Շաբաթ , 25 Սեպտեմբերի 2021

Հաղթանակի ճանապարհին. Հայաստանի զարգացման նոր էջը

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ գնալու արտահերթ ընտրությունների, ինչպես հայտնի է, պայմանավորված էր ոչ թե նրա անձնական նախաձեռնողականությամբ, այլ ընդդիմության կողմից պատերազմի ավարտից հետո սկիզբ դրված այն շարժմամբ, որին շտապեցին իրենց աջակցությունը հայտնել թե՛ ժողովրդական լայն զանգվածները, թե՛ էլիտար շրջանակները:

Միաժամանակ Փաշինյանի որոշումն՝ ընտրություններն անցկացնելու միայն հունիսին, ակնհայտորեն նրա կողմից մտահղացվել էր՝ քաղաքական ինչ-որ հաշվարկներից ելնելով, իսկ թե կոնկրետ ինչպիսի, դժվար է ճշգրիտ ասել հենց միայն այն պատճառով, որ ինքնին չափազանց խրթին է հասկանալ այն մարդու հոգեբանությունն ու տրամաբանությունը, որն ասենք կոչ է անում սեփական ժողովրդին ու ինքն իրեն՝ հպարտանալու պատերազմում կրած պարտությամբ կամ հայտարարում՝ կեցցեն մեր զոհերը…
Իրականում Փաշինյանի նմանօրինակ տարօրինակ հայտարարությունները հետևանք են այն խուճապի, որ տիրում է իշխանական շրջանակներում հետպատերազմյան ամբողջ ընթացքում. հասկանում են, որ ժողովուրդը ոչ միայն վաղուց դուրս է եկել հիվանդագին էյֆորիայից, այլև վճռակամ է՝ մեկընդմիշտ մերժելու պարտության խորհրդանիշ դարձած երիտհեղափոխականներին, նրանց պատմության աղբանոցն ուղարկելու: Միաժամանակ փաստ է նաև այն, որ իշխանությունների վարկինիշի կատաստրոֆիկ անկմանը զուգահեռ էապես բարձրանում է քաղաքական ընդդիմության հեղինակությունը. ընդդիմադիր ամենագլխավոր բևեռի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը սկսել է թռիչքաձև աճ գրանցել՝ խփելով նորանոր ռեկորդներ, է՛լ ավելի մշուշոտ դարձնելով Նիկոլ Փաշինյանի ու թիմի քաղաքական ճակատագիրը:
Բայց երկրորդ նախագահի բարձր վարկանիշի պատճառը ոչ այնքան իշխանությունների ձախողման, պետությունն, ըստ էության, կրախի հանգեցնելու մեջ է, որքան այն «բագաժի», որով Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն՝ Հայաստանը փոսից դուրս բերելու հայտ ներկայացնելով. 1998-2008թթ-ը Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ ձեռքբերումների ու խաղաղ բարգավաճման տարիներ են եղել՝ այդպես էլ մնալով չգերազանցված:
Կա՞ն հիմքեր՝ պնդելու, որ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի կրկնել, «դուբլել» նախկին ռեկորդը:
Ո՛չ մի կասկած. այն թիմը, որ երկրորդ նախագահին հաջողվել է ձևավորել իր շուրջն ու ներկայանալ ընտրողին, տալիս է բոլոր հիմքերը՝ համոզված պնդելու, որ խոստացվող ճեղքումը միանգամայն հնարավոր է դառնալու, ավելին՝ այն ուղղակի երաշխավորված է, քանի որ կա նվիրյալ, պրոֆեսիոնալների մի կուռ բանակ, որ պատրաստ է ու կարող է ճշգրտորեն ի կատար ածել Քոչարյանի՝ Հայաստանի վերաբերյալ ունեցած տեսլականը, հաջողությամբ դիմագրավել բազմաբնույթ մարտահրավերներին՝ անվտանգայինից մինչև սոցիալ-տնտեսական:

Երկրորդ նախագահի թիմում հանգրվանել են այնպիսի մարդիկ, որոնք ի սկզբանե եղել են ու մնում են Ռոբերտ Քոչարյանի կողքին. նրանք իրենց առաջնորդի կողքին էին թե՛ բանտի ճանապարհին, թե՛ բազմաբնույթ հալածանքների ժամանակ, նեցուկ են նրան նաև հիմա, երբ հնարավորություն է ստեղծվել՝ երկրորդ նախագահի հետ ձեռք ձեռքի տված՝ վերակառուցելու փաստացի մսխված հայրենիքը:
Ի դեպ՝ այսպիսիք կան ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում. Քոչարյանի աջակիցների, թիմակիցների ու համախոհների շրջանակը չի սահմանափակվում միայն Հայաստանով. աշխարհագրությունը բավական լայն է:
Ընդ որում՝ Սփյուռքում նրա համախոհների, աջակիցների թիվը բավական մեծ է, այո՝ մեծ է, ինչը պայմանավորված է նախևառաջ այդ մարդկանց այն համոզմունքով, որ հենց Քոչարյանի կառավարման արդյունքում է, որ Սփյուռքը վերջապես կկարողանա իրական կամուրջներ կառուցել մայր Հայաստանի հետ՝ վստահ լինելով, որ սփյուռքահայությանը ոչ թե վերաբերվում են որպես ընդամենը «փողի քսակի», այլ յուրաքաչյուրին ընձեռում են հնարավորոթյուն՝ ներդրումներ անելու, առաջին հերթին տնտեսության մեջ ներգավվելու, Հայաստանն ու հայությունն է՛լ ավելի հզոր, գործուն միավոր դարձնելու, մասնակցելու հայաստանյան կյանքին: Միայն օտար ազգերի տները կառուցելով հեռուն չես գնա, որպես ժողովուրդ հեռանկար չես ունենա, և սա անքննարկելի է…
Միաժամանակ հարկ է արձանագրել, որ գործող իշխանություններից Սփյուռքում առկա դժգոհությունը չափազանց խորն է հատկապես այն պատճառով, որ պրակտիկորեն որևիցե դրական սպասելիք այդպես էլ չարդարացավ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ չնայած այն փաստին, որ, ինչպես հայտնի է, նույն ամերիկահայերից շատերը շտապել էին ողջունել հեղափոխությունը, միանշանակորեն աջակցել Նիկոլ Փաշինյանին, իսկ նրանցից ոմանք էլ շտապել էին ներդրումներ կատարել Հայաստանում: Այնինչ կյանքը ցույց տվեց, որ այդ աջակցությունը մի ողջ հայրենիք արժեցավ. Սփյուռքը, կարելի է ասել, երկրորդ անգամ հայրենազրկվեց և հայրենազրկվեց առաջին հերթին նորելուկ իշխանությունների անփութության, թալանը չկանխելու և կանխամտածված անգործության պատճառով: Միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ բարձրացած հայտնի աղմուկն, երբ այդպես էլ պարզ չդարձավ՝ պատերազմի օրերին սփյուռքահայերի կողմից ուղարկված օգնությունն ինչ եղավ, ուր կորավ, բավական է՝ անբարեհույս իրավիճակը լիարժեքորեն պատկերացնելու:
Նոր իշխանությունները պետք է կարճ ժամանակում հասցնեն կարգի բերել բանակն, ամրապնդել երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, վերականգնել արտաքին աշխարհում Հայաստանի խարխլված դիրքերը, վերբեռնել ուժային կառույցներն ու դատաիրավական համակարգը (սա նախևառաջ կարևոր է արդար հասարակություն կառուցելու տեսանկյունից), վերակենդանացնել տնտեսությունը, գործի գցել պետական ողջ մեքենան, որ այսօր փաստացի փտած է, անգործության մատնված:
Չնայած դեռ ընտրությորնները չեն կայացել, սակայն անզեն աչքով անգամ նշմարելի է, որ հաղթանակն աներկբայորեն «Հայաստան» դաշինքինն է լինելու, հասարակությունն ասելու է իր վճռորոշ խոսքն ու դրանով պատմության նոր էջ բացելու: Միայն երկիրը ներսից ամրապնդելն է, որ դառնալու է զսպիչ գործոն՝ բացառելու արտաքին որևիցե ագրեսիա՝ տալով խաղաղ զարգացման իրական հնարավորություն:
Գ. Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ հայրենակիցնե´ր, շա˜տ ենք ուշացել, բայց անդառնալի չէ…Մետաքսե Հակոբյան

Դեռևս երեք տարի առաջ փաստեցինք, որ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին թուրքին ծախված չհայերը։ Այս անդեմ, անհայրենիք, …