատեսել՝ մեկ օր կամ մեկ ժամ հետո խինդն ու ուրախությո՞ւնը կթակեն դուռդ, թե՞ ողբն ու տխրությունը:
Օգոստոսի 11-ին Լոս Անջելեսի հայ համայնքը դեպի հավիտենականություն ուղեկցեց Լուիզ Գիլ-Մարտիրոսյանի դստերն ու ամուսնուն՝ հուլիսի 25-ին ողբերգական ավտովթարի զոհ դարձած 14-ամյա Թիֆանիին ու Դենիսին, որոնց լուսե հիշատակը հավերժ վառ կմնա մեր բոլորի սրտերում:
Ցնցված էին բոլորը՝ ողջ համայնքն ու նույնիսկ ամերիկյան լրատվամիջոցները, որոնք լայնորեն լուսաբանեցին կատարվածը: Համապատասխան արարողակարգեր տեղի ունեցան թե՛ Օրեգոնում, որտեղ տեղի էր ունեցել ողբերգությունը, թե Կալիֆորնիայում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում, որից հետո աննախադեպ հարգանքով հողին հանձնվեցին մահացածների աճյունները:
Կատարվածը ողբերգություն է ոչ միայն Գիլի և Մարտիրոսյանների ընտանիքների համար, այլև նրանց բարի համբավն, ( ի դեպ, հայտնի է հատկապես հայաստանյան ու ամերիկահայ մշակութային շրջանակները ներկայացնող բազմաթիվ երևելիներին շաղկապող օղակի դեր էր խաղում հատկապես Լուիզ Գիլ-Մարտիրոսյանն, ով Ամերիկայում կարողանում էր դռներ բացել արվեստագետների առաջ), այլև համայնքի կյանքում:
Լուիզ Գիլ-Մարտիրոսյանն, ում լուսահոգի ծնողները համայնքում անվանի, բարեհամբավ մարդիկ էին (հորը՝ Վիկտոր Մարտիրոսյանին է պատկանել, մասնավորապես, Երաժշտաթատերական Միությունը), համայնքի կյանքում մշտապես իր կարևոր ներդրումն է բերել, աջակցել համայնքին հատկապես մշակութային ձեռնարկներում:
Զոհերի ոգեկոչման արարողությանն իրենց մասնակցությունն էին բերել հայ համայնքի բազմաթիվ ներկայցուցիչներ, նաև օտարազգիներ:
Լուիզ Գիլ-Մարտիրոսյանի ազգությամբ ամերիկացի ամուսնու ոստիկան կոլեգաները նույնպես ներկա էին գտնվել արարողությանը՝ ըստ արժանվույնս պատվելով Լոս Անջելեսի ոստիկանական համակարգում կարևոր պաշտոններ զբաղեցրած, արժանավոր սպայի հիշատակը:
Դենիս Գիլի կոլեգաները, ինչպես բոլորը, բացառիկ ջերմությամբ էին հիշում իրենց գործընկերոջը, իրենց խոսքում շնորհակալություն էին հայտնում հենց միայն այն բանի համար, որ հնարավորություն են ունեցել աշխատել նրա հետ, ճանաչել նրան ու այն գեղեցիկ ընտանիքը, որ ստեղծել էր Դենիսն իր հայուհի կնոջ հետ: Շեշտադրելով նրա բարձր մարդկային ու մասնագիտական հատկանիշները՝ Դենիսի գործընկերները շեշտում էին այն, որ իրենց վաղամեռիկ գործընկերը հստակորեն տարանջատում էր ընտանիքն աշխատանքից՝ առաջին հերթին նախապատվություն տալով ընտանիքին:
Արարողությունը, որի մաս էր կազմում նաև պաշտոնական հատվածը՝ ամերիկյան ոստիկանությանը բնորոշ արարողակարգով, կազմակերպվել էր բացառիկ բարձր մակարդակով:
Ներկա էին համայնքի Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդներ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն, Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաներ, Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոս, Արտակարգ և Լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, դատավորներ, նահանգային և տեղի բազմաթիվ քաղաքական և բարձրաստիճան ներկայացուցիչներ: Անգամ ներկա էին 14-ամյա Թիֆանիի դպրոցական ընկերները, նրանց ծնողներն, ուսուցչական ամբողջ կազմը, իսկ ովքեր ի վիճակի չէին եղել մասնակցել նույն օրը կայացած եկեղեցական ու հուղարկավորության արարողություններին, որ տեղի էին ունեցել աշխատանքային ժամերին, ուղիղ եթերով դրանց հետևելու, հեռավար իրենց մասնակցությունը բերելու հնարավորություն էին ստացել:
Հրաշք պետք է համարել այն, որ տղան՝ 11-ամյա Էթելը, ով նույնպես, փաստորեն, հոր ու քրոջ հետ միասին գտնվել էր նույն մեքենայում, կենդանի է մնացել՝ դառնալով յուրատեսակ սփոփանք դժբախտացած մոր համար, ում՝ բացառիկ կենսախինդ խառնվածքն ու բնավորությունը մեծ ողբերգության պատճառով այսօր խամրել է:
Ընտանիքի մոր համար դժբախտությունն իսկապես անսփոփելի է: Որքան էլ հնչեն մխիթարության խոսքեր, միևնույնն է հնարավոր չի լինելու սփոփել անասելի ցավը, և նույնիսկ ամենակուլ ժամանակն ի վիճակի չի լինելու սպիացնել արնահոսող վերքերը: Ու չնայած դրան՝ պետք է խոստովանել, որ Լուիզը, կարծես համակված մի գերբնական ուժով, գերմարդկային տոկունություն կարողացավ ցուցաբերել ու չկոտրվել, անամոքելի ցավը տարավ զուսպ՝ միայնակ մնալով որպես մխիթարություն դարձած յուր որդու հետ:
Մայրն ու որդին՝ այստեղ՝ երկրի վրա, հայրն ու աղջիկն՝ այնտեղ՝ երկնքում, միմյանց հետ կլինեն հավերժական միության մեջ՝ յուրօրինակ կերպով կամրջելով Երկիրն ու Երկինքը:
Սրտիս մորմոքն ու արցունքներս հազիվ զսպելով եմ գրում այս տողերը՝ մեծ ցավ ապրելով նաև այն բանի համար, որ ի վիճակի չեղա՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը, ինչի համար ներողություն եմ խնդրում: Երբեք չէի կարող մտքիս ծայրով անգամ անցկացնել, որ ստիպված եմ լինելու նման տողեր գրել մարդկանց մասին, որոնց տեսակով է համեմվում աշխարհը, համուհոտ ստանում: Այդպիսիք են՝ «Երկրի Աղն ու Աշխարհի Լույսը»….
Երեք տարի առաջ էր, երբ առաջին անգամ հանդիպեցի Թիֆանիին: Հրավիրված էի Լուիզ Գիլ-Մարտիրոսյանի ծննդյան խնջույքին: Թիֆանին հանկարծ եկավ, հրեշտակի պես գգվեց ինձ ու հենց այդպես էլ լուսանկարվեցինք: Չնայած տարիներ են անցել այդ օրվանից, սակայն այդ օրը հարազատ դարձած օջախում զգացած ջերմությունն ես այդպես էլ ոչ մի րոպե չեմ մոռացել: Ես միշտ Թիֆանիին կհիշեմ հենց այդ հրեշտակային կերպարով, և հուղարկավորության արարողությանը չմասնակցելուս պատճառը, թերևս, նաև այդ թանկ կերպարն իմ հիշողության մեջ հավերժ պահելն ու փայփայելն էր:
Լուիզ Գիլ-Մարտիրոսյանի երկնաբնակ ծնողներին այժմ միացել են ամուսինն ու դստրիկը: Նրանք, որպես պահապան հրեշտակներ, ուղեկցելու են Լուիզ Գիլ-Մարտիրոսյանին ու որդուն նրանց երկրային կյանքի ողջ ճանապարհին:
Որդին Աստծո նախախնամությամբ մորը թողնվեց որպես անմար սփոփանք, որ ուժի աղբյուր է դառնալու սգացող մոր համար՝ ապրելու, պայքարելու ու յուրատեսակ վկայություն դառնալու կյանքի շարունակականության հրաշքի:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՅՍՊԵՍ ԴԵՊԻ ՈՒ՞Ր ԵՎ ԻՆՉՈՒ՞

Որոշ վայ «փորձագետներ» և «լեզվաբան-գրականագետներ», որ բուհ-ը փանջունիաբար են ավարտել, որ չգիտես գիտամանկավարժական ո՞ր նվաճումների …