Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2020

Օր օրի, քարը քարին դնելով կառուցել ենք մեր պայծառ ապագան, սակայն ոմանք չհասկանալով ի չիք դարձրին ամեն ինչ

Նոյեմբերի 20։

Իմ դասղեկական 11-րդ դասարանի աշակերտների հետ կապ հաստատեցի, առաջարկեցի այս պատերազմական ծանր օրերի մասին իրենց ապրումները թղթին հանձնել։ Ժամեր առաջ իր հարազատ գյուղը` Նոր Մարաղան, կորցրած Մանանա Գալստյանն ինձ ուղարկեց իր վշտամորմոք տողերը, որոնք անհնար էր առանց արցունքների կարդալ։
«Տիկի՛ն Պողոսյան, նախ ասեմ, որ ես շատ եմ կարոտել Ձեզ և իմ դասընկերներին։ Իսկ Ձեր կողմից տրված առաջադրանքն իմ հոգին տակնուվրա արեց, առանց այն էլ արդեն որքան ժամանակ է, խաղաղ չէ։ Հենց այս տողերը գրելուս օրը համընկավ իմ գյուղը հանձնելու հետ։ Հիմա ես ինչպե՞ս շարադրեմ մտքերս, որ կարողանամ ճիշտ արտահայտվել։ Ո՛չ միտքս է ինձ ենթարկվում, ո՛չ ձեռքերս…Վերցրել եմ գրիչս և դողացող ձեռքով ուզում եմ ապրումներս թղթին հանձնել։ Չգիտեմ իմ ցավագին հոգին ում դեմ է չարացած, բայց որ իմ երազանքների կատարմանն արդեն թերհավատ եմ, դա հաստատ կարող եմ ասել։ Մտածում եմ` գուցե մենք այդպես էլ չունեցանք մեր երազած իշխանությունը, որն ամնացորդ կլծվեր երկրի պահպանման, հայկական արժեքներն ամեն ինչից վեր պահելուն, կամ գուցե մենք ի վերուստ Աստծո կողմից պատժվու՞մ ենք…
Չգիտեմ, տիկի՛ն Պողոսյան, չգիտեմ։
Այսօր հանձնում ենք իմ ծննդավայրը, իմ տունը։ Կոկորդս խեղդում են զսպված արցունքներս։ Դժվար է, շատ դժվար։ Օր օրի քարը քարին դնելով կառուցել ենք մեր պայծառ ապագան, սակայն ոմանք չհասկանալով ի չիք դարձրին ամեն ինչ։ Ո՞նց կարող են իմ ապրումները լինել խաղաղ, որ տեսնում եմ մեր զոհվածների նկարները, կարդում անուն առ անուն։ Ալեկոծված են մեր հոգիները, թե երբ կխաղաղվեն, չգիտենք…
Գուցե մենք էլ երբեք չհանդիպենք, սակայն ես հպարտ եմ Ձեզանով, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, Ձեր հրատարակած գրքերն ինձ մոտ են, միշտ կթերթեմ, գուցե դրանից կարոտս մեղմանա։ Շնորհակալ եմ Ձեզ` ինձ կրթելու համար։ Որտեղ էլ լինեմ, ես կպատմեմ Ձեր եռանդի, խիզախության, լավ ուսուցիչ լինելու մասին։ Շնորհակալ եմ»։
Հ.Գ. Այս նամակը կեսգիշերին ստացա, տեղադրեցի իմ էջում` պայմանավորվելով աշակերտուհուս հետ հանդիպել, քանի դեռ երկուսս էլ Հայաստանում ենք։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անթրաշ պողոսների ժամանակը. Ներսես Պողոսյանը դարձել է բռնապետ Ավանի թաղապետարանում

«Նոր» Հայաստանի ամենախոցելի կողմերից մեկն էլ, եթե ոչ ամենագլխավորը, Նիկոլ Փաշինյանի կադրային ռեզերվի խնդիրն է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով