Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

«Հրապարակ » . ՌՈ պետ, կոչումով գեներալ Աշոտ Զաքարյանը եւ նրա տեղակալ Արամ Բաղդասարյանը, օգտվելով երկրում տիրող խառը իրավիճակից, զբաղված են կադրային ջարդով


Ռազմական ոստիկանությունում անհասկանալի վիճակ է՝ հաստիքներ են կրճատվում, մարդկանց են ազատում եւ նորերին ընդունում: Գործընթացն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից: ՌՈ նախկին եւ ներկա աշխատողները պարբերաբար դիմում են ԶԼՄ-ներին: Այսպես․ ՌՈ-ում ծառայող երիտասարդ սպաներն ահազանգում են «Հրապարակին», որ իրենց կառույցը վերածվել է փակ բաժնետիրական ընկերության, որտեղ պաշտոնները բաժանվում են բացառապես ծանոթ-բարեկամներին: Նրանց հետ, ովքեր, կոպիտ ասած, «անտեր» են, վարվում են դաժանաբար:
Պահեստազորի սպա Ա․-ն հայտնում է, որ իրեն այնպիսի ծառայություն են առաջարկել, որ նա ճարահատյալ ազատման դիմում է գրել, եւ անգամ օրինական արձակուրդը նրան չեն տրամադրել: «Ես խնդրել եմ, որ իմ հասանելիք արձակուրդը տան, որ էդ ընթացքում աշխատանք գտնեմ, նոր դուրս գամ՝ չտվեցին, որ իմ զբաղեցրած պաշտոնը շուտ ազատվի»,- պատմում է նա: 
Սպաները բողոքում են նաեւ, որ ՌՈ պետ, կոչումով գեներալ Աշոտ Զաքարյանը եւ նրա տեղակալ Արամ Բաղդասարյանը, օգտվելով երկրում տիրող խառը իրավիճակից, զբաղված են կադրային ջարդով: Ահա ինչպես են Զաքարյանի ենթակաները նկարագրում այն մեխանիզմը, որով ՌՈ պետը կադրային համալրումներ է կատարում. «Ծառայակիցներին նրանք առաջարկում են ինչ-որ տեղ ու պաշտոն ու մեկ օր սպասում են, տեսնեն՝ վերեւներից կզանգահարե՞ն, թե՞ չեն զանգահարի տվյալ ծառայողի համար: Եթե չկա զանգ, արագ ազատվում են ծառայողից ու շատ արագ նշանակում իրենց ծանոթին կամ բարեկամին»: Այդպես պաշտոնի է նշանակվել ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանի եղբորորդին՝ զբաղեցնելով բարեխիղճ ծառայող սպայի տեղը: Այդպես Գյումրու ռազմական ոստիկանության պետ, փոխգնդապետ Մանվել Խաչատրյանն իր փեսային՝ Դավիթ Սալնազարյանին է բերել Ռազմական ոստիկանություն, որտեղից մինչ այդ ազատվել էին բազմաթիվ աշխատողներ: Ազատվածների թվում կային 44-օրյա պատերազմի մասնակիցներ, եւ այդ դեպքը մեծ դժգոհություն առաջացրեց գյումրեցիների շրջանում:  
Ի դեպ, ՌՈ պետի նախկին աշխատակիցները հայտնում են նաեւ, որ Աշոտ Զաքարյանի մեկ երիկամը հեռացված է, ինչը նշանակում է, որ նա պետք է ծառայությունը շարունակելու համար ոչ պիտանի ճանաչվի ու զորացրվի, սակայն, խախտելով օրենքը, Զաքարյանը շարունակում է պաշտոնավարել: «Խնդրում եմ արձագանքել։ Նման պաշտոնյաների երեսից չպետք է արտագաղթեն մեզ նման երիտասարդ սպաները»,- գրում են մեզ ՌՈ աշխատակիցները: 
Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը չցանկացավ պարզաբանումներ տալ «Հրապարակին» ո՛չ իր աշխատակիցների բողոքի կապակցությամբ, ո՛չ կառույցում տեղի ունեցող անհասկանալի կադրային գործընթացի շուրջ, ո՛չ էլ իր հիվանդության, որի մասին ՌՈ համակարգում խոսում են բոլորը, եւ որն անհնարին է դարձնում կառույցի ղեկավարի բնականոն աշխատանքը: Նա մեզ խորհուրդ տվեց դիմել պաշտպանության նախարարության լրատվականին, որը, ինչպես հայտնի է, վաղուց է դադարեցրել կապը լրագրողների հետ։ 
ՀՀ ռազմական ոստիկանությունը միշտ ունեցել է խարիզմատիկ ղեկավարներ՝ Վահրամ Խոռխոռունի, Վլադիմիր Գասպարյան, որոնք, բազմաթիվ թերություններով հանդերձ, երբեք չեն վախեցել լրագրողներից: Անդրանիկ Քոչարյանի ընկեր եւ նրա ջանքերով այս պաշտոնին հայտնված Աշոտ Զաքարյանն իր նախկինների հետ որեւէ համեմատության չի դիմանում:
Այսօր, երբ զարհուրելի հանցագործությունները՝ սպանություններ, անառակաբարո գործողություններ, բռնաբարություններ, բանակում ակնհայտորեն աճել են, կադրային «տասովկեքով» զբաղված, մամուլից փախչող ՌՈ պետ ունենալը Հայաստանի համար անթույլատրելի ճոխություն է:
«Հրապարակ օրաթերթ»
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իրականում Արմեն Ղազարյանի (Պզո) մասնակցությամբ երեկվա տեսանյութը վաղուցվա պատմություն ունի, և բնավ նոր չէ…

Ինչո՞ւ են հին տեսագրություններն ոստիկանության արխիվներից դուրս բերվում ու նետվում լրատվադաշտ... Երեկ, տելեգրամյան «Mediaport» ալիքը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով