Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

ՆՆՋԻ՛Ր ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ, ՄԵ՛Ր ԸՆԿԵՐ…

Ուխտադրուժ պատերազմը մեր դեմքին դաջվեց դպրոցի շրջանավարտ Արսեն Գրիգորյանի զոհվելու բոթով։ Ցնցվեցի, երբ դպրոցական տարիներից իմ մտապատկերում մնացել էր բարձր կարգապահությամբ, զուսպ կեցվածքով մի աշակերտ, ով իր երիտասարդ կյանքը նվիրաբերեց հայրենյաց զոհասեղանին…

Արսենի համադասարանցի, այժմ բուհի ուսանողուհի Տաթևիկ Ղահրամանյանի տողերը հուզմունքով կարդացի։
«Ե՞րբ հասցրինք մեծանալ` այսքան մեծ ցավերի դիմանալու, մեր շարքերում բացականեր ունենալու համար, ե՞րբ… Հեռախոսի երկու ծայրերում անզուսպ հեկեկում էինք՝ չհավատալով, որ մեր դասընկերն այսուհետ հավերժ բացակա է լինելու, չարաբաստիկ ցուցակում փնտրում էինք նրա անունը չգտնելու հույսով` աղերսելով առ երկինք։

Արսենն էլ անմահացավ նրանց պես, ում մասին գրում էինք դպրոցական տարիներին մեր շարադրություններում։ Երբեմն մենք էինք գրում նրանց փոխարեն, բայց ինչպե՜ս էին փիլիսոփայում, երբ խոսում էինք հայրենիքից։
Այսօրվա պես հիշում եմ…Դասարանով Տոնաշեն էինք գնացել՝ Երից մանկանց վանք։ Ասում էր՝ տեսե՛ք` ինչ գեղեցիկ է բնությունը, հայրենիքի բնությունն ուրիշ է, ես այս բնության համար պատրաստ եմ կյանքս էլ տալ…Այդպես էլ այդ տողերը կաղապարված մնացին ուղեղումս։
Արսենը անկեղծ ու սրտաբաց էր, մեծի ու փոքրի հետ գիտեր վայել ձևով խոսել։ Ձայնային լավ տվյալներ ուներ, խնջույքների ժամանակ նա և համադասարանցի Նաիրին միշտ ապահովում էին աշխուժությունը, ծննդյան օրերին՝ երգելով շնորհավորում հոբելյարին։ Սիրում էր խոսել երազանքներից, միշտ ասում էր, որ պիտի իր հայրիկի գործը շարունակի, լավ զինվորական դառնա։
Պատերազմը նրա երազանքի մեծ ճանապարհը հատեց դաժանորե՜ն, անդարձ…
Դպրոցական անցյալ օրերում նա կա, կլինի նաև ներկա օրերում, քանզի անաղարտ ու լուսավոր հուշերը երբեք չեն հանգչում»։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com