Կիրակի , 24 Հունվարի 2021

Երկինքը պատռվում է, կանգնում ենք ապրելու և չապրելու ակնթարթների միջև

Նոյեմբերի 1։

Առավոտյան երկնքի կապույտը, արևի շողերը խաղաղ օր ավետեցին մեզ։ Ու թվաց` ամեն ինչ վերջացել է, եղածն էլ չար երազ էր…Անգամ ցանկացել էինք այսօր գնալ եկեղեցի, բայց ռումբերի տարափը, հաջորդող օդային տագնապը մեզ կանգնեցրին նորից դաժան իրականության առջև։
Անհնար է նկարագրել այն պահը, որ ցնցում է կոչվում, կարծես երկինքը պատռվում է, կանգնում ենք ապրելու և չապրելու ակնթարթների միջև, ու կյանքը քաղցրանում է նույնքան, որքան այս հողը, որ արնոտում է ամեն հարվածից…
…Աստծո խոսքը կիրակնօրյա օրով մեզ հասանելի դարձավ, որ լսեցինք համակ ուշադրությամբ։ Այդ մեկժամյա խոսքը` աղոթքով ամփոփված, ամեն ինչ էր, զգացի, որ արդեն չի կարևորվում եկեղեցի գնալը, երբ Աստծոն ուղղված մեր աղոթքները, որտեղ էլ լինեն, մեր հոգուց պետք է բխեն` մենության մեջ թե համատեղ հնչեցնելով։
…Հայացքիս առջև աշխարհի քարտեզն է` կապույտով տեսանելի մի գողտրիկ Արցախ, որ ապրելու, հարատևելու իր կամքով, անուրանալի քաջությամբ է ապտակ հասցնում գերտերությունների` աշխարհը փոխելու նկրտումներին, որ սկսվել է մեր փոքրիկ դրախտավայրից, որն արդեն 36 օր է, ինչ արյան ծարավ մոլագարների արգելված ու չարգելված բոլոր տեսակների զինատեսակներին է բախվում։
Աշխարհին մնում է ասել` գլուխ խոնարհի՛ր հայոց արծիվների առջև, հայի ամրակուռ կամքի առջև, որ իր խիզախությամբ ու անձնվիրությամբ փրկում է և՛ իր հայրենիքը, և՛ ձեր ամոթալի դեմքը վայրագ ցեղերի ոճրագործություններից։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com