Երբեմն հարցնում են, թե ինչու եմ առայսօր մնացել Արցախում…

Նոյեմբերի 4։

Իմ օրվա գրառումները ժամ ու ժամանակ չունեն, երբ հարմար պահից օգտվելով` շարում եմ մի քանի տողեր. դա լինի կեսգիշերին թե օրը ցերեկով։
Ժամեր առաջ կարդացել էի, որ Արցախի վարչապետի հրամանով պաշտոնազուրկ են եղել մարդիկ, ովքեր մեր երկրի օրհասական օրերին լքել են իրենց աշխատանքը, ուրիշ տեղ գտել տաք անկյուններ։ Ես չեմ զարմանում, չէ՞ որ մեր նախորդ, առավելապես Արցախյան պատերազմից հետո, երբ մարտական ճանապարհ անցած ազատամարտիկին հարցնում էի որպիսություն, լսում էի տարբեր դժգոհություններ, որ աշխատանք չունի կամ ինչու ամուսնանա, երբ բնակվելու տեղ չկա, անգամ պատերազմի հաշմանդամն էր բողոքում, որ հնարավորություն չունի բուժվելու…
Ինչու՞ հայրենիքի ազնիվ նվիրյալները հայտնվեցին նման իրավիճակում…
Որովհետև որոշ պաշտոնավորներ դարձան մորթապաշտներ, նրանք դարձան առանձնատների տերեր, երկիրն ուտող խաբեբաներ, ովքեր արտաքուստ արդարության ու հայրենասիրության մասին էին բարբառում` այդ նույն հայրենիքը ներսից քանդելով…
Այդ նրանք էին թանկարժեք հանգստյան վայրեր մեկնում, արտասահմաններում բուժվում` մարտադաշտում հաշմանդամ դարձած ազատամարտիկի հայացքի առջև…
Նման պաշտոնավորների հետ շատերս ենք առնչվել տարիներ շարունակ, նրանցից ոմանք մեզ դարձրել են ըմբոստ, համառ, բայց իրենք թուլացել են` կառչած լինելով իրենց անփառունակ աթոռներից։
Ու այս օրերին չզարմանանք, որ մեր կողքին ունեցել ենք պաշտոնավոր թե առանց պաշտոնի տղամարդիկ, ովքեր հասկանալի է, որ իրենց անհայրենիք ապրած կյանքով պետք է հեռանային հայրենիքից։
..Ինչ լավ է, որ ժամեր առաջվա հրթիռակոծությունից հետո գոնե այս կեսգիշերին խաղաղ է շուրջս, բայց ափսոս, որ չվայելեցի հոգու անդորրություն, երբ մտքերով ընդվզում էի նրանց հետ, ովքեր այս կյանքում չեն զգացել հայրենիքի համը, չեն հայտնվել ապրելու և չապրելու ակնթարթների միջև, չեն խլացել սարսափազդու ռումբերի պայթյուններից…
Երբեմն հարցնում են, թե ինչու եմ առայսօր մնացել Արցախում։ Գուցե նաև նրա համար, որ մի օր ըմբոստ ու ոչնչացնող հայացքով նայեմ նման տղամարդկանց աչքերին…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք». Փաշինյանը՝ գերիների և անհետ կորածների հարազատներին

Այսօր՝ ապրիլի 12-ին, գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ …