«Հրապարակ».ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ

«Հրապարակ»-ը գրում է.

Երեկ հրաժարականների տեղատարափ էր․ առավոտյան տեղեկացանք, որ ՊՊԾ գնդի (կարմիր բերետավորներ) գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Խաչատուր Թովմասյանն է հայտարարել պաշտոնը թողնելու մասին։ Թովմասյանը հայտարարություն տարածեց․
«Ինձ համար կարեւոր են մարդկային եւ հոգեւոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ եւ անպատասխանատու մարդկանց։ Պատերազմի ժամանակ գումարտակով, երկու հերթափոխով գործուղվել ենք Արցախ՝ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաեւ վատ երեւույթների, կառավարման բացակայության եւ անկազմակերպվածության։ Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին՝ հետեւել իմ օրինակին»։
Այնուհետեւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ գնդապետ Սամվել Հակոբյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու զեկուցագիր է ներկայացրել։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ օրվա իշխանությունը, անտեսելով մեր երկրի ու հասարակության, մեր պետության ու քաղաքացու առջեւ ծառացած օրհասական խնդիրները, զբաղված է միայն սեփական իշխանությունը պահելով։ Այս օրերին փորձ է արվում ոստիկանությանը եւ, մասնավորապես, ոստիկանության զորքերին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ոստիկանությանն օգտագործել որպես մահակ եւ լուծել նեղ անձնական ու քաղաքական խնդիրներ։ Զինված ուժերում եւ ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության ընթացքում իմ միակ խնդիրը եղել եւ մնում է օրինականության հաստատումը, օրենքի գերակայության սկզբունքի հանդեպ հարգանքը եւ սպայի պատիվը պահպանելը։
Համոզված եմ, որ այս օրերին ոստիկանությանը եւ հատկապես ոստիկանության զորքերին տրվող հանձնարարականները որեւէ աղերս չունեն հիշատակածս խնդիրների հետ, ավելին՝ վտանգում են մեր երկրի ու հասարակության անվտանգությունն ու համերաշխությունը։ Չկարողանալով ցուցաբերել բացարձակ անտարբերություն՝ որոշել եմ ներդրում չունենալ վերոհիշյալ անարդարություններին եւ ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։ Իմ ծառայակից ընկերներին ու գործընկերներին կոչ եմ անում՝ հրաժարվել ապօրինի հրահանգներ կատարելուց, հավատարիմ մնալ տված երդմանն ու ծառայել բացառապես օրենքին ու հասարակության շահերին»:
Հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արման Պողոսյանը։ Ցերեկը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Ռազմիկ Լեւոնի Գեւորգյանը ներկայացրել է հրաժարականի զեկուցագիր։ Ավելի ուշ՝ կրկին հանրահավաքի ժամանակ, Մանուկյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում են ներկայացրել ՊՆ ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վարազդատ Կարապետյանը դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ,այսօր դիմում …