Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

ՆԱԽԱՐԱՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԼՈՒԾԱՐԵԼ ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԸ. «Հրապարակ»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մտադիր է փակել Նորքի տուն-ինտերնատը՝ այն միացնելով թիվ 1 տուն-ինտերնատին։ Բնականաբար, աշխատողներին կտեղափոխեն միավորված հիմնարկ, եւ կկարողանա տնօրեն նշանակել իր համար ցանկալի անձի։ Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ վերջնարդյունքում կվաճառեն Նորքի տուն-ինտերնատի շենքը, որի համար լավ գին կտան։ Թեմայի առնչությամբ մենք զրուցեցինք թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանի հետ, ով ասաց, որ նման բան ինքն էլ է լսել, սակայն նախարարությունից հանձնարարական չի ստացել։

Ճիշտն ասած՝ լսել ենք, բայց գործընթացներից տեղյակ չենք, նախարարությունից նման հանձնարարական չի եկել, նման գործընթացի մասին տեղյակ չենք։ Ես պատրաստվում եմ վաղը գնալ նախարարություն, երբ հանդիպեմ, կզրուցեմ այդ մասին»,- ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ շենքի վաճառքի մասին մամուլից է տեղեկացել։
Զուրաբյանի խոսքով՝ թիվ 1 տուն-ինտերնատը, որն ինքը ղեկավարում է, հնարավորություն չունի ընդունել Նորքի տուն-ինտերնատի բոլոր ծերերին, թիվ 1-ը նախատեսված է առավելագույնը 250 մարդու համար։ «Եթե նման գործընթաց կա, ուրեմն պետք է ձեւաչափը հասկանալ, թե չէ՝ որ այդքան ժողովուրդը տեղավորվի թիվ 1-ում, բացառվում է, այդքան մարդ չի կարող տեղավորվել այստեղ, մոտ 200 հոգի թիվ 1-ում է, մոտ 200 հոգի՝ Նորքում։ Թիվ 1-ը նախատեսված է ամենաշատը 250 խնամյալի համար, ոչ ավել, հնարավոր չէ, էլի, այդքան մարդ տեղավորել մեր մասնաշենքում»,- ասաց Զուրաբյանը։
Մենք նաեւ գրավոր հարցում էինք ուղարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին, հարցրել էինք՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ պատրաստվում եք փակել «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, շենքը վաճառել, իսկ տարեցներին ուղարկել 4-րդ գյուղի ծերանոց՝ թիվ 1 տուն-ինտերնատ։
Նախարարությունից հերքել են միայն շենքի վաճառքի վերաբերյալ լուրերը, իսկ Նորքի տուն-ինտերնատի փակման լուրերի վերաբերյալ նախարարի խոսնակը տվել է հետեւյալ անբովանդակ եւ ոչինչ չասող պատասխանը․ ««Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեցները շարունակում են ապրել եւ խնամք ստանալ «Նորքի տուն-ինտերնատում»»։
Ինչո՞ւ ենք մենք դեմ գրավոր հարցումներով աշխատելուն՝ հենց սրա համար, որ անհեթեթ ու մեր հարցի հետ երբեմն կապ չունեցող պատասխաններ չստանանք։ Նման պատասխաններով, իրականում, նախարարություններն ավելի շուտ թաքցնում են իրականությունը, կիսատ-պռատ ինչ-որ բան են գրում, որից տեղեկատվություն չենք ստանում, ինչպես այս դեպքում են արել։ Այս պահին, այո, Նորքի ինտերնատը դեռ գործում է, եւ ծերերի խնամքը քիչ թե շատ ապահովվում է, բայց մեր հարցը դրան չէր վերաբերում, այլ՝ հեռանկարին, թե նախարարությունն ունի՞ արդյոք այս երկու հաստատությունները միավորելու ծրագիր, եթե՝ այո, ապա՝ ո՞ւմ գլխում է ծագել այդ արատավոր գաղափարը, եւ ինչպե՞ս են իրականացնելու, եթե՝ ոչ, ինչո՞ւ հստակ չեն հերքում, որպեսզի այս թեման փակվի։ Մենք ակնկալում ենք, որ նախարարությունը հստակ ու ոչ երկիմաստ պատասխան կտա մեր հարցադրումներին։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com