Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Մարաղայի սպանդի 29 տարին է, թե՛ Մարաղան, թե՛ Նոր Մարաղան` իրենց հարակից գյուղերով, հանձնված են թշնամուն

1992 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցավ մեզանից ոչ հեռու գտնվող Մարաղա գյուղի խաղաղ բնակիչների սպանդը, որն առայսօր այդպես էլ չի դատապարտվել։

Հին Մարաղան հայ զինվորի նշանոցից
Մենք այդ օրերին Մարտակերտում նկուղներում էինք պատսպարվում, տեղի ունեցածը սարսափով ընկալեցինք, բայց նաև շուտով նոսրացան նկուղաբնակներիս շարքերը, մինչ այն օրը, երբ մի պատահական տղամարդկային ձայն կեսգիշերին մեր նկուղի դռան մոտ գոռաց, թե թուրքերը մտնում են Մարտակերտ, եթե մարդիկ կան նկուղում, դուրս գան…
Մարաղայի բնակիչների հանդեպ ազերիների վայրագությունների մասին լսած լինելով` պատկերացրինք ինչ կլինի մեզ հետ…Սարսափահար երեխաներին արթնացրինք։ Երեսուն բնակարանոց շենքի բնակիչների մեջ նկուղում երկու ընտանիք էինք մնացել, ես` յոթ տարեկան դստերս հետ, հարևանուհիս` երկու դպրոցահասակ տղաներով։ Կեսգիշերին դուրս եկանք նկուղից, ընկանք խավարի գիրկը` անձրևոտ ու սարսռուն…
Միայն մեկ տարի հետո իմացանք, որ Մարտակերտն ազատագրվել է, իսկ Մարաղան հարակից գյուղերով մնաց թշնամուն։ Այդ գյուղերի բնակիչները վերաբնակվեցին Նոր Մարաղայում, Նոր Կարմիրավանում, Նոր Այգեստանում, Նոր Ջրաբերդում… Բայց այս անգամ էլ յոթ վերաբնակեցված գյուղեր մի ստորագրությամբ ամիսներ առաջ հանձնվեցին թշնամուն, նորից այդ բնակիչները կորցրին տուն ու տեղ…
Այսօր Մարաղայի սպանդի 29 տարին է, թե՛ Մարաղան, թե՛ Նոր Մարաղան` իրենց հարակից գյուղերով, հանձնված են թշնամուն։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com