Հարգելի՛ ոստիկանապետ, Նիկոլից հետո էլ կյանք կա, մի լսեք հողատուին

Պատերազմն իսկական աղետ է դարձել Հայաստանի համար՝ կրելով բազմակողմանի, չափազանց խորքային բնույթ: Հայտնի չէ, թե երբևիցե առհասարակ մեզ կհաջողվի՞ լիովին հաղթահարել այս ամենի հետևանքները, թե՞ ոչ:

Ունենք լիակատար կազմաքանդման եզրին հայտնված տնտեսական ու պետական համակարգ, զրոյացված սուվերենություն, բազմահազար զոհեր ու հաշմվածներ, խոշտանգվող գերիներ, կորսված սերունդ, աճուրդի հանված ու քառակուսի մետրը 250 դրամով վաճառված հայրենիքի մի հսկայական կտոր և, որ բացարձակապես անտանելի է, այս ամենի ֆոնին ինքն իրեն արդարացնել փորձող վարչապետ Նիկոլ, ով, չնայած համազգային պահանջին ու համընդհանուր կոնսենսուսին, շարունակում է, կներե՛ք, գլուխ արդուկել…
Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակում այժմ առանձնակի արժեք է ձեռք բերել ուժայինների, բայց հատկապես ոստիկանության կեցվածքն ու որդեգրած գործելաոճը: Իշխանությունները, փորձելով հնարավորինս դանդաղեցնել իրենց քաղաքական մահը, գործի են դրել պետական ռեպրեսիվ մեքենան՝ իր ողջ ուժգնությամբ՝ ամեն գնով ջանալով պաշտպանվել այն նույն ժողովրդից, որը մոտ երկուսուկես տարի առաջ անցյալ ու ապագա չունեցողներին դարձրեց մարդ:
Այս իրավիճակում խիստ կարևոր է դառնում ամեն մի ոստիկանի ու հենց ոստիկանապետի որդեգրած կեցվածքը: Ոստիկանությունն այս օրերին դարձել է Նիկոլ Փաշինյանի հիմնական հենարանը, ու չնայած համակարգի առանձին ներկայացուցիներ, այս օրերին քաջաբար քաղաքացիական կեցվածք դրսևորելով, հրաժարվում են դառնալ հողատուի կամակատար, սակայն համակարգն իր ամբողջության մեջ շարունակում է նվիրված ծառայել մեկ հոգու իշխանությանը:
ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի համադասարանցի ընկերը, ով, ի դեպ, իջևանցի է ծնունդով, կարծես թե արդարացնում է իր վերադասի հաշվարկները՝ ամեն գնով փորձելով չհիասթափեցնել մանկության ընկերոջը: Բայց արժե՞ արդյոք…
Իրականում Վահե Ղազարյանի վիճակը չափազանց ծանր է: Իշխանավոր Նիկոլի օրերը հաշված են, նա շատ շուտով զրկվելու է այն աթոռից, որին սոսնձվել ու պոկ չի գալիս: Կասկած չկա, որ գահավեժ արվելուց հետո Նիկոլը Հայաստանում չի մնա, բայց ա՛յ, նույն ոստիկանապետն՝ իր ընտանիքով, շարունակելու է ապրել ու արարել մայր հայրենիքում, որի ¼-ը վաճառվեց մանկության ընկերոջ ձեռքերով:
Եվ ուրեմն՝ ինչո՞ւ կուլ գնալ Նիկոլին ու սև հետք թողնել ոստիկանական համակարգում՝ կրկնելով տխրահռչակ Վլադիմիր Գասպարյանի կոպտագույն սխալները: Հիշեցնենք, որ Վովան այն նախկին ոստիկանապետն էր, ով հավիտյան հիշվելու է որպես պատմության մեջ համակարգին ամենամեծ վնասը բերած, այն քայքայած ու սեփական հոր «դուքանը» դարձրած «սպա»՝ սովոր ցուցարարների վրա բռնի ուժի կիրառմամբ ինքնահաստատվելուն:
Չենք կասկածում, պարո՛ն Ղազարյան, դուք ո՛չ հողատու Նիկոլ եք ու ո՛չ էլ խայտառակություն Վովա:
Մեկն, ով ծնվում ու դաստիարակություն է ստանում մանկավարժի ընտանիքում, ի բնե չի կարող վատը լինել: Ուստի՝ խնդրում ու հորդորում ենք չկատարել ձեր վերադասի ապօրինի ու ապազգային հրամանները, մի՛ ընդդիմացեք ժողովրդի հավաքական կամքին: Կասկած չունենաք, որ ճիշտ կեցվածք դրսևորելու դեպքում ժողովուրդը ձեզ կգնահատի ու կպատվի: Չի կարող ՀՀ ոստիկանական համակարգը նույնիսկ հիմա շարունակել լինել իշխող վարչակարգի մանկլավիկը: Ոստիկանը նախևառաջ պատվարժան քաղաքացի պետք է լինի՝ կոչված իսկապես ծառայելու հասարակությանն ու սպասարկելու նրա կենսական շահերը: Այնինչ հիմա համակարգն ու դրա աշխատակիցները, անկախ իրենց կամքից, հայտնվել են հիմար վիճակում՝ կամա-ակամա դառնալով դավաճանի մահակը: Արդա՞ր է դա: Անկասկած, ո՛չ, չի կարող թուրքի յաթաղանի տակով անցած ժողովուրդը հիմա էլ սեփական մաշկի վրա զգալ սեփական ոստիկանից ստացվող հարվածի ցավը: Առանց այն էլ հասարակությունը կոտրված է, հուսալքված ու, եթե կուզեք, խորապես զզված: Պետք չէ ոստիկանությանը դարձնել պետականակործան խունտայի ստրուկ, չարժե մաս կազմել հայերնակործանների ոհմակի:
Հարգելի՛ ոստիկանապետ, Նիկոլից հետո էլ կյանք կա, մի լսեք հողատուին, դարձեք պայքարող ժողովրդի մի մասնիկը…
Գ.Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Փաստ». Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և …