Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

«Հրապարակ».Դեսպանի բարձր պաշտոնում անփորձ մեկին նշանակելու գլխավոր հիմնավորումն այն է, թե տիկինը լավ անգլերեն գիտի

«Հրապարակ».Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու լուրը դիվանագիտական, քաղաքական, նաև իշխանական շրջանակներում միանշանակորեն չի ընդունվել։ Lուրը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից ևս․ վերջինս մասնավորապես տալիս է պարզագույն հարցեր, որոնց այս՝ հանրային հաշվետվողականության և թափանցիկության «ջատագով» իշխանությունները մինչև օրս չեն արձագանքել։ Իսկ նրանց արձագանքը չափազանց կարևոր է՝ գոնե հասկանալու համար, թե մինչև ո՛ւր է թռել Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հանճարը՝ կադրային քաղաքականության «գծով»։

Դեսպանի բարձր պաշտոնում անփորձ մեկին նշանակելու գլխավոր հիմնավորումն այն է, թե տիկինը լավ անգլերեն գիտի։ Այս հիմնավորումը հնչում է նաև իշխանության զանազան ներկայացուցիչների կողմից։ Եվ հաշվի չի առնվում մի պարզ հանգամանք․Մակունցը դեսպան է նշանակվում մի երկրում, որտեղ միլիոնավոր հայազգի «մակունցներ» կան՝ անգլերենի գերազանց իմացությամբ, հետևաբար այդ երբվանի՞ց են բուն պրոֆեսիոնալ որակները ստորադասվում այնպիսի տեխնիկական հարցի, ինչպիսին լեզու իմանալն է։ Որևէ դեսպանի՝ հյուրընկալող երկրի պաշտոնական լեզվին տիրապետելը միայն տեխնիկական առավելություն է, ոչ ավելին։
Հիշենք ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Օլեքսանդր Բոժկոյի հիանալի հայերենը (նույնիսկ Նիկոլի հայերենի համեմատությամբ՝ մաքուր գրականի առումով), բայց այդ իմացությունը հազիվ թե էականորեն բեկեց Հայաստան-Ուկրաինա դիվանագիտական հարաբերություններն այնպես, որ վերջին պատերազմում այդ երկիրը աներկբա չկանգներ թշնամական պետության թիկունքին։
Լեզվի իմացության պարագան եթե պիտի իսկապես էական հիմնավորում համարել, ապա պիտի ընդունենք նաև, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը․․․ անգլերեն այնքան էլ լավ չգիտեր։ Բայց սա արդեն լուրջ չէ։
Մակունցն ինքը, չբացառելով մասնագիտական փորձառության նշանակությունը դիվանագիտական աշխատանքում, իր հավանական նշանակումը հիմնավորել էր նաև նրանով, թե միշտ չէ, որ դեսպանի նշանակումը զուտ պրոֆեսիոնալ հիմքով է տեղի ունենում․ կարող է լինել նաև քաղաքական նշանակում։
Ի՞նչ ասել է՝ քաղաքական նշանակում։ Արդյո՞ք դա այն չէ, երբ դիվանագիտական բարձր պաշտոն է վստահվում մեկին՝ զուտ նրա քաղաքական կողմնորոշումները կամ որևէ քաղաքական թիմի անդամ լինելը հաշվի առնելով։ Ուրեմն՝ պիտի ենթադրել, որ Մակունցը քաղաքական ինչ-ինչ հայացքների կրող է, որոնք ամբողջության մեջ համարժեք են իշխող ուժի քաղաքական հայացքներին և շեշտադրումներին, իսկ այստեղից էլ պիտի ենթադրվի, որ Նիկոլի դիլետանտների հավաքականությունը․․․ քաղաքական ուժ է։ Բայց չէ՞ որ ցանկացած քաղաքական ուժ կայանում է նախ գաղափարական հենքի վրա։ Հետևաբար՝ ինչպե՞ս կարող է գաղափարական, այդու՝ նաև քաղաքական լինել գաղափարական ցանկացած -իզմ մերժող, ընդհանրապես գաղափարազուրկ իշխանությունը, որպիսին է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Ուրեմն՝ Մակունցի նշանակումը քաղաքական չէ։
Քաղաքական չի կարող ընկալվել թեկուզ այն պատճառով, որ տիկինն ակներևաբար շատ բան էլ չի հասկանում քաղաքականությունից՝ ընդհանրապես, տարածաշրջանային քաղաքականությունից՝ մասնավորապես։ Հիշենք նրա խորագետ դատողությունն առ այն, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմի դեպքում Թուրքիան ձեռնպահ կմնա հօգուտ մեր հակառակորդի որևէ էական միջամտությունից։ Եթե այս ճակատագրական համոզմունքը գալիս էր տիկնոջ թիմի քաղաքական պատկերացումներից, ուրեմն պիտի պաշտոնապես հաստատված համարել, որ ՀՀ իշխանական վերնախավում պատերազմից նույնիսկ օրեր առաջ հեռավոր պատկերացում իսկ չկար մոտեցող արհավիրքի ո՛չ ընդգրկումների, ո՛չ ուժգնության մասին։ Եվ իշխանությունը դա բարբառել էր իր քաղաքական կարևորագույն ֆիգուրներից մեկի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի շուրթերով։
Ահա քաղաքական ու դիվանագիտական այս «մակարդակն» է գնում ԱՄՆ՝ հանուն մեր երկրի դիվանագիտություն անելու։
Իսկ դա վտանգավոր մակարդակ է՝ թեկուզ ազգային անվտանգության առումով։
Հ․Գ․։ Իմ մասնավոր ընկալմամբ՝ Մակունցի նշանակումը դեսպանի պաշտոնում փախուստ է այն ուսապարկային իրականությունից, որում տիկինը հայտնվել և ենթադրաբար շնչահեղձ է լինում։ Նա օվկիանոսից այն կողմ է գնում՝ «օդ շնչելու»։ Իսկ
այդ իրավունքը նա կարող էր վաստակած լինել վարչապետին (կամ նրա ընտանիքին) մատուցած ծառայությունների համար, բայց ոչ այն բանի, թե գնում է ԱՄՆ՝ նոր շունչ հաղորդելու ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերություններին, բնականաբար, իր «գաղափարական» տիրոջ հանգույն՝ «սկսելով զրո կետից»։
Հ․Գ․ 2։ «Այսօր նման ժամանակահատվածում ենք ապրում․ եթե մարդը ջրի վրայով էլ քայլի, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ տեսեք-տեսեք, ինքը լողալ չգիտի»․ ահա ինչպես է իր «գաղափարական» թիմակցի պրոֆեսիոնալիզմի բացակայությունը «ջրում» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Եվ ինչպես «տիրոջ»՝ ՆՓ-ի պարագայում, այս դեպքում էլ սնապարծ համեմատական սևեռումը դեպի Ավետարանն է։ Սրանք փաստորեն որոշել են բոլոր սրբությունները աղարտել։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Hraparak

Hraparak.am Ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարական են պահանջումՊատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է …