Չորեքշաբթի , 27 Հունվարի 2021

Հայրենասիրության փողային մեխանիկան

Կառավարությունը, որի անդամներն այլևս մի կերպ են կարողանում մտնել իրենց աշխատասենյակներ, շարունակում է ձևացնել, թե ոչինչ էլ չի պատահել. դեկտեմբերի 24-ի կառավարության նիստում դրա անդամները՝ Փաշինյանի գլխավորությամբ, կրկին հավաքվել ու ինչ-որ հարցեր են քննարկել, որոնցից մեկն էլ վերաբերել է դրոշմանիշային վճարների հետ կապված որոշմանը:

Մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի («1000 դրամների հիմնադրամի» մասին է խոսքը) միջոցները բավարար չեն լինելու՝ մարտական գործողություններին մասնակցած անձանց ամբողջ ծավալով հատուցում տալու համար՝ առաջարկելով դրոշմանիշային վճարի չափն ենթարկել փոփոխության:
«Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում սահմանվում է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում՝ 3000 դրամ։ Եվ այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15 հազար դրամի, որը կվճարեն նրանք, ում եկամուտը, օրինակ, 1 մլն դրամը գերազանցում է»,- «ավետել է» Բադասյանն՝ առաջարկը հիմնավորելով պետության՝ սեփական քաղաքացիներին փոխհատուցելու հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությամբ:
Երբ տարիներ առաջ Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց «1000 դրամների» գաղափարը, հանրության ու փորձագիտական-մասնագիտական շրջանակների արձագանքը՝ դրան չափազանց նեգատիվ ստացվեց: Քննադատողների շարքերում, սակայն, ամենաակտիվը հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհներն էին, ովքեր գաղափարը շտապեցին որակել որպես «թալանի» հերթական դրսևորում՝ մատնանշելով երկրում ապրող օլիգարխների ոչ փոքր թիվն ու կոչ անելով հասարակության գրպանը մտնելու փոխարեն թափ տալ հայրենի մեծահարուստների գրպանները:
Հեղափոխությունից հետո, սակայն, երբ թվում էր, թե առնվազն այս հարցում նոր իշխանությունները հավատարիմ կմնան իրենց նախկին հայացքներին ու իսկապես կչեղարկեն նախորդների վիճելի նորարարությունները, ոչինչ էլ տեղի չունեցավ, և ինչպես կարմիր գծերի կամ արագաչափերի դեպքում, այս պարագայում էլ որոշվեց չձեռնահարել նախկինների «արած-դրածը»:
Հիմա, փաստորեն, Որոտանի ու Շուռնուխի հարցերում «որոշակի ցավոտ իրավիճակների» մասին հանրության՝ Նիկոլ Փաշինյանից ստացած «աչքալուսանքին» զուգահեռ նույն հանրությունը «աչքալուսանք» է ստանում նաև Ռուստամ Բադասյանի կողմից: Պատերազմի հետևանքների վերացման գրեթե ամբողջ ծանրությունն ընկնելու է հասարակ, վարձու աշխատավորների ուսերին: Պետությունը, փաստորեն, ստանձնում է բացառապես մարդկանցից հավաքագրված միջոցների բաշխիչի դերակատարում՝ միաժամանակ որևիցե կերպ չերաշխավորելով դրանց օգտագործման արդյունավետությունը: Սա նմանվում է տխրահռչակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործելաոճին, որի հետ կապված սկանդալային պատմությունների պակաս, ինչպես հայտնի է, երբեք չի զգացվում:
Իհարկե գուցե ոմանց համար 1500-ը, 3000-ը կարող են թվալ մանրուք, սակայն հարցն այստեղ ոչ այնքան գումարի չափի մեջ է, որքան՝ որդեգրած փիլիսոփայության:
Հայաստանն այսօր այնպիսի մի երկիր պետք է լիներ, որ ժողովրդից գումարներ հավաքագրելու կարիք ընդհանրապես չլիներ: Նախապատերազմական շրջանում պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծվեին, այնպիսի գործիքակազմեր մշակվեին, որ հանրության վրա հավելյալ ֆինասնական բեռ դնելու կարիք իսկապես չզգացվեր: Առանց այն էլ քայքայված տնտեսության ու աշխատեղերի խիստ պակասի, երկրից արտահոսող ներդրումների, ինֆլայացիայի ֆոնին ԱԺ արտահերթ նիստի օրակարգ ընդգրկել նման նախագիծ ուղղակի խայտառակություն է: Շատ ավելի լավ կլիներ ոմանց աշխատավարձերը բարձրացնելու կամ աստղաբաշխական պարգևավճարներ տալու փոխարեն համապատասխան միջոցներն ուղղել այն խնդիրներին, որոնք ժողովրդի գրպանը մտնելով՝ փորձում է լուծել Բադասյան Ռուստամը:
Մինչդեռ պատերազմի մասնակիցների կամ դրանից տուժածների փոխհատուցման հարցն ընդամենը մի փոքրն է այն ծով խնդիրների, որոնց արդեն իսկ բախվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ Հայաստանը գլորելով պատերազմի հնոցը: Մարտահրավերներին դիմակայել բացառապես մարդկանց աշխատավարձերից ինչ-ինչ գումարներ փախցնելով ուղղակի անհնար է լինելու: Նախ՝ պետք է լուծվի վստահության ճգնաժամի հարցն, իսկ հետո՝ տնտեսություն ներդրումներ ներգրավելու խնդիրն և այլն:
Խնդիրն էլ, սակայն, հենց այն է, որ այդ բոլոր հարցերը լուծել չի ստացվելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին հայրենիքի մի զգալի մասը Ալիևի ոտքերի տակ փռած Նիկոլն է՝ իր քայլարած «ախպերիկներով»:
Մթնոլորտը պետք է թունազերծել, ինչից հետո միայն հնարավոր կլինի ապագայի մասին գոնե ինչ-որ կերպ իմաստավոված «ստատուսներ» գրել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԱԾ-ն պարտավոր է պարզել և հանրությունը պետք է իմանա՝ ում սեփականությունն է «arm24.net»-ը և արդյոք ադրբեջանական ծագում ունի՞, թե՞ ոչ

Ցանկացած պետության անվտանգության կարևորագույն հիմքերից մեկն էլ ինֆորմացիոն անվտանգությունն է, լրատվական հոսքերի համակարգումն ու «ֆեյք …