Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

Սա ոչ թե պարզ պոպուլիզմ էր, այլ լուրջ դիվերսիա Սփյուռքի հանդեպ. քաղաքագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները ճգնաժամային են նաեւ Սփյուռքի համար։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին նրա կողմից երեք ուժգին հարված հասցվեց, որոնցից ուշքի գալը նիկոլաթափումից հետո մեծ ջանքեր եւ ժամանակ է պահանջելու։
Առաջին հարվածը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատման սկզբում էր, երբ վերացվեց Սփյուռքի նախարարությունը, դրանով իսկ իջեցվեց հարաբերությունների մակարդակը, եւ այդ պաշտոնում նշանակվեց մարդ, ով օբյեկտիվորեն չէր կարող հարաբերությունների անհրաժեշտ մակարդակ ապահովել։
Ասվածը մանավանդ վերաբերվում է մեր ամենամեծ Սփյուռքին՝ Ռուսաստանին, որի հետ Զարեհ Սինանյանի հարաբերությունները խիստ պրոբլեմատիկ դառան։ Սակայն ամենալուրջ հարվածը այս շրջանում հասցրեց անձամբ ՆԻկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ փոխվելու է Սփյուռքի հետ հարաբերվելու եղանակը, եւ ավանդական կառույցների հետ հարաբերություններ կառուցելու փոխարեն Հայաստանը կհարաբերվի ամեն առանձին սփյուռքահայի հետ։ Առաջին հայացքից գրավիչ ու «ժողովրդավարական» թվացող այս թեզը իրականում կործանարար պոպուլիզմ էր, քանի որ Հայաստանը պարզապես հաղորդակցման կանալներ չունի աշխարհի տարբեր ծայրերում ամեն հային հասնելու համար, չի կարող լինել թիրախավորում, կարիքների գնահատում, եւ այլն։
Երկրորդ լուրջ հարվածը այս հարաբերություններին պատերազմի օրերին Սփյուռքի կողմից մեծ ոգեւորությամբ իրականացված դրամահավաքի արդյունքի գողությունն էր։ Այն ամեն սփյուռքահայի համար շատ լուրջ եւ առարկայական նախազգուշացում էր Հայաստանի ներկա վարչակարգի մտադրությունների ազնվության, եւ, ընդհանրապես, նրանց հետ շփվելու նպատակահարմարության մասին։
Վերջին ուժգին հարվածը հասցվեց ԱԽ քարտուղարի հայտարարությամբ՝ Թուրքիային նորովի մոտենալու մասին։ Պարզ է, որ սա պետական քաղաքականության մասին հայտարարելու փորձ է, որը մոտ օրերս ավելի լայն է հանրայանացվելու։
Թուրքիայի հետ հարաբերությունների «վերաիմաստավորման» թեզը լրջագույն հարված է Սփյուռքին։
Ցեղասպանությունը Սփյուռքի առաջացման հիմնական պատճառն է, նրա ճանաչումը սփյուռքյան գրեթե բոլոր կառույցների հիմնական նպատակը։ Երբ Հայաստանը անկախացավ, Ցեղասպանության ճանաչման առաջնորդությունը սփյուռքյան կառույցներից վերցրեց իր ձեռքը։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հրաժարվել այս խնդրից, դրանով իմաստազրկում է Սփյուռքի բոլոր ինստիտուտների տարիների աշխատանքը, եւ շատ արագ կարող է տանել Սփյուռքի բոլոր կառույցների թուլացմանը։
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը այդ դիվերսիան ձեռնարկում է այն ժամանակ, երբ լուրջ ազդակներ կան ԱՄՆ դեմոկրատական ադմինիստրացիայից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Հայաստանի նման վարքագիծը անիմաստ եւ անհնար կարող է դարձնել Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը․ եթե հիմնական պահանջատերը, որը հիմա Հայաստան պետությունն է, հրաժարվում է Ցեղասպանության խնդրից, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է խանգարի երկու հարեւանների միջեւ հարաբերությունների բարելավմանը։
Ավելի հեռագնա պրոբլեմն այն է, որ գաղափարազրկելով Սփյուռքը, այն աստիճանաբար թուլանալու է, դառնալու անկարող որեւէ լուրջ խնդիր առաջադրելու եւ լուծելու։ Ըստ էության, Թուրքիայի հիմնական վախը ոչ այնքան Հայաստանի կողմից պահանջատիրության խնդրի բարձրացումն է, որքան Սփյուռքի։ Նիկոլ Փաշինյանի ձեռմաբ Սփյուռքի ինստիտուտները թուլացնելով, Թուրքիան հաջողությամբ լուծում է իր այս հիմնախնդիրը։
Ի դեպ, սրանով նաեւ հասկանալի է դառնում, թե իր իշխանության սկզբում ինչու էր Նիկոլ Փաշինյանը ցանկանում հարաբերություններ հաստատել ոչ թե սփյուռքյան ինստիտուտների, այլ ամեն սփյուռքահայի հետ առանձին-առանձին․ սա ոչ թե պարզ պոպուլիզմ էր, այլ լուրջ դիվերսիա Սփյուռքի հանդեպ»։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից

Ժողովո՛ւրդ ջան, արթնացե՛ք, ժամանա՛կն է: Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում այսուհետ լռելը հավասարազոր է մեր երեխաների, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով