Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2020

Խուճապ տարածելու կամ անհիմն ենթադրություններ կատարելու նպատակ չունեմ

Ռուսամոլ չեմ եղել ու չեմ: Դեռ ավելին։ Էջս փորփրելով կարելի է գտնել հատկապես Արցախի հարցով, ոչ հեռու անցյալում, Ռուսաստանին քննադատող հոդվածների: Բայց այսօր իրավիճակը փոխվել է: Պատերազմ ենք մղում ու իրատես լինելով, այս պատերազմում մեր ձեռքի երկաթե շերեփը Ռուսաստանի կողմից մեզ տրամադրված ու տրամադրվող զենքն է, որի խոշոր մասն ի դեպ, աջակցության տեսքով ու անվճար: Ու եթե կա մի երկիր որ այս պահին կարող է անհապաղ հակազդել թրքական գործոնին ու բանակցության սեղանին վերադարձնել թշնամուն դա Ռուսաստանն է:

Հայաստանի քաղաքական մի տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությունն ու ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբ ստեղծելու կոչը տարբեր արձագանքներ ունեցավ: Ինչպես ասված է հայտարարության մեջ դրա հիմքում ընկած է դիվանագիտական ճակատում բեկում մտցնելու և համազգային ներուժը զորաշարժի ենթարկելու անհրաժեշտությունը: Բայց մեկ այլ հայացքից ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբի ստեղծումը կարելի է դիտել վերջին երկուս ու կես տարվա ընթացքում մեր հանդեպ ռազմավարական գործընկերոջ խաթարված վստահությունը վերականգնելու շրջագծում: Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Արցախում ռուսական ՀՕՊ է տեղակայվել, որի արդյունքում հզորացվելու է Արցախի ու Հայաստանի երկնքի անվտանգությունը: Թե ո՞ւմ ջանքերով ու միջնորդությամբ է դա կատարվել այս պահին էական չէ: Կարո՞ղ է արդյոք կոչին նախորդած սպառազինության առաքումն ու դրան հաջորդած նույնիսկ կիսատ զինադադարը վստահության վերականգնման դիմաց մեզ կատարված կանխավճար համարվել: Չի բացառվում:
Հեղափոխությունից հետո հիմա էլ ռազմահայրենասիրական էյֆորիայի տակ հայտնված, պատերազմի դաշտը ֆուտբոլի դաշտի հետ շփոթած հասարակությանը այդ հարցում համոզելը հեշտ չէ, բայց ՀՀ վարչապետը կարծես թե դա լավ է հասկացել: Ու հենց այդ պատճառով էլ շտապ ԱՄՆ է գործուղում ԱԳ նախարարին: Բայց թե դրանից ինչ արդյունք է ստացվելու դժվար չէ գուշակել: Պատմության ամենասկանդալային ընտրությունների սեմին գտնվող երկրից, որի հետ ի դեպ, վերջին երկուս ու կես տարիների ընթացքում բարձր մակարդակի զրո շփում է տեղի ունեցել, առավելագույնը կարելի է կողմերին զսպվածության, բանակցության սեղանին վերադառնալու և ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ անող լղոզված ու բազմիցս կրկնված մի հայտարարություն սպասել: Եվրոպայից նույնպես մեծ ակնկալիք չի կարելի ունենալ: Փաստը վերջին 20 օրերում վերցված քայլերը:
Խուճապ տարածելու կամ անհիմն ենթադրություններ կատարելու նպատակ չունեմ: ՀՀ և ԱՀ պաշտոնական հայտարարություններն իրար կողքի դնելով ու քարտեզին նայելով կարելի է նկատել, որ ամեն օր ի վնաս մեզ տարածքային կորուստներ են լինում: Շփման գիծն ամեն օր նահանջում է ի վնաս մեզ: Դրան գումարեք մարդկային անդառնալի կորուստը: Ոչ մի պատերազմ հավերժական չի լինում: Ի վերջո նստելու ենք բանակցության սեղանին ու այդ պահին նոր սահմանը լինելու է այնտեղ, որտեղ կանգնած ենք եղել հրադադարի հաստատման պահին: Արցախը միջազգային ճանաչված սահմաններ չունի: Աշխարհի ամենահզոր դիվանագիտությունը նույնիսկ չի կարող հրադադարից հետո մեզ վերադարձնել կորցրածը և վերականգնել մինչև սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցող սահմաններն ու շփման գծերը:
Հիմա մեզ է մնում որոշումը: Ջայլամի նման աչք փակել դառն իրողությունների վրա ու համակերպվել մեզ մաշողական պատերազմի մեջ ներքաշելու և կիլոմետր առ կիլոմետր առաջ անցնելու թուրք-ադրբեջանական թշնամու մարտավարությանը, թե ինչպես ասված է հայտարարության մեջ դիվանագիտական ճակատում բեկում մտցնելով ու համազգային ներուժը համախմբելով, և իհարկե ռազմավարական գործընկերոջ աջակցությունն ստանալով, քանի դեռ շատ ուշ չէ, հնարավորինս հետ վերադարձնել կորցրածը:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Զրպարտություն համար՝ քաղաքացիական հայց

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հայտարարություն են տարածել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով