Երեքշաբթի , 28 Սեպտեմբերի 2021

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Նոյեմբերի 23։
Աշակերտուհիս` Էլմիրա Մելքումյանը, ով իմ դասղեկական 11_րդ դասարանի ավագն է, ընտանիքով գտնվում էր Հայաստանում։ Օրեր առաջ տեղեկացավ, որ հայրենի Նոր Ջրաբերդ գյուղը հանձնվել է թշնամուն։ Երեկ նա ինձ ուղարկեց իր պատերազմական ծանր օրերի տպավորությունները, իսկ րոպեներ առաջ գրեց ինձ, որ ճանապարհին են, վերադառնում են Արցախ։

«Մարտակերտում մենք ապրում էինք զինվորական դիվիզիայի կողքին: Օրս սկսվում և ավարտվում էր զինվորնեի թևավորող երգով։ Մեր պատշգամբից լսվում էր նրանց զրգուն ձայնը։
Սեպտեմբերի 27…Կարծես թե օրը պետք է բացվեր արևածագով և զինվորների խորհրդանշական երգով, բայց լուսաբացը փոխարինվեց մայրամուտի,և զինվորների երգը վերածվեց արկերի թնդյունների։
Տարհանվելու ընթացքում ինձ ուղեկցում էին այդ երգի ելևէջները։ Երբ հասանք Հայաստան, իմացանք, որ այդ երգողներից մեկը, ով ազդարարում էր նոր օրվա սկիզբն ու ավարտը իր խրոխտ ձայնով, նահատակվել է…
Նա զոհվեց, բայց այդ երգի մեղեդիները մնացին մտքումս ու երբևէ չեն ջնջվելու…
Ապրածս այդ օրերն աննկարագրելի են։ Որքան ժամանակ է, մտորում եմ` կա՞ն, արդյոք, այնպիսի բառեր, որ կպատկերեն ապրումներս։
Նոյեմբերի 7-ին՝ պապիկիս ծննդյան օրը, բոլորս պարուրված էինք անհասկանալի անհանգստությամբ։ Առավոտյան իմացանք, որ վիրավորվել են հորաքրոջս որդին և նրա հորեղբայրը։ Եղբայրս հրաշքով փրկվեց, իսկ նրա հորեղբայրը անմահացավ իր որդու ձեռքերում…Որդի, ով, Հիպոկրատի երդմանը հավատարիմ, փրկել էր բազում կյանքեր։
Մեր անհանգստությունը դրանով չավարտվեց։ Այդ օրվանից առայսօր որևէ տեղեկություն չունենք մյուս հորաքրոջս որդու՝ Գեւորգի մասին։ Նա նույնպես Շուշիում էր…Անհամբեր սպասում ենք հրաշքի՝ նրա վերադարձին։
Որքան դժվար է` ուժ հավաքել այսքանից հետո և ապրել… Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում։
Մարդկային կորստներից զատ կորցրի այն գյուղը, որտեղ անցել էր մանկությունս։ Հիմնահատակ ավերվեց ամեն մի ինչ, բայց ոչ հիշողություն։ Ես վստահ եմ, որ այն նորից մերը կլինի…»։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աննան բունկերից չէր կարող Մանվելին հրաման տալ. քաղաքացի, Hayeli

Source: USAArmenia