Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լեզու չեն գտնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. <Հայրենիքի փրկության շարժման ներսում խմորումները շարունակվում են։ Անգամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են հակադիր տեսակետներ հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ՀՓՇ վերջին հանդիպման ժամանակ Քոչարյանն ասել է, որ պետք է գնալ ընտրությունների ցանկացած պարագայում, սակայն Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է մասնակցության թեզը։

Եթե Քոչարյանն ասում է, որ պետք է շարունակել փողոցային պայքարը, ապա Սարգսյանը պնդում է, թե այն անարդյունք է։ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընդհանրապես անվստահություն կա, ու այսպես շարունակ: Մենք տեղեկացանք, որ նրանց վերջին հանդիպման ժամանակ տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել, երբ Քոչարյանը պնդել է, թե պետք է միասնական գնալ ընտրությունների, սակայն Սարգսյանն ասել է, թե ինքը նպատակահարմար չի համարում անգամ ընտրությունների գնալ այս պահին:
Սա պատճառ է դարձել, որ ընդդիմության լիդերները արդեն միմյանց հետ հանդիպում են առանձին-առանձին՝ միմյանցից պարզելու, թե ով ինչ նպատակ ունի: Սերժ Սարգսյանը այդ գաղտնի հանդիպումների ժամանակ որեւէ հստակ բան չի ասել. մեկ հայտարարել է, որ չի մասնակցելու, իսկ վերջին օրերին բացատրում է, թե կուսակցությունն է համոզում գնալ ընտրապայքարի, ու որեւէ մեկը չի կարողանում Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում իրականում: Այս պահին միայն ընդդիմության լիդերներից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է տեղեկացրել, որ ինքը միայնակ է գնում՝ առանց որեւէ դաշինքի:
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը դեռ մտորումների մեջ է. միայն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե վերջնական են որոշել միասին ընտրությունների գնալ «Քոչարյան» դաշինքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ Է ՀԱՍՆՈՒՄ

«Հրապարակ».Նախագահականն ու «վարչապետականը» երեկ միանման հաղորդագրություններ տարածեցին առ այն, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով