Երկուշաբթի , 27 Սեպտեմբերի 2021

ՄՏՔՈՒՄՍ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՂՈԹՈՒՄ ԷԻ, ԱՆՎԵՐՋ ԱՂՈԹՈՒՄ…

9_րդ ա դասարանի աշակերտ Արթուր Ավթանդիլյանի տողերում լույս էի փնտրում, բայց չգտա, երբ առայսօր դեռ զգում է պատերազմի դառը համը։
«27 սեպտեմբեր, օրը կիրակի, դառը, տխուր, դաժան…

Մտովի նորից այնտեղ եմ, սարսափում եմ այդ զգացողությունից, նորից կոկորդումս զգում եմ պատերազմի դառը համը։
Զինվորական հայրս 44 տարեկանում երրորդ պատերազմը տեսավ, իսկ ես դեռ 14 տարեկան եմ, երկրորդ պատերազմի միջով անցա։
Հայրս տանը չէր այդ օրը։ 27_ից երկու օր առաջ տուն եկավ, ասաց, որ մի քանի օր տուն չի գալու, դիրքերում թշնամու շարժ կա։
Այդ օրն առավոտյան մայրիկս մեզ արթնացրեց, 7_ն անց էր, չեմ հիշում քանի րոպե… Չարաբաստիկ առավոտ, որը միշտ կմնա իմ հիշողության մեջ։ Անբացատրելի զգացողություններ ունեմ, որոնք չեմ կարողանում բառերով արտահայտել… Մայրիկս է աչքիս առջև` լացը կոկոդում սեղմված, տագնապած, երեք երեխաների հետ անելանելի վիճակում…
Օդային տագնապի տհաճ, զզվելի, խլացնող ձայնը երկար ժամանակ ականջներիս մեջ է, ամենուր կարծես հետապնդում է ինձ։ Շուրջբոլորը արկերի պայթյուններ, ավերածություններ…
Մի քանի օր անց արդեն Չարենցավանում էինք` պապիկիս տանը, ապահով, բայց հայրիկիս համար` անհանգիստ…Մտքումս անընդհատ աղոթում էի, անվերջ աղոթում։
Ի՞նչ ունենք հիմա…Ոչի՛նչ… Բկտված, մասնատված, վիրավոր, դավաճանված հայրենիքի մի փոքրիկ մաս, որը կարծես ողորմություն լինեն թողած…Ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր անհետ կորածներ ու գերիներ։ Եվ կորցրած հայրենիք, որտեղ թշնամին` այդ գազանը շունը, պղծել է իր կեղտոտ ոտքերով մեր հողը, ջուրը, մեր տունը…
Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների առջև, հավե՜րժ փառք նրանց»։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ…

Պատերազմի դեմքով 21-րդ դարի ճակատին դաջված պիտի մնա հայի նորօրյա տառապանքը… 9-րդ ա դասարանի աշակերտուհի …