Ուրբաթ , 22 Հունվարի 2021

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Նոյեմբերի 23։
Էլեն Պետրոսյանը մեկն է իմ աշակերտուհիներից, ով տարիներ առաջ` ապրիլին, հայրենի Թալիշ գյուղից է բռնատեղահանվել ու դեռ չհասցրած վերադառնալ վերանորոգված գյուղը` այն կորցրել է։

«Պատերազմի դառը համն զգացել եմ դեռ 2016թ-ին, երբ անգամ չէի հասկանում այդ բառի իմաստը։ Դրա հետևանքով ստիպված եմ եղել լքել հայրենիքս, սակայն երբեք չեմ մտածել կամ գուցե չեմ ցանկացել հավատալ, որ կարող եմ կորցնել այն անդարձ…
Չեմ ցանկացել հավատալ, որ չարարվեստ թշնամին իր կեղտոտ ոտքերով կարող է պղծել հայրենիքիս հողն ու ջուրը, պապական տունս, անցյալս, մանկությունս…
Սակայն այսօր գրչի մեկ հարվածով թշնամին կրկին արատավորեց այն հողը, որտեղ հազարավոր երազանքներ ունեցող հերոսների արյունը չէր հասցրել ցամաքել։
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին։
Երկար դադարից հետո արցախցին կրկին հնարավորություն ունեցավ ապագա կառուցել հայրենիքում, սակայն ռումբերի պայթյունից ամեն ինչ հօդս ցնդեց, հազարավոր երազանքներ մնացին անկատար…
Այսօր արցախցին արտասվախառն աչքերով այրում է սեփական ձեռքերով, արյուն-քրտինքով շինած տունը, որպեսզի սրբապիղծը չապականի այն։
Արդեն երկրորդ անգամն էր, երբ խաղաղ քունս խաթարվեց արկերի պայթյունից։
Արթնանում ես թնդանոթի հարվածներից, երբ շուրջդ ամեն ինչ կամաց-կամաց աներևութանում է փոշու մեջ, այդ պահին միայն հասկանում ես, որ կրկին պետք է անցնես արդեն ծանոթ ճանապարհով։ Եվ որքան էլ ցանկանաս թղթին հանձնել ապրումներդ, նկարագրել զգացմունքներդ, միևնույն է, չես կարողանա լիովին վերարտադրել այդ պահին զգացածդ, իսկ հայրենիքի կորստի ցավը, որտեղ մարել են բազում քաջերի երազանքներ, անպատմելի է։
Պատերազմից ստացված վերքերը երբեք չեն ամոքվում, դրանից միշտ սպիներ են մնում…Երբ առաջին պատերազմից ստացված վերքերն արդեն սպիացել էին, թշնամին կրկին հարվածեց` առաջվանից ավելի ուժեղ ու ցավոտ։ Եվ հիմա ստիպված ենք ապրել կորսված հայրենիքի ցավի հետ կողք կողքի, քանի որ այն այլևս մեր կյանքի մի մասն է, մեր հոգում ծանրացած բեռը, որ պետք է անտրտունջ տանենք մեր ողջ կյանքի ընթացքում։
Մեզ մնում է միայն ապրել, ապրել` հավատով, որ նորից կքայլենք հայրենի հողի վրայով` այդ կերպ հատուցելով հերոսների թափած արյան գինը…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».Սփյուռքահայերին պետական մակարդակով քցեցին

«Հրապարակ». «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված գումարների ճակատագիրը հանրության համար շարունակում է անհայտ …