Ինչու՞ էին մեզ կերակրում «հաղթելու ենք» սին կոչերով, արհեստական ժպիտներով…

Նոյեմբերի 13։

Որպես ականատես, որ 42 օր հրետակոծության տակ եմ եղել Ստեփանակերտում, ինձ իրավունք եմ վերապահում մի փոքր վերլուծություն կատարելու…
Այս օրերին պետական այրերի կողմից փակագծեր են բացվում պատերազմական օրերին մարտադաշտի ծանր վիճակի մասին, որ ուղեկցվել են նաև դասալքությամբ, ծանր հիվանդություններով, կամավորների մարտադաշտ մեկնելու չկամությամբ և այլ պատճառներով։
Ինքս, շատերի հետ ապրելով աննկարագրելի սարսափազդու պահեր, կծկվել եմ, հոգեպես ապրել ռազմաճակատում կռվող մեր տղաների վիճակը…
Չարենցյան տողերը, որ գնում են պատերազմի, գուցե և դիակ դառնալու համար, այդ օրերին ուղեկցել են ինձ…Մի՞թե մեր այնտեղ պատսպարվելն էլ դրան չէր տանում, ու շատ մեծ հավանականություն կար մեր կողքին պայթած ռումբից մենք էլ դիակ դառնայինք կամ հաշմանդամ, բայց Աստծո կամքով փրկվեցինք։ Մի՞թե այն պատերազմից խուսափողները կամ դասալիքները նմանապես չգնացին պատերազմական օրենքներին հակառակ, որ չդառնան դիակ։ Չեմ ուզում գլուխ պահողներին արդարացնել, բայց այս պահին արտասվախառն եմ շարում տողերս` իմ մտապատկերում ունենալով մեր այն բոլոր հայորդիներին, ովքեր, ներեցեք ինձ, գնացին «դիակ» դառնալու, այն էլ` գիտակցված։ Իսկ ի՞նչ գրեմ անհայտության մատնված լույս տղաների մասին…
Այս տողերը շարեցի, որ հարց բարձրաձայնած լինեմ։
Եթե այդ վիճակումն էր պատերազմական գոտին, ապա ինչու՞ մեզ կերակրում էին «հաղթելու ենք» սին կոչերով, արհեստական ժպիտներով…
Գուցե մենք էլ տեղեկացված լինեինք այդ ծայրահեղ անելանելի վիճակին, ու ազգովի ժամանակին համաձայնվեինք զիջումների, որից զերծ կմնային այն կորուստները, որին առերեսվեցինք այս օրերին` կորցնելով հայությամբ բնակեցված մեր պապենական հայրենիքը` պատմական Շուշիով։
Ինքս էլ խաբված եմ զգում ինձ, չէ՞ որ այն հյուրանոց պատսպարանից երբ տարհանվեցինք, Հայաստան տեղափոխվելու ճանապարհին աչքերս բացվեցին, և նոյեմբերի 7_ին, առանց տեղյակ լինելու այդ ստորագրության մասին, հասկացա, որ մի բան այն չէ…
Ի պատասխան Արցախի վարչապետի հայտարարության, որ բոլորն են դավաճանել, ուզում եմ հակադարձել նրան, որ մենք` ապաստարանում գտնվողներս, ոչ թե դավաճանել, այլ մինչև վերջ թիկունքում հավատարիմ ենք եղել մեր դիրքին ու հավատացել, որ հաղթելու ենք։ Իսկ հիմա հավատս ճեղքվել է, բայց չի սպանվել, դեռ սպասում եմ լույսի, որ Աստծուց պիտի ճառագի…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Որտե՞ղ են այդ ոչ հայանպաստ ռեֆորմի հեղինակները…

Հոկտեմբերի 23։ Հանկարծակի ցնցումներ, որ երբեմն ուղեկցում են մեզ, երբ չենք կողմնորոշվում, թե որտեղից են …