Երեքշաբթի , 21 Սեպտեմբերի 2021

«Փեթակ» առևտրի կենտրոնը՝ ջեբիկիրների որջ. ովքե՞ր են հովանավորում հանցագործությունը

Հետհեղափոխական Հայաստանում բոլորին է «բախտ վիճակվել»՝ անձամբ համոզվելու, որ հեղափոխությունից ունեցած սպասելիքները ոչ միայն չափազանցված էին, այլև՝ բացարձակ անհեթեթություն: Հեղափոխության բացասական ազդեցությունն այսօր շոշափելի է ոչ միայն մակրո մակարդակում, այլև կենցաղից մինչև առևտրային հարաբերություններ, իրավապահ համակարգից մինչև, ասենք, տոնավաճառներ խայտառակ վիճակ է տիրում:

Բոլորին հայտնի «Փեթակ» առևտրի կենտրոնի պարագան լավագույնս է հաստատում վերոհիշյալ խոսքերի իսկությունն ու օբյեկտիվությունը:
Ցավոք, խոշոր առևտրային այդ կենտրոնը վաղուց վերածվել է հանցագործների համար իսկական խոպանի: Թալանչիներն ուղղակի վխտում են բազմահազար այցելու ունեցող այդ առևտրի կենտրոնում՝ թիրախավորելով ոչ միայն տեղացիներին, այլև սփյուռքահայերին, ովքեր հաճախ են առևտուր անում «Փեթակ»-ից: Օրական կտրվածքով այդտեղ տեղի է ունենում գողության երեքից չորս դեպք: Փաստացի ամսական կտրվածքով գողության դեպքերը մոտենում կամ գերազանցում են հարյուրն, ինչը բացարձակ ռեկորդ է: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ գրպանահատներն իրենց գործունեությունը ծավալում են առևտրային կենտրոնի մարդաշատ հատվածներում, ուր տեղադրված չեն անվտանգության տեսախցիկներ, որոնք առանց այն էլ շատ չեն առևտրի կենտրոնում:
Հետաքրքիր է, որ ՀՀ Ոստիկանության կողմից հրապարակվող գողության դեպքերի մասին տվյալները, որոնք հրապարակվում են ԶԼՄ-ներում, բնավ չեն արտացոլում իրականությունը: Օրինակ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ի կտրվածով «Փեթակ»-ում բազմաթիվ գողություններ են կատարվել, այնինչ այդ դեպքերի մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում ոստիկանական հաղորդագրություններում:
Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նմանօրինակ քաղաքականությունը: Եթե հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր, եթե ակնհայտորեն տեղի են ունենում գողության բազում դեպքեր առևտրի կենտրոնում, ապա ինչո՞ւ է Ոստիկանության համապատասխան վարչությունը լռում նույնիսկ այն դեպքում, երբ օտարերկրյա քաղաքացիները նույնպես դառնում են գրպանահատների զոհը: Գուցե պատճառն այն է, որ նույնիսկ հեղափոխությունից հետո էլ համակարգում վխտում են Վովայի վկաներն, ովքեր հակված են՝ քողարկելու իրականությունն ու «շուխուռ չանել»՝ ելնելով անձնական ամբիցիաներից: Թերևս նույն այդ ամբիցիաներից ելնելով է, որ հաճախ տարածվող հաղորդագրություններն էլ աչքի չեն ընկնում իրենց կոնկրետությամբ, երբ խոսելով այս կամ այն դեպքի մասին՝ ասվում է,որ ասենք «Ֆլանֆստան» գյուղում մի ինչ-որ «Ֆստիկ» մեկ այլ «Ֆստիկից» գողություն է արել և այլն, իսկ թե կոնկրետ ով է այդ «Ֆստիկը», ոչ ոք չի իմանում:
Հանցագործությունը մնում է հանցագործություն՝ անկախ այն բանից, թե ում դեմ է այն կատարվել, որ ենթադրում է պարտադիր բացահայտում ու պատիժ, այնինչ ոստիկանական պրակտիկայում սկզբունքները բոլորովին այլ են՝ խիստ սուբյեկտիվ, ինչը տեղիք է տալիս լրջագույն կասկածների:
2020-ի դեկտեմբերի 29-ին նույն «Փեթակ» առևտրի կենտրոնում գողություններ են կատարվել, որոնց առթիվ Շենգավիթի բաժնում հարուցվել են քրեական գործեր: Բայց չգիտես ինչու նույն «02»-ը ոչ մի ծպտուն չի հանում դրա մասին: Նշենք, որ թալանել են խոշոր չափի գումար, անձնական փաստաթղթեր, բանկային քարտեր հենց օտարերկրյա քաղաքացուց, լրատվամիջոցի ղեկավարից: Ինքնաբերաբար հարց է առաջանում՝ արդյոք հարգարժան ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը, տեղյա՞կ է Աշոտ Ահարոնյանի կողմից գլխավորվող վարչության աշխատելաոճի տհաճ նրբերանգներին, թե՞ նա ինքն էլ է զոհ Գասպարյան Վովայի ժեխերի խաբեությունների: Ակնհայտ է, որ Ոստիկանությունում տիրող քաոսը չի կարող նպաստել ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասնագիտական արժանապատվության բարձրացմանը, Ոստիկանության՝ հանրության շրջանում ունեցած վստահության մակարդակի աճին:
 Կոնկրետ «Փեթակ» առևտրի կենտրոնի մասով հետզհետե ստեղծվում է անսխալ տպավորություն, որ իրականում գործ ունենք կազմակերպված բանդաների գործունեության հետ, որոնք համագործակցում են նույն այդ առևտրի կենտրոնի տնօրինության հետ: Հակառակ պարագայում ինչո՞վ կարելի է բացատրել հանցագործների անպատժելիությունը: Իսկ գուցե հենց Ոստիկանությո՞ւնն է գաղտնի գործարք կնքել հանցագործների հետ՝ նկատի ունենալով հարուցված քրեական գործերի նկատմամբ քաղմասներում առկա վերաբերմունքը: Ո՞վ ո՞ւմ հետ է փայ մտել…
Այնպես որ՝ եթե իսկապես հանցագործներն ու տնօրինությունը միմյանց հետ չեն համագործակցում, ապա այսպես շարունակվելու դեպքում առևտրի կենտրոնը կա՛մ պետք է փակվի, ինքնալուծարվի, կա՛մ տնօրինությունը պետք է աննախադեպ քայլերի դիմի՝ սեփական պատասխանատվության գոտում կատարվող ամենաթողությունը կանխարգելելու, մարդկանց դեմ իրականացվող տեռորը բացառելու: Հակառակ պարագայում պետք է «Փեթակի» ղեկավարության նկատմամբ էլ քրեական գործ հարուցել, ենթարկել պատասխանատվության՝ հանցագործների հետ հնարավոր համագործակցության համար՝ այլ կերպ անհնար է բացատրել նրանց անտարբերությունը կատարվածին :
«Փեթակի» հաճախորդները չեն կարող անկախ իրենց կամքից դառնալ թալանի մատերիալ, իսկ դրանում առևտրով զբաղվողներին էլ պետք է տրվեն հավելյալ երաշխիքներ՝ բացառելով այնպիսի դեպքերի կրկնությունն, երբ անգամ նույն առևտրականների ջանքերով տեղադրված տեսախցիկների կողմից նկարահանված տեսագրությունները բավարար հիմք չեն դառնում ոստիկանների համար՝ պատասխանատվության ենթարկելու, բացահայտելու գրպանահատներին: Չգիտես ինչու ամեն անգամ նույն իրավապահները, տրտնջալով արված տեսագրությունների որակից, չեն կարողանում կոնկրետ պարզել, թե ովքեր են այդ գրպանահատներն, ինչպես են հայտնվել տոնավաճառում:
Չնայած չի բացառվում, որ «Փեթակ»-ում առևտրով զբաղվողներն էլ են վախենում իրենց մոտ գտնվող տեսագրություններն ամբողջ ծավալով տրամադրել Ոստիկանությանը՝ զգուշանալով, որ դրա հետևանքով կարող են բախվել տնօրինության հետ՝ ստիպված լինելով հեռանալ սանիտարահիգիենիկ իմաստով ծայրահեղ վատ իրավիճակում հայտնված տոնավաճառից:
Ինչ վերաբերում է օբյեկտի պահպանությանն, ապա այն առհասարակ ոստիկանության կողմից կարգին չի էլ վերահսկվում: Դռան մոտ կանգնած է միայն անվտանգության պահպանության համազգեստով մեկը, առանց զենքի: Մեկ հոգին է վերահսկում ամբողջ «Փեթակը», քանի որ ժամը 4-ից հետո, պարզվում է, «տանջահար եղած» ոստիկանները տուն են գնում՝ թքած ունենալով այցելուների անվտանգության վրա էլ, կյանքի էլ: Չնայած ի՞նչ այցելուների կյանքեր կամ անվտանգություն, եթե ոստիկանների միակ բանուգործը Հայաստանում դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանությունը:
Լավ կլիներ, եթե ոստիկանապետը, մի կողմ թողնելով փողոցները ոստիկաններով լցնելու իր պարտականությունը կամ նրանց քաղաքական նպատակներով մաշեցնելը, նույն դեկտեմբերի 29-ին կատարվածն աչքաթող չաներ ու հետևողական լիներ, մեկ ժամվա ընթացքում երեք գողության դեպք է գրանցվել, այնինչ Ոստիկանությունն «ուղտի ականջում քնած է»:
Փաստացի հետպատերազմյան շրջանում, երբ երկրով մեկ մոլեգնում է անգործությունն ու ամենաթողությունն, իսկ իրավապահները զբաղված են գրեթե բացառապես քաղաքական պատվերներ կատարելով, իր արբունքին է հասնում հանցագործության մակարդակը՝ գերազանցելով բոլոր ռեկորդները: Այս խեղված, արնաքամ եղած հասարակության մարմնին տիզի նման կպչել են հանցագործներն ու ծծում են բոլորի՝ վաղվա նկատմամբ ունեցած լավատեսությունն ու բարեկեցությունը, հարվածի տակ դնում բոլոր գրված ու չգրված օրենքները:
Հիմա պետք է ոչ մեկի մտքով անգամ չանցներ գողություն կամ մեկ այլ ստորություն անել, հիմա պետք է հանրությունն այնպես համախմբված լիներ, որ անգամ տականքներն իրենք իրենց թույլ չտային գրպանահատությամբ զբաղվել: Հանրային բարոյականության մակարդակն է հետզհետե անկում ապրում, բարքերն են աղավաղվում ու այլասերվում:
Բայց ո՞ւմ է դա առհասարակ հետաքրքրում «նոր» հորջորջվող Հայաստանում:
Գ. Մանուկյան
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՍԴ-ն կայացրած որոշման մեջ հակասել է ինքն իրեն.Ռոբերտ Մարգարյան

  ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների հետ կապված քաղաքական չորս ուժերի բողոքի գործով կայացրած 87 …