Շաբաթ , 23 Հունվարի 2021

Տարակուսելի հայտարարություններ՝ Ալեն Սիմոնյանից. հողերը տալո՞ւ են

Պատերազմին զուգահեռ, ինչպես հայտնի է, Հայաստանի պաշտոնատար դեմքերը, շարունակում են պարբերաբար հարցազրույցներ տալ միջազգային մամուլին՝ թե՛ արևմտյան, թե՛ ռուսական ու թե՛ ասիական: Խնդիրը, որ նման կերպ փորձում են լուծել մերոնք, պարզ է. ջանում ենք աշխարհին հասցնել ճշմարտությունը հակամարտության մասին, հակազդել ադրբեջանական հակաքարոզչությանն, թույլ չտալ իրականության խեղաթյուրում:

Ալեն Սիմոնյանն է «ՏԱՍՍ»-ին հարցազրույց տվել՝ անելով բավական ոչ միանշանակ հայտարարութուններ:
Մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահը հայտարարել է, թե իբր Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ հավելելով. «Ղարաբաղի հարցը վաղուց արդեն տարածքային վեճ չէ նախկին խորհրդային երկու երկրների միջև, այն միջազգային հարց է, որն առնչվում է նաև Մոսկվայի շահերին տարածաշրջանում և աշխարհում»:
Սիմոնյանն, ով հայտարարել է նաև այն մասին, որ մենք գերեվարված զինյալներ ունենք Լիբիայից, Սիրիայից, որոնք ամեն բան պատմում են, և Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն տալ՝ այդ ահաբեկիչների հետ շփվելու, իսկ ինքն էլ, որպես իշխանության ներկայացուցիչ, անձամբ կստանձնի նման հանդիպում կազմակերպելու հանձնառությունը, փաստորեն, զուգահեռաբար հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջման՝ գրեթե բառացիորեն կրկնելով այն նույն նախադասությունը, որն, ինչպես հիշում ենք, Նիկոլ Փաշինյանն էր իր աղմկահարույց ելույթում արտաբերել, իսկ հաջորդ օրն էլ շնորհակալական ուղերձով էր հանդես եկել՝ ժողովրդին երախտագիտություն հայտնելով զիջման (փոխզիջումը ևս զիջում է) գաղափարն արմատապես մերժելու համար:
Ալեն Սիմոնյանը չի՞ տեսել Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված ելույթը, թե՞ չի ընկալել դրա բովանդակությունը: Իսկ միգուցե իրականում զիջման գաղափարն ամենևին էլ հօդս չի՞ ցնդել կառավարութան շենքից, որի մասին խոսել, սակայն, համարձակվում են միայն «երկրորդական նշանակության» բարձրաստիճանները:
Ի՞նչ փոխզիջման մասին կարելի է խոսել հազարավոր զոհերից ու վիրավորներից հետո, ի՞նչն են զիջելու, յոթ շրջաննե՞րը, թե՞ ասենք առայժմ միայն հինգը՝ իբր բացառելու կապիուլացումը: Ո՞րն է Ալեն Սիմոնյանի փոխզիջման բանաձևն ու սահմանը:
Մյուս կողմից՝ բացառված չէ, որ Սիմոնյանը փոխզիջման մասին խոսում է ի լուր միջազգային հանրությանն միայն, որ չստացվի, թե Հայաստանն ագրեսոր է, դեմ է բանակցություններին, իսկ ա՛յ Ալիևը՝ «խաղաղության աղավնի»: Գուցե փոխզիջման մասին խոսելով՝ Սիմոնյանը փորձում է բարենպաստ ֆոն ապահովել Հայաստանի համար՝ այս կերպ օգնելով ասենք Զոհրաբ Մնացականյանին:
Բացի այս ամենը՝ Սիմոնյանի արած մեկ այլ հայտարարություն ևս բավական խոցելի է թվում:
Խոսքը, մասնավորաբար, այն հայտարարության մասին, թե Ղարաբաղի հարցը վաղուց արդեն տարածքային վեճ չէ նախկին խորհրդային երկու երկրների միջև. այն միջազգային հարց է, որն առնչվում է նաև Մոսկվայի շահերին տարածաշրջանում և աշխարհում:
Կներե՛ք, իսկ Արցախի հարցն երբևիցե եղե՞լ է տարածքային վեճ:
Սա պայքար է ոչ թե տարածքի համար, այլ կենացմահու կռիվ է արցախցու՝ սեփական բնօրրանում գոյատևելու համար: Իսկ այն թեզը, որ արցախյան հակամարտությունն իբր տարածքային վեճ է, ինչպես հայտնի է, համառորեն գովազդվում է ադրբեջանական դիվանագիտության կողմից. իբր հայերն աչք են տնկել ադրբեջանական հող հանդիսացող Ղարաբաղի վրա, գրավել այն՝ խախտելով միջազգային իրավունքն ու ագրեսիայի ենթարկելով զոհ հանդիսացող Բաքվին, որի ուզածն աշխարհից ու հայերից մեկն է՝ սեփական տարածքային ամբողջականության վերականգնումը:
Ասել կուզի՝ Սիմոնյանը փաստացի ջուր է լցրել ադրբեջանական դիվանագիտութան ջրաղացին՝ ղարաբաղյան խնդիրը ներկայացնելով որպես տարածքային վեճ, որը սպառնում է նաև երրորդ երկրներին:
Ինչի՞ արդյունք է սա, չիմացությա՞ն, խոսելուց առաջ չմտածելո՞ւ, թե՞…
Խոսել կարելի է բոլորին, բայց պատերազմական իրավիճակում հարցազրույցներ պետք է տան նրանք, ովքեր տիրապետում են խնդրո առարկային: Անել հայտարարություններ, որոնք հետո թշնամին կարող է մեր դեմ բանեցնել (դրա դառը փորձն արդեն ունենք), կամ որոնք կարող են առնվազը տարակուսանք առաջացնել, մեղմ ասած, անթույլատրելի է:
Պատերազմը թելադրում է իր կանոնները, իսկ այդ կանոնները բնավ չեն սահմանափակվում ասենք մամուլի ազատությունը ճնշելու մասին դրույթներով:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին https://ift.tt/2XZSnxU Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի …