Շաբաթ , 16 Հունվարի 2021

Տանտերը, գուցե և տանտիրուհին, ով Արցախից դուրս է ապրում, այս օրերին զինվորից իր տան վարձն է պահանջել

Նոյեմբերի 5։
Ի մի եմ բերում այս օրերի ամենասարսափելի ավերածությունները մեր հոգում, երբ այն երևում է մեր գունաթափ դեմքերին, մեր սրտի տրոփյուններում, մեր խոսելու անկարողությամբ…Ու մտասևեռվում եմ ժամեր առաջվա մեզ այնքան մոտ հրթիռակոծությունից աշխարհի վերջը թվացող ավերածությանը։
Աստծո կամքով, Աստծո սիրով, Աստծո հավատով մենք փրկվեցինք…Եվ որքան այն մոտիկ էր մեզանից…
Հանգած լույսեր, անհանգիստ ապրումներ, բայց մեծ հավատ, որ ապրելու ենք, ու մեր կողքին հնչող հավիտենական կյանքի այն մաքրամաքուր մեղեդին…
…Կեսգիշերվա այս պահին համեմատաբար հանգիստ է, բայց չեմ համարձակվում աչք փակել։ Մտածումներով հերթափոխի եկած զինվորականի հետ եմ, ով ուսուցիչ է` իր մասնագիտության գիտակը։ Նա ինձ հիացրեց հայոց պատմության խոր իմացությամբ։ Խաղաղ օրերին քաղաքից գյուղ էր գնում` այնտեղ դասավանդելու։ Նա գրիչը փոխարինել է զենքով, բայց մտահոգիչ է խոսքը, որ վարձով ապրող ընտանիքը տարհանել է, իսկ տանտերը, գուցե և տանտիրուհին, ով Արցախից դուրս է ապրում, այս օրերին իր տան վարձն է պահանջել։ Իմացա նաև, որ դպրոցի մեկ դրույքից պակաս դասաժամերից ստացած գումարի և տան վարձի տարբերությունը շատ քիչ է։
Մեր զրույցից օրեր անց նա վիրավորվեց, նորից տեսա նրան։ Այս անգամ նա պատմում էր մարտական գործողություններից, թե ինչպես է վիրավորվել, բայց աչքիս երևում էր անհոգի տանտերը, ում պետք է վերադարձվեր տան վարձը վիրավոր զինվորականի կողմից, ով հայրենիքը սրտում նաև նրա վարձով տրված տունն էր պաշտպանում։
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աստծո ստեղծած Երկրում ապրենք, Աստծո գլխավոր կանոնով՝ Սիրով

Ընդունված է կարծել, որ չկա չար, ընդամենը այն բարու բացակայությունն է։ Չկա մութ, այն լույսի …