Ուրբաթ , 22 Հունվարի 2021

21_րդ դարում հայը դպրոց է վառում, իր կառուցած դպրատունը վառում է հայոց Մեծ եղեռնից 105 տարի հետո….

Նոյեմբերի 16։

Սիրտ է պայթում, երբ մարդն իր ձեռքերով կառուցած տունը վառում է, նույնիսկ ափսոսում, որ քարն էլ չի վառվում, որպեսզի մոխիր դառնա և ոչինչ չմնա թշնամուն։ Սա հայի դաժան կյանքի մի դրվագ է, որ մնալու է դարերին, սա պատմություն է, որ դաջվելու է բոլորիս հոգում, սա ապտակ է` ուղղված աշխարհի տերերին…
21_րդ դարում հայը դպրոց է վառում, իր կառուցած դպրատունը վառում է հայոց Մեծ եղեռնից 105 տարի հետո….Հայը, որ Դեր Զորի մահվան ճանապահին ավազի վրա տառերն էր սովորեցնում իր մանկանը, հայը, ով սերնդի կրթությունը վեր է դասել բոլոր տեսակի բարիքներից։
Ցասումս չգիտեմ ինչպես արտահայտել, հայի աղաղակին անտարբեր աշխարհին ինչպե՞ս հասկացնել, որ դարերի խորքից եկած մի ազգ նորից կուլ գնաց, մի համեղ պատառ դրվեց մարդասպան ոճրագործների երախում։
Սերունդ կորցրինք, կորցրինք հայրենիք ու նորից կառչած ենք այս սրբազան հողին, և այդ մի կտոր հայրենի հողը կանչում է մեզ։ Այսօր մեր փրկությունը ռուս խաղաղապահներն են, որ պիտի թույլ չտան մեզ սպանելու մեր հայրենիքում։
Աշխարհի նոր քաղաքացի ձևավորելու դարաշրջանի սկիզբն է, երբ հայկական դպրոցներում կրթական նոր նախագծով գրականության ծրագրում նախատեսել էին համաշխարհային գրականության ցանկից մի քանի տասնյակ ստեղծագործություններ ուսումնասիրել ու այդ ցուցակում չկա նույնիսկ մեկ գործ ռուս գրականությունից։ Եվ եթե տարիներ շարունակ ռուսերենը հայկական դպրոցներում պարտադիր էր, ապա այդ նոր նախագծով ռուսերենը դրվում է անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի կողքին, ու թողնվում երեք լեզվի ազատ ընտրության։ Նման դեպքում հավանականություն կարող է լինել, որ նույնիսկ ռուսերենը չընտրվի որոշ դպրոցներում։
Ու՞մ հարցնեմ, երևի ՀՀ վարչապետին, ով կողմ էր այդ խայտառակ նախագծին, որտեղ աղավաղված էր հայ գրականությունն ու հայոց պատմությունը, ու այդ խայտառակության դեմ բողոքողներիս արձագանքել էր, թե իրենց ռազմավարությունը պիտի անցնի, իսկ Հայաստանի կրթության նախարարի խոսքով` մեր աղմուկն իրեն չէր հետաքրքրում, իրենց ռեֆորմը պիտի անցկացնեին։ Այսքանը դեռ պատերազմից առաջ էր, երբ ծաղրում էին այսօրվա դասագրքերը, որոնցով սերունդ ենք կրթել ու դաստիարակել, սերունդ, ում առջև հիմա գլուխ ենք խոնարհում։
Հիմա ուզում եմ հարցնել նրանց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ռուս խաղաղապահները դարձան մեր փրկության երաշխիքը, երբ ռուսաց լեզուն այդ նախագծով հանել էիք պարտադիր ուսումնասիրությունից։
Որքա՞ն սխալներ պիտի հանդուրժենք, մի՞թե այդպիսի սխալների կուտակումից չծնվեց այն մեծ սխալը, որի արդյունքում և՛ սերունդ կորցրինք, և՛ հայրենիք։
Նատաշա Պողոսյան
 
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է, որ միջնակարգ կրթության հայ գրականություն առարկայից հանվում է «հայ» բառն ու առարկան կոչվելու …