Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2020

Պատվերով վարկաբեկում սոցիալական ցանցերում. ովքե՞ր են արատավորում հայի անունը

Արդեն 27 օր է՝ Հայաստանը հայտնվել է թեժ պատերազմական իրավիճակում, ինչը լրջագույն անհանգստություններ է առաջ բերել ոչ միայն Հայաստանում բնակվողների, այլև համայն Սփյուռքի շրջանում:
Պատերազմն ի ցույց դրեց «սևերի ու սպիտակների» կեղծ դոկտրինի ողջ աբսուրդայնությունը, և այլևս բոլորի համար պարզ է, որ առանց համախմբման ու կուռ միասնականության անհնար է լինելու մեզ բաժին հասած այս պատմական փորձությունը պատվով հաղթահարելը: Ահա սա է նաև պատճառը, որ պատերազմի սկսվելուն պես Հայաստանն ու Սփյուռքը միավորվեցին, և, մասնավորապես, նույն Սփյուռքը սկսեց ակտիվ դրամահավաք՝ դույզն ինչ թեթևացնելու Հայաստանի և Արցախի ուսերին ընկած բեռն ու դժվարությունները: Անմիջապես հայտարարվեց, որ Արցախին օգնելու նպատակով փող փոխանցել ցանկացողները պետք է դա անեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով՝ խուսափելու համար խաբեբաների ծուղակն ընկնելուց, գումարների փոշիացումից:
Ցավալի է, սակայն, որ ոմանք, այնուամենայնիվ, այդպես էլ չեն կարողանում գիտակցել ակնհայտ դարձած իրողության անքննարկելիությունը՝ այդպես էլ վերջ չդնելով կեղտոտ խաղերին ու հին, բայց ոչ բարի ավանդույթներին. նույնիսկ հիմա ոմանք զբաղված են անմեղ մարդկանց փնովելով ու փաստացի չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելով:

Հատկապես 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Լոս Անջելեսում ի հայտ եկան մարդիկ, ովքեր սկսեցին գումարներ հավաքել՝ չնայած այն հանգամանքին, որ սեփական կյանքում երբևիցե լուրջ գումարների հետ գործ չէին ունեցել: Ավելին՝ այլոց փողերով ճարպկեցին ձեռք բերել «բարերարի» համբավ՝ իրականում, սակայն, փաստացի փոշիացնելով խոշոր միջոցներ, դրանք գրպանելով և յուրացնելով:
Քանի որ Հայաստանոմ հաստատված է ռազմական դրություն, ինչն ենթադրում է բացարձակ միասնականություն ու քննադատության նվազագույն մակարդակ, այժմ ձեռնպահ կմնանք խայտառակ դրսևորումներին ու բացթողումներին անդրադառնալուց, երբ ոմանք, օգտվելով Արցախում տիրող պատերազմական իրավիճակից, Լոս Անջելեսում սկսեցին «պղտոր ջրում ձուկ որսալ», խոշոր գումարներ հավաքելով:
Խոստանում ենք, պատերազմի ավարտից հետո դեռ առիթ կունենանք խոսել զանազան հարցերի ու բացթողումների շուրջ, «ջրի երես դուրս բերել» այն դատապարտելի դրսևորումները, որ տեղ են գտել այս շրջանում, բայց հիմա իրավիճակն այլ է, և անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խնդրի շուրջ խոսելուց կփորձենք ժամանակավոր ձեռնպահ մնալ:
Միևնույն ժամանակ մեր ուշադրությունը չի վրիպել մի բավական ցավալի իրողությունից. այս օրերին սոցիալական ցանցերում սկսվել է հակաքարոզչություն Լոս Անջելեսում բնակվող Սարգիս Միլիտոնյանի դեմ, իբր Արցախին օգնելու համար լոսանջելեսահայերից խոշոր գումար է հավաքել, ու ստացված միջոցները յուրացրել է՝ փոշիացնելով սփյուռքահայերի միջոցները, որ պետք է ուղղվեին պատերազմող Արցախին որպես օգնություն:
Ինչպես նշեցինք, Սարգիս Միլիտոնյանը բնակվում է Լոս Անջելեսում, ուստի՝ USArmenianews.com-ն իր աղբյուրների միջոցով կապ է հաստատել Սարգիս Միլիտոնյանի հետ՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն բոլոր «պնդումներն ու մեղադրանքները», որ նրա անձի դեմ արշավ իրականացնողները շարունակաբար պնդում ու բարձրաձայնում են:
Մեզ հետ մասնավոր զրույցում Միլիտոնյանը նշեց, որ ինքն հանգանակություն երբեք չի կազմակերպել, որևէ մեկից գումար չի վերցրել՝ չնայած ոմանց այն պնդումներին, թե իբր իրեն 10-20.000 դոլարի կարգի գումարներ են տվել և այլն: Նա ասաց,որ իրականում ինքն իր բարեկամների և ընկերների հետ միասին փորձել է ինչ-որ բանով օգտակար լինել հայրենիքին, օգնել, ինչի նպատակով ԱՄՆ-ից հինգ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է տրամադրվել Հայաստանին, ինչի մասին, ի դեպ, տեղեկացվել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսինքն՝ օգնությունը տրվել է Միլիտոնյանի ու նրա մտերիմների, ընկերների նյութական միջոցների հաշվին, իսկ այլոց կողմից նրան արված հանգանակության մասին տվյալ պարագայում խոսք անգամ լինել չի կարող:
Զրույցում, Սարգիս Միլիտոնյանը նշեց նաև, որ իր անձի դեմ արհեստականորեն սկիզբ առած արշավի մասին տեղեկացվել է նաև Լոս Անջելեսի ոստիկանությունը: Սոցիալական ցանցում իր անձի դեմ հնչող անիրական, շիծու, ծանր մեղադրանքների փաստի առթիվ ամերիկյան իրավապահները հետքաննություն կանցկացնեն:
Այսպիսով՝ լոսանջելեսյան ոստիկանությունը կսկսի քննել ու բացահայտել տեղի ունեցած զրպարտիչ հայտարարությունների կազմակերպիչների, նրանց պատվիրատուների մութ կողմերը՝ պարզելու, թե այդ ինչ մութ ուժեր են, որոնք նպատակամիտված կերպով թիրախավորել են անմեղ մարդուն՝ հաշվի չառնելով ոչինչ, չցանկանալով գոնե պատերազմական այս իրավիճակում խառնակչությամբ չզբաղվել, դրսևորել միասնականություն:
Ակնհայտորեն տեղի է ունենում կեղտոտ արշավ ընդդեմ Սարգիս Միլիտոնյանի, որ հակառակ է բոլոր գրված ու չգրված օրենքներին:
Նշենք նաև, մենք փորձեցինք նաև կապ հաստատել, մասնավորապես, Ս. Միլիտոնյանի դեմ ֆեյսբուքյան արշավի ակտիվ տարածող մասնակիցներից՝ Գագիկ Ավագյանի հետ (ով ի դեպ պատրաստել էր զրպարտիչ ու կեղտոտ գրառումով նկար, մասնավորապես, Միլիտոնյանին մեղադրել էր 300 հազար գրպանելու մեջ)՝ հասկանալու, թե արդյոք նա ունի՞ փաստական ապացույցներ,որոնց հիմքով մեղադրանքներ է հնչեցնում Սարգիս Միլիտոնյանի հասցեին: Ցավոք, դեռևս նրանից որևիցե արձագանք չենք ստացել:
Հ.Գ. Այն մարդկանց, ովքեր մեղադրում են Սարգիս Միլիտոնյանին գումարներ գրպանելու մեջ, USArmenianews.com-ը պատրաստ է տրամադրել հարթակ՝ փաստական ապացույցներ ներկայացնելու, եթե այդպիսիք առկա են: Հակառակ պարագայում այս ամենը վերածվում է սովորական ապատեղեկատվության ու թշնամության՝ մեկ անձի դեմ, ու կրկին անգամ ապացուցվում է այն թեզը, որ այսօր սոցիալական ցանցերն իսկական պատուհաս են դարձել մարդկանց գլխին՝ վերածվելով վնասաբեր գործիքի, երբ մարդկանց հասցեին կեղծ ինֆորմացիա է տարածվում, անմեղ մարդիկ «ֆեյքերի» ճարակ են դառնում:
Այս ամենը խիստ անցանկալի է՝ նաև հաշվի առնելով թշնամիների՝ այս օրերին մեր նկատմամբ դրսվորած հետաքրքրասիրության հանգամանքը: Ադրբեջանի հատուկ ծառայություններն, անկասկած, իրենց խոշորացույցի տակ են պահում այս օրերին կատարվող բոլոր շարժերն ու գործողությունները՝ հույսով դրանք հարմար պահի բանեցնելու մեր իսկ դեմ, իսկ նման ապատեղեկավություն տարածողները, ազգի թշնամիներ են:
Պետք չէ թշնամու «ջրաղացին ջուր լցնել»՝ սոցիալական ցանցերում թիրախավորելով հայորդիների, մարդկանց, ովքեր բացի լավությունից, ոչ մի այլ բան չեն արել ու չեն կամենում: Դա, մեղմ ասած, հայերիս պատիվ չի բերում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Երբեմն հարցնում են, թե ինչու եմ առայսօր մնացել Արցախում…

Նոյեմբերի 4։ Իմ օրվա գրառումները ժամ ու ժամանակ չունեն, երբ հարմար պահից օգտվելով` շարում եմ …