Չորեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2021

Արա Աբրահամյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել չքվեարկել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օգտին

Հասարակայնության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել չքվեարկել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օգտին, որպեսզի փրկենք մեր ժողովուրդն ու պետությունը:

«Անձամբ ես ամեն ինչ ունեմ և կարող եմ իմ բազմաթիվ գործերով զբաղվել որպես հասարակական գործիչ, գործարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Բայց խիղճս թույլ չի տալիս՝ անգործության մատնված հետևել Հայաստանի քաղաքական իրադարձություններին, թե ինչպես են այժմյան իշխանությունները խաբեությամբ ժողովրդին թակարդը գցել և հիմա էլ հրում են դեպի անդունդը՝ կրկին խաբելով, կապիտուլյացիայի, պատերազմի և կորոնավիրուսի զոհերի, սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղքը ուրիշների վրա բարդելով, պատերազմով վախեցնելով: Մենք, 1988-ից սկսած, չափազանց թանկ ենք վճարել մեր անկախության համար, որպեսզի վերջին տասնամյակների մեր զոհերն ու կորուստները մոռանալով՝ ոտնահարենք նրանց հիշատակը, մոռացության տանք մեր պատմությունը:
Ապրիլի 24-ի նախաշեմին, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակի տարում մենք կրկին նայում ենք մեր պատմությանը, նորովի գնահատում այն, ինչ կատարվել է 100 տարի առաջ: Ետ նայելով անցյալին՝ մտովի հիշում եմ մեր մեծերին, նրանց խոսքը և վարքը: Վերընթերցում եմ Հովհաննես Թումանյանի նամակները Անդրանիկ Զորավարին՝ գրված 1917թ-ին: Հիանում եմ Թումանյանի հայրենասիրությամբ, իր յոթ զավակներին հայրենիքի ծառայությանը նվիրաբերելու պատրաստակամությամբ (4 որդիները զինվոր էին, 4 դուստրերը՝ գթության քույրեր): Ինքը՝ մեծ գրողը, ամեն ամիս 100 ռուբլի էր նվիրաբերում ու մյուսներին էլ հորդորում էր հետևել իր օրինակին: Սակայն, չորս տարի անց՝ 1921 թվականի դեկտեմբերին, Թումանյանը բոլորովին այլ տրամադրություններ ուներ, որովհետև «մեր երկիրը քայքայեցին ներսից և դրսից»: Ընդ որում՝ ինչպես նա գրում է, ոչ ոք չմեղադրվեց այդ պարտությունների և աղետի համար, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց ու պատասխան չտվեց: Ոչ ոք ինքնասպան չեղավ, որպեսզի ապացուցի, որ խիղճ ու ամոթ ունի: Նրանք նույնիսկ չտխրեցին կամ տխուր ձևանալ չկարողացան: Թումանյանը, որպես իսկական հայրենասեր և մտավորական, զգում էր մեղքի իր բաժինը, թեև իրենից կախված ամեն ինչ անում էր:
Հապա ինչո՞ւ այսօրվա իշխանությունները, ովքեր սպասարկում են բոլորի շահերը բացի հայից ու Հայաստանից, ոչ մի մեղքի զգացում չունեն և դեռ նորից ցանկանում են խորհրդարան մտնել, վերարտադրել իրենց իշխանությունը՝ հրաժարական տալու, հեռանալու, ինքնամաքրվելու և ժողովրդին իրենց կասկածելի խաղերին խառնելու փոխարեն:
Ակնհայտ է, որ նրանք մտածում են ոչ թե երկրի, այլ իրենց և իրենց շրջապատի փրկության մասին:
Եկել է մեր բոլորիս փոխվելու ժամանակը: Պետք է դադարենք տրտնջալ, թե պատմությունը կրկնվում է, թե մեզ մշտապես դավաճանում են և այլն: Այսօր մենք նորից կանգնած են ճակատագրական ընտրության առաջ: 10 միլիոն հայերից յուրաքանչյուրի դիրքորոշումն ու ձայնը վճռորոշ նշանակություն ունեն: Կարևոր է հասկանալ, որ մեր ճակատագիրը կախված է ՄԵԶԱՆԻՑ: Մեզանից բացի ոչ ոք չի փրկելու Հայաստանը: Ոչ մի գերտերություն, ոչ մի դաշնակից մեր փոխարեն դա չի անելու: Որքան շուտ դա մենք հասկանանք, այնքան լավ: ՄԵնք ԻՆՔՆԵՐՍ ենք մեր ճակատագրի պատասխանատուն: Այդ պատճառով էլ, մինչև քվեարկելը, մտածեք ոչ միայն այսրոպեականի մասին: Իմացեք, որ այսօր տված յուրաքանչյուր ձայնը ներդրում է Հայաստանի և ձեր զավակների ապագայում: Այլապես, հարյուր, հազար տարի անց մեր հետնորդները կանիծեն մեզ: Ոչ միայն նրանց, ովքեր խաբեցին ու դավաճանեցին ժողովրդին, այլև նրանց, ովքեր կարող էին դադարեցնել կործանումը, բայց չարեցին դա:
Հենց դրա համար էլ ես և իմ կողմնակիցները կմասնակցենք հայրենիքի փրկությանը, նոր, ուժեղ Հայաստանի կառուցմանը, որի քաղաքացիները կապրեն անվտանգ, ուժեղ, արդար և հոգևոր հասարակությունում: Մենք հավատում ենք դրան և կանենք մեզանից կախված ամեն ինչ»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պետական ծախսերը վերջին տարիներին յոթ փակի տակ են պահում. մինչդեռ այդ ծախսերը կատարվում են հանրային միջոցներից, եւ հանրությունն իրավունք ունի իմանալու դրանց մասին. «Հրապարակ»

«Հրապարակ». Քովիդ 19-ի երկարաժամկետ տնտեսական հետեւանքների մեղմացման ծրագրի շրջանակներում 2019 թվականին կառավարությունը ստեղծեց Հայաստանի պետական …