Ինչպես երիտդավաճանները թալանեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբ պատերազմից հետո աղմուկ բարձրացավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին հայկական Սփյուռքից զինվորի համար հանգանակված միլիոնավոր դոլարներից 52 միլիարդ 700 միլիոն դրամ փոխանցվել է կառավարությանն ու Սփյուռքը փորձեց հասկանալ, թե ի՞նչ իրավունքով է դա արվել, ես պաշտոնական նամակով դիմեցի հիմնադրամի սորոսական տնօրենին եւ խնդրեցի ինձ տրամադրել հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությունն ու ադամների ստորագրությունները, որով վերջիններս տվել են իրենց համաձայնությունը։
Սորոսական տնօրենից ստացա ոչինչ չասող բառերի մի կույտ, ինչ-որ հղումներով, ինչ-որ «կռուտիտներով» ու էդպես էլ պարզ չդարձավ, թե պատերազմի համար, զինվորին զենք, զրահաբաճկոն ու սաղավարտ գնելու համար յուրաքանչյուր սփյուռքահայի ուղարկած գումարն ինչպե՞ս է հայտնվել այլ տեղ եւ այլ գրպանում։
Եւ քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, ով լավ հասկանում է, թե այս կրիմինալ պատմությունը միջազգային աուդիտի դեպքում ինչ հետեւանքներ է ունենալու, նա փորձեց պարզել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել։
Երեկ իր հերթական Requiem-ում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բացահայտեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ թե ինչպե՞ս է 52 միլիարդ 700 միլիոն դրամը ինչ-որ անհասկանալի որոշումներով փոխանցվել պետական բյուջե ու բյուջեից գնացել պարզ չէ՝ թե ուր։ Որովհետեւ, երբ սորոսական Հայկակը, հասկանալով, որ միջազգային աուդիտի արդյունքում ինքը հայտնվելու է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում, իսկ ես կաշխատեմ, որ ինքը հայտնվի ամենաանբարեկարգում, վախեցած նամակ է գրում ֆինանսների նախարարին ու էդ նախարարը տալիս է ամենալղոզված պատասխանը՝ «ծախսել ենք ըստ բյուջեի նախատեսված կետերի»։
Հասկացա՞ք սիրելի սփյուռքահայեր։
Ո՛չ։ Ե՛ս եւս։
Ու քանի որ Հայկակը հասկանում է, որ իր ֆինալը «Նուբարաշեն» քրեակատարողականում շատ ցավալի է լինելու, մի հատ էլ նամակ գրում է վարչապետի աթոռը դեռ զբաղեցրած Նիկոլին ու, բնականաբար, ոչ մի պատասխան չի ստանում։ Որովհետեւ, իմ սիրելի սփյուռքահայեր, որ «կարտոլ քիսոյի» հրահանգով իմ դեմ խաչակրաց արշավանքի էիք դուրս եկել, Նիկոլն այդ գումարը ծախսել է այնպես, ինչպես հարմար է գտել։ Ու քանի որ ինքը սիրում է անընդհատ հղում անել «ժողովուրդ» եզրույթին, մի հերթական լայվ կմտնի ու կասի, որ ժողովուրդն ինձ լիազորել է անել այն, ինչ ես ուզում եմ, ու ոչ ոք իրավունք չունի ժողովրդի իշխանությունը կասկածի տակ դնել։
Ու էլի՝ ժողովուրդ, ժողովուրդ, Ժողովուրդ, ժողովուրդ։
Եւ ժողովուրդը, որի մեջ կան իրենց որդիներին կորցրած մայրեր, կփորձեն հիշել, թե ե՞րբ են լիազորել Նիկոլին զենք, զրահաբաճկոն, սաղավարտ գնելու գումարով, որի բացակայության պատճառով նաեւ շատերի որդիները զոհվեցին՝ անել ինչ ուզում է։
Հա, ի դեպ, 52 միլիարդ 700 դրամը բյուջե փոխանցելու «Հայաստան» հիմնադրամի 9 որոշումներից 7-ը կորել են։ Չկան։
Կորցրել են։
Գողացել են։
Ես կարող եմ ենթադրել, թե ո՞ր հայրենադավն է հրահանգել վերացնել այդ որոշումները, բայց սպասենք միջազգային աուդիտի վերջնական քննությանը։
Ահա այսպես, իմ շատ սիրելի սփյուռքահայեր։ Դուք սիրով ու նվիրումով գումար էիք ուղարկում հայ զինվորի կյանքը փրկելու եւ պատերազմում հաղթելու համար, իսկ դավաճանն այդ գումարները փոխանցում էր բյուջե՝ ֆինանսների նախարարի ասած՝ «ըստ բյուջեով նախատեսված կետերի ծախսելու համար»։
Հա, իր Requiem-ի վերջում Միքայել Մինասյանն ասաց, որ ինքն ամեն ինչ անելու է, որ շարքային քաղաքացի Կարենի հավատը Նիկոլի հանդեպ չվերածվի անհույս ատելության։
Ես համաձայն չեմ։
Նա իշխանության եկավ ատելությամբ ու թշնամանքով, նա հանձնեց մեր հայրենիքը, նա սպանեց մեր որդիներին, այսօր նա մաս-մաս հանձնում է Սյունիքն ու հետո անցնելու է Տավուշին։ Նա մեզ թշնամի սարքեց մեր արյունակիցների հետ ու նա պիտի հեռանա ատելությամբ։
Որպեսզի հետո մենք կարողանանք մեր հանրային արյունը մաքրել նկոլիզմից, ու որպեսզի կարողանանք առանց չարության ու թշնամանքի նայել միմյանց աչքերին ու փորձել սկսել նորից ապրել։
Որովհետեւ հիմա մենք չենք ապրում։
Հիմա մենք ամեն օր զարթնում ենք ու սարսափով սպասում նոր արհավիրքի՝ նիկոլական արհավիրքի։
Ես հավատում եմ, որ մեզ պատուհասած արհավիրքը հասկանում են նաեւ բազմաթիվ իր թիմակիցներ, ում ինքը շանտաժով ու սպառնալիքներով պատանդ է վերցրել։
Ես հավատում եմ, որ շատ շուտով այդ մարդիկ ազատվելու են դավաճանի շանտաժի ու սպառնալիքի պատանդառությունից ու մեզ հետ միասին փրկելու են Նիկոլի կողմից ծվատված մեր պետականությունը։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վերջին երկու տարվա ընթացքում կրկնապատկվել, եռապատկվել է ատելության քարոզը

2001 թվականից եղել եմ իրավապաշտպան ոլորտում, ընդ որում, սպասարկել եմ Հանրապետության ամենաաղմկոտ, հանրային հնչեղություն ունեցող …