Մենք որքան անբաժանելի ենք միմյանց հանդեպ ունեցած սիրով, նույնքան սիրով էլ անբաժան ենք Արցախից


Շնորհավոր ծնունդդ, իմ քա՛ղցր, իմ կյա՛նք, իմ Նարե՛կ։
Այսօր ես չեմ գրի պատերազմական մեր ամենօրյա ապրումների մասին, երբ նոյեմբերի 7_ի տարեդարձիդ օրը ինձ համար տոն է։ Ես ուզում եմ Արցախում կանգնեցնել մեր գլխին թափվող բոլոր արկերը, որ այսօր քեզ հետ ուրախանամ։ 12 տարվա ընթացքում առաջին անգամ մենք միասին չենք։ Գիտեմ` սրտիդ խորքում վիրավորված ես ինձանից, որ այստեղ եմ` թիկունքում, բայց իմացի՛ր, մենք որքան անբաժանելի ենք միմյանց հանդեպ ունեցած սիրով, նույնքան սիրով էլ անբաժան ենք Արցախից։ Երբ հեռվից ասում ես, որ միլիվայրկյաններով ես մտածում տուն վերադառնալու մասին, սիրտս ցնծում է, երբ ասում ես, որ միայն քո դպրոցն ես ուզում հաճախել, քեզ հասկանում եմ, երբ ասում ես, որ պատրաստ ես ապրել ավերված բնակարանի մի անկյունում` միայն մեր տանը, ես դրանով չափում եմ քո կարոտը հարազատ օջախի նկատմամբ, որ սեր է կոչվում հայրենիքի հանդեպ։
Իմ Նարե՛կ, իմ աշխա՛րհ, ապրիլով անցած իմ միա՛կ թոռնիկ, ես ուրախ եմ, որ այս անգամ դու պատերազմական Արցախում չես, գոնե այս անգամ փրկվեց քո մանկության մի հատվածը, չնայած անպակաս չմնացիր պատերազմի առաջին օրերի սարսափներից։ Ես գիտեմ, որ դու սիրում ես Մարտակերտը, հիշի՛ր խոսքդ նախորդ օրերի, որ անհայրենիք մարդկանց չես տանում, հիշիր, թե երբ էր, որ մի քանի օրվա բացակայությունից հետո, երբ վերադարձար, ինչպես էիր համբուրում տան պատերը…
Ես ուրախ եմ, որ մայրդ ինձանից հայրենասեր գտնվեց, երբ դեռ ծնված չէիր, դու նույնպես ժառանգեցիր այդ սերը` անցնելով երկու պատերազմ։ Ես գրկում եմ քեզ շատ ամուր, ծնողներիդ, մեր բոլորիս սերը քեզ վահան, երբ այսօր կերտվում է մի պատմություն, որտեղ ապագա զինվորը դու ես լինելու և քո հասակակիցները, բայց խաղաղ երկնքի տակ, գալիք լուսավոր օրերով։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Լավ, երկրի առաջին դեմքը ո՞նց կարա սենց սուտ ասի, մենք էլ հո ստեղ ենք, չենք մեռել».«Հրապարակ»

«Հրապարակ».Երեկ ԱԺ-ում մեր սիրելի վարչապետի ելույթը լսելուց հետո, առաջնագծում կռված հրամանատարներից մեկը զանգեց, թե բա՝ …