Չորեքշաբթի , 12 Մայիսի 2021

Գալու է այն օրը, երբ բոլոր հայանման թուրքերը պատասխանատվության են ենթարկվելու

11-րդ ա դասարանի աշակերտուհի Անի Մկրտչյանի տողերում պատերազմական դառն օրերն են, պատերազմում վիրավորված հայրիկը, հոգու խորքում տեղ գտած կսկիծը և այն լավատեսությունը, որ գալու են հաղթական նոր օրեր:

«2020 թ. սեպտեմբերի 27-ի լուսաբացը տարբերվում էր բոլոր լուսաբացներից։ Այս անգամ մենք ոչ թե արթնացանք զարթուցիչի ձայնից, այլ՝ արկերի պայթյուններից։ Ես կրկին զգացի պատերազմի դառը համը։ Երբ միացավ օդային տագնապը, իմ վախը կրկնապատկվեց, և միակ ցանկությունս ապրելն էր։ Մի պահ ինձ թվաց՝ սա վերջն է, բայց վեր կացանք արցունքոտ աչքերով, հավաքվեցինք և անմիջապես դուրս եկանք տնից։ Այս պատերազմը տարբերվում էր 2016 թ. ապրիլից: Մեքենաները իրար ետևից շարժվում էին առաջ, նույնիսկ կային անօգնական մայրեր, ովքեր, իրենց երեխաների ձեռքից բռնած, ճանապարհին էին։
Պատմությունը կրկվում էր, մենք տեսանք այն, ինչ տեսել էին մեր ծնողները։ Ամբողջ ճանապարհին լուռ էի, բայց արցունքներս խեղդում էին ինձ։ Կուսապատ գյուղում կանգնել էինք՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակ հետո կվերադառնանք տուն։ Մեր կողքին կանգնած էին տասնյակ հայրենակիցներ։ Հայրս ու քեռիս մեզ հրաժեշտ տվեցին և մեկնեցին ռազմաճակատ՝ մեզ վստահելով եղբորս։ Անցել էր մի քանի ժամ, մարտերն ավելի թեժացան, և մենք իրիկնամուտին շարժվեցինք Երևան։ Գնում էինք, բայց վստահ, որ կվերադառնանք, հավատում էինք մեր քաջարի զինվորներին։ Ամեն անգամ լրատվամիջոցներից լսելով մեր կորուստների մասին՝ մեծ ցավ էինք ապրում։
Նոյեմբերի 1-ին իմացանք, որ հայրս վիրավորվել է։ Մարմնովս սարսուռ անցավ, ես զգացի այն, ինչ երբևիցե չէի զգացել։ Բայց շնորհակալ էի Աստծոն՝ հորս կյանքը փրկելու համար։ Երկու օր անց հորս տեղափոխեցին Երևան, մայրիկիս և քույրերիս հետ շտապեցինք հիվանդանոց։ Երբ հորս տեսա, ես երջանիկ էի, բայց հոգուս խորքում ցավ կար, որ նրան այդ վիճակում եմ տեսնում։
Անցավ ինն օր, կեսգիշեր էր, բոլոր լրատվամիջոցները խոսում էին պարտության ծանր պայմանագրի մասին, որը ստորագրվել էր հայի կողմից։ Մի ամբողջ ժողովուրդ, 44 օր հաղթանակի սպասելով, ականատես եղավ պարտության։ Սկսվեց հայ ազգի մի նոր ողբ։ Կորցրինք Արցախիս մեծ մասը, Հայրենիքս բզկտվել էր։ Մնաց մի բուռ Արցախ։ Հայ ժողովրդի կյանքը գլխիվայր շուռ եկավ, երկրի խաղաղ անդորրը խախտվեց։ Լսեցի, որ դավաճանի հրաժարականն է պահանջվում…Եվ որքա~ն շատ զոհեր, անհայտ կորածներ ունեինք…
Դեկտեմբերի 19-ին վերադարձա հայրենի բնօրրանս, ծնողներս մնացին այնտեղ, հայրս դեռ բժիշկների հսկողության տակ էր: Սիրտս կարոտով էր լցված, կարոտել էի հարազատ Մարտակերտիս ամեն անկյունը։ Քաջ գիտակցելով, որ Արցախ աշխարհը շրջափակման մեջ է, արցախահայությունը վերադարձավ՝ կառուցելու և շենացնելու հայրենիքը:
Մեզանից ոչ շատ հեռու գտնվում է ոսոխը։ Այն տարածքներում, որտեղ հայ զինվորի արյունն է թափված, հիմա այդ սուրբ հողը թշնամու ոտքերի տակ է։ Բայց գալու է այն օրը, երբ բոլոր հայանման թուրքերը պատասխանատվության են ենթարկվելու։ Հայ ժողովուրդը կրկին տեր կկանգնի իր պատմական հողերին, Արցախն իր լիարժեք տեսքին կվերադառնա և մեր նահատակների սուրբ հոգիները հանգստություն կգտնեն երկնային աշխարհում։ Վստահ եմ և հավատում եմ մեր հաղթանակին»։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«168».Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացող մարդկանց, իսկ մնացած թիմի վրա նա թքած ունի

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում սենսացիոն մանրամասներ է ներկայացնում` կապված ԱՄՆ-ում …