Երկուշաբթի , 8 Մարտի 2021

Կարոտում եմ իմ ընթերցողներին, այն բոլոր ֆեյսբուքյան ընկերներին, ովքեր անհանգստացել են, մտահոգվել իմ անտեսանելիությամբ

Ողջու՜յն ձեզ, իմ հարգելինե՛ր, իմ սիրելինե՛ր, իմ հարազատնե՛ր…

Վերջապես հաջողվեց ժամանակավոր լինել տարածքում, մտերմիկ միջավայրում: Կարոտում եմ իմ ընթերցողներին, այն բոլոր ֆեյսբուքյան ընկերներին, ովքեր անհանգստացել են, մտահոգվել իմ անտեսանելիությամբ: Սիրում, հարգում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ մի առանձնակի զգացողությամբ: Անգամ հասցրել եք ծննդյան օր շնորհավորել, շնորհակալությունս բոլորին, իսկ ես, չգիտեմ, այդ օրն ինձ առաջին անգամ ատեցի՞, թե՞ ամաչեցի, որ այնքան երիտասարդ կյանքեր կորցնելուց հետո ինձ հիշել, շնորհավորել եք:
Պատերազմական այն 42 օրերին, որ գտնվել եմ Արցախում, երբևէ իմ օրագրային գրառումները չեն ընդհատվել, այն սարսափելի հրթիռակոծությունն ու մեր շուրջը թափված ռումբերի պայթյունները երբևէ պատճառ չեն հանդիսացել, որ ընդհատվեն մտորումներս Ստեփանակերտում, ու միշտ շատ-շատերին տեսանելի էին ապրումներս, որոնք նաև չափավոր են եղել այնքանով, որպեսզի չհուսահատեցնեմ ընթերցողներիս:
Հետո՝ նոյեմբերի 8-ից օրվա գրառումներս շարունակվեցին Հայաստանում, վերջինը նոյեմբերի 24-ին էր: Այդ օրվանից Մարտակերտում եմ՝ զրկված համացանցից: Այստեղ էլ մի քանի օր տողեր շարեցի կասկածամիտ, թե արդյո՞ք դրանք համացանցի հասանելիության դեպքում տեսանելի կդառնան…
Եթե կապերը կարգավորվեն, կարձագանքեմ շատերին ու կշարունակեմ իմ ամենօրյա գրառումները:
Կարևորը՝ այսօր այստեղ եմ, բայց չեմ ասի, որ պարապության մատնված եմ եղել, երբ դպրոց էի հաճախում, իսկ դասերից հետո օրվա տարբեր ժամերի հավաքում, խմբագրում էի «Մանկավարժի օրագրի» 4-րդ մասի նյութերը, որ մի նոր գիրք պիտի դառնա՝ սկսած 2020-ի հունվարի խաղաղ օրերի երազանքներից, վերջացրած ուխտադրուժ պատերազմով, մեր մարդկային կորուստներով, ցավոտ զիջումներով, հայրենիքի զգալի մասի կորստով…Ու նաև մեր վերադարձով Արցախ, որ մեր թշնամիների կողքին է, բոլորին տեսանելի մեր ապրելու և արարելու համառ կամքով: Իսկ թե ամեն պատերազմից հետո մեր բնակավայրերը, մեր հարազատ օջախներն ինչպես են լինում, այն մեծ կորուստների կողքին ամաչում եմ գրել…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com