Միրզոյանի մասին Մինասյանի բացահայտումներն է՛լ ավելի են ոգևորել իշխանություններին ու նրանց «թասիբի» գցել

Իշխանությունների հետպատերազմյան վարքագիծը հուշում է, որ հույսը, թե Արցախի փաստացի կորստից հետո Հայաստանում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, աստիճանաբար մարում է:

Հարցը, որ այժմ հնչում է ու հնչում է շատ բարձր, այն է, թե սկզբունքորեն ի՞նչը կարող էր պատճառ լինել Նիկոլ Փաշինյանի ու ընկերների ոչ միայն իշխանության շարունակականության, այլև նրանց՝ է՛լ ավելի լկտի, արհամարհական պահվածքի:
Բավական մեծ ռեզոնանս են ստացել հունվարի 20-ի ԱԺ նիստի ժամանակ Փաշինանի՝ ԱԺ բարձր ամբիոնից հնչեցրած հայտարարությունները, որոնք, դատելով ամենայնից, նրա թիմակիցներն այժմ փորձում են սրբագրել:
Օրինակ՝ արձագանքելով Փաշինյանի՝ Շուշիի մասին արած խայտառակ հարցադրմանը, թե մինչև Շուշիի ազատագրումը Շուշիում բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, ուստի՝ արդյոք 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն Շուշի է՝ իմքայլական Սուրեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե եթե դրանից ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդում է արել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն՝ «էդ մարդը կա՛մ հայոց լեզվի հետ հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի»:
Ի դեպ՝ Փաշինանն անհեթեթ հայտարարություններ է արել ոչ միայն Շուշիի մասին, այլև խոսել է գերիներից՝ կրկին անգամ մեջտեղ բերելով նախկինների թեման: «…7-8 տարի ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում: Բա ինչի՞ նախկինում չէիք հարցնում…Ես էս ողջ ընթացքում չեմ տեսել ողջ ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին…», -մասնավորապես՝ հայտարարել էր վարչապետն, ով, պարզվում է, երկրում ստեղծված խայտառակ իրավիճակի համար կրելիք իր բաժին պատասխանատվության մասին ունի խիստ էկզոտիկ պատկերացումներ: «Մենք կկրենք մեր քաղաքական եւ բարոյական պատասխանատվությունը ժողովրդի առջև: Պատասխանատվության մաս է նաև ժողովրդին պատկանող իշխանությունը պահպանել, պաշտպանել այնպես, որ որևէ մեկը չխլի այնպես, ինչպես խլված է եղել երկար ժամանակ»,-հայտարարել էր Նիկոլը:
Փաշինյանի վերոհիշյալ հայտարարություններին մեկնաբանության կարիք առանձնապես չի զգացվում, քանի որ դրանք, ինչպես ասում են, իրենք իրենց տիրոջ մասին արդեն իսկ խոսում են բավական տեսանելի կերպով: Հարցն այն է, թե ի՞նչը հանգեցրեց Նիկոլին ու իր թիմին այն կետին, որում հիմա հանգրվանել են:
Ակնհայտ է, որ եթե իշխանությունները զգային իրական վտանգ՝ առնվազը քաղաքական իմաստով, ապա գոնե մի փոքր համեստ կպահեին իրենց ու ասենք Ազգային ժողովը չէին դարձնի թուրք-ադրբեջանական ագիտացիայի գործիք՝ բացարձակապես չնեղվելով այն փաստից, որ նույն այդ Ազգային ժողովի նախագահն ընդամենը «օմեգա» է՝ հունարենի վերջն տառը: Տպավորություն է, թե Միրզոյանի մասին Միքայել Մինասյանի բացահայտումներն է՛լ ավելի են ոգևորել իշխանություններին ու նրանց «թասիբի» գցել՝ է՛լ ավելի թրքահաճո կեցվածք ընդունելու, է՛լ ավելի բարձր ադրբեջանական կեղծ թեզեր հնչեցնելու՝ երկրի փաստացի կործանման պատասխանատվությունը տեսնելով աթոռից կարճած մնալու մեջ:
Ո՞ւմ են սրանք հիմարի տեղ դնում:
Իրականում խնդիրը ընդդիմութան մեջ է: Ցավոք, Հայաստանն այսօր պրակտիկորեն չունի ընդդիմություն ո՛չ խորհրդարանում,ո՛չ էլ դրա պատերից դուրս: Խորհրդարանական ընդդիմությունը բացարձակապես ադեկվատ չէ, իսկ արտախորհրդարանականների պայքարի եղանակն այդպես էլ մինչև վերջ հասկանալի չդարձավ, իրենց էլ, թերևս, հասկանալի չդարձավ, թե ինչ են ոմանք շինում ասենք Հանրապատետության հրապարակի մեջտեղում, երբ բոլորի աչքի առաջ այդ հրապարակն էլ է Ադրբեջան դառնում:
Խնդիրը ո՞րն էր, Վանեցյանի ու մյուսների հետևից ժողովո՞ւրդ չի գնում, թե գնում է, ուղղակի առաջնորդներն են քաղաքական կապիտալը մսխում: Գուցե պետք է արտախորհդրանականների ողջ կա՞զմը վերանայել, թե՞ բավական կլինի միայն դրա ղեկավար կազմի փոփոխությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ…
Ակնհայտորեն նիկոլ Փաշինյանի ցինիկ հայտարարությունները մահախոսականներ են՝ «ձոնված» ընդդիմության տարբեր թևերին, քանի որ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ընդդիմությունը բաց է թողել իր աստեղային ժամը, չէր կարելի ասենք օրը 3 ժամով միտինգ անել, իսկ հետո արագորեն ցրվել, չէր կարելի քաղաքական պայքարը բուֆետ գնալու կամ «պերեկուրի» պես մի բան սարքել:
Հայաստանում իշխանափոխություն, անշո՛ւշտ, լինելու է, բայց լինելու է ոչ թե ներսի, այլ դրսի ուժերի ճնշման ներքո, ինչը դեռ էս գլխից երաշխավորում է պետութան սուվերենության լիակատար չեզոքացում: Այդպես չէր լինի, եթե այդ իշխանափոխությունը տեղի ունենար ժողովրդի անմիջական ճնշման հետևանքով, բայց այդ պոտենցիալը նույն ընդդիմադիրների ջանքերով զրոյի հասցվեց, փաստացի չեզոքացվեց:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների յուրացման հետ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին․ «Այսօր հանցագործության մասին հաղորդում …