Հիմա լավ, բա ի՞նչ պետք է անենք. Նիկոլ Փաշինյան

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Բնականաբար՝ խիստ իմաստավորված է ետ գնալ եւ պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ:
Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով եւ հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել եւ նորանոր պահանջներ է առաջ քաշել:
Սա ապացուցող տեսանյութը կա, առկա է համացանցում: Այսինքն՝ դեռ 2011 թվականին Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն եւ պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստանձնել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:
Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետեւ այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:
Ուրեմն՝ այս իրավիճակը մենք ունենք 2011 թվականից, ընդ որում սկսած 2013 թվականից Ադրբեջանը գնում է ռազմական սրացումների: 2013-2015 թվականներին դիվերսիոն գործողությունների տրամաբանություն ունեցող էսկալացիան հասավ գագաթնակետին, իսկ 2016-ի ապրիլին տեղի է ունեցավ քառօրյա պատերազմը:
Ադրբեջանը ձեւակերպում է իր վերը հիշատակված պահանջները, ընդ որում՝ անկախ նրանից, բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Ադրբեջանի պահանջները եւ դրանց կատարումը ՄԽ համանախագահների կողմից դառնում է առաջնահերթության նման մի բան:
2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով, ես բնականաբար սա արձանագրել եմ: Եւ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր:
Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք եւ կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց:
Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:
Որեւէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքրերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր:
2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու: Եւ էս նոր պահանջների կոնտեքստում, կրկին պատերազմի հավանականության մեծացում:
Հիմա շատ են ասում, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել: Հիմա գոնե ակնհայտ է չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին:
Ի՞նչ ենք արել մենք: Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի:
Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների վերադարձը ո՞նց դավաճանություն չեր լինելու:
Հիմա լավ, բա ի՞նչ պետք է անենք: Պետք է ատամ-ատամի դրած կայունացնենք իրավիճակը ու ավելի չվատացնենք: Հիմա ամենակարեւոր խնդիրը գերիների, անհետ կորածների եւ հնարավոր պատսպարվածների հարցն է, որը պետք է շատ արագ լուծվի:
Բայց եկեք այս հարցին նայենք հակառակ կողմի աչքերով: Նա տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսեւորումները արդեն եղել են:
Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի:
Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու:
Ով ինչում է մեղավոր եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի, անպայման կպարզվի, կյանքի կկոչվի: Բայց հիմա պետք է կենտրոնանալ հարցի լուծման համար միասին, ոչ թե իրար դեմ պայքարելու վրա: Սրանում համոզված եմ:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Միրզոյանի մասին Մինասյանի բացահայտումներն է՛լ ավելի են ոգևորել իշխանություններին ու նրանց «թասիբի» գցել

Իշխանությունների հետպատերազմյան վարքագիծը հուշում է, որ հույսը, թե Արցախի փաստացի կորստից հետո Հայաստանում կարող է …