Չորեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2021

Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔԻ ՀԵՏ. «ՀՐԱՊԱՐԱԿ»


Պետական բարձրաստիճան պաշտոնյանների նկատմամբ վիրավորանքի քրեականացման հակաժողովրդավարական նորմը դրվել է գործողության մեջ և, ըստ մամուլի հրատարակումների, արդեն հարուցվել է երկու քրեական գործ: Մեկը լայնորեն լուսաբանվել է մամուլում, և հենց դրա հիման վրա էլ ամերիկյան իրավապաշտպան «Ֆրիդըմ Հաուս» («Freedom House») կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն էր հայտնել Հայաստանում ժողովրդավարական նորմերի՝ խոսքի ազատությունը ներառյալ, ակնհայտ հետընթացի կապակցությամբ: Եվ Հայաստանի իշխանություններին կոչ էր արել «անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»: 
Պարզվել է նաև, որ ֆեյսբուքյան վիրավորանքը բացահայտվել է ոստիկանների հատուկ խմբի կողմից, որը բան ու գործ թողած՝ ընթերցում է «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիր Փաշինյանի անձի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները: Իսկ հանցագործությունները երկրում աճում են՝ վկա պաշտոնական՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի, տվյալները: 
Եթե ճշմարիտ են մամուլի հրապարակումները,  ապա հարց է առաջանում, թե ինչով է զբաղված ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որքան տեղյակ եմ՝ այդ կառույցը չի լուծարվել: Իսկ հարյուր թե երկու հարյուր աշխատակից ունեցող այդ ՊՈԱԿ-ի գործառույթը Նիկոլի օրոք հենց ֆեյսբուքյան տիրույթում նախկինների դեմ պատերազմն էր երեք տարի շարունակ: Ինչը նշանակում է, որ Նիկոլին ուղղված հայհոյանքների բացահայտման նպատակով ոստիկան բանեցնելը ոչ միայն հակաժողովրդավարական երևույթ է, այլև պետականորեն ոչ արդյունավետ:
Ի դեպ, նախկինների ժամանակ նշված ՊՈԱԿ-ը քարոզչական ոլորտում կռիվ էր տալիս ադրբեջանցիների դեմ և հաղթանակներ գրանցում:
Ենթադրում եմ, որ ոստիկաններին այդ գործին են լծել 50 մլն դոլարի ամերիկյան օգնության շրջանակներում, որն ուղղված էր ոստիկանության համակարգի բարեփոխմանը: Հատկապես պարեկային գնդի նորովի՝ ժողովրդավարական ոգով, կազմավորմանը:
Ինչո՞ւ հենց ամերիկյան օգնության գումարը և ոչ թե պետական բյուջեից: Որովհետև պետբյուջեից գումարները պետական կառույցներին ուղղվում են նախօրոք պլանավորված և պաշտոնապես հաստատված հոդվածներով: Ինչը նշանակում է, որ պետբյուջեից հատկացումը գործող ընդդիմության պայմաններում լրացուցիչ խնդիրներ կստեղծեր իշխանության համար: Իսկ արտերկրյա օգնությունը ծրագրային է, և եռամսյակը մեկ ֆինանսավորողին ներկայացվելիք ֆինանսական հաշվետվության մեջ կարելի է լղոզել ոստիկանական այդ խմբի կատարած աշխատանքի պատկերը:
Մի բան էլ. քանի որ ԱՄՆ իշխանությունը շարունակում է վստահել նիկոլական «ժողովրդավարությանը»՝ վկա պաշտոնական հայտարարությունները, ապա այստեղ գտնվողները կարող են չնկատել, կարող են նաև չնկատելու տալ հաշվետվության մեջ առկա մանր-մունր անհամապատասխանությունները: Կարևորը Նիկոլի իշխանության շարունակականությունն ապահովելն է, որը մեր տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» է քարոզում՝ մեր երկիրը գլորելով ադրբեջանաթուրքական «քիրվայության» անդունդը: Զարմանալին այն փաստն է, որ «Ֆրիդըմ Հաուսի» հայաստանյան գործընկերը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն է: Հենց այն կազմակերպությունը, որի  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, ըստ մամուլի հրապարակումների, ոստիկանության պարեկային ծառայության նորովի կազմավորման պատասխանատուն է՝ թեև դրա վերաբերյալ որևէ նշում չկա նրա կազմակերպության կայքում:
Փաստորեն ամերիկյան «Ֆրիդըմ Հաուսը» ոչ միայն քննադատում է «հայ ժողովրդից ժամանակավորապես իշխանություն ստացած» Նիկոլի քաղաքականությունը, այլև անուղղակիորեն սխալ է հանում իր գործընկերոջը՝ եթե, իհարկե, մեր ենթադրությունը համապատասխանում է իրականությանը: Մնում է, որ իշխանափոխությունից հետո բացահայտվի ոստիկանության հատուկ խմբի, եթե այն իրոք առկա է, գործունեության վերաբերյալ ողջ ինֆորմացիան: Ինչպես նաև այդ հարցում քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկի դերակատարությունը: Եվ ոչ միայն այդ հարցում, այլև ընդհանրապես: Եվ վերջնականապես օրենսդրորեն կարգավորվի հայաստանյան հասարակության՝ քաղաքացիական հասարակություն կոչված հատվածի գործունեությունը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».Թուրքը ոչնչացրեց Արցախը՝ ոչինչ, թուրքը մտել է Հայաստան՝ ոչինչ, ՀՀ-ն մնացել է առանց դաշնակիցների՝ ոչինչ, խորանում է շրջափակումը՝ ոչինչ…

«Հրապարակ». Նիկոլի ամենաոխերիմ հակառակորդը «նախկիններն» են: Ժողովրդից, որպես իշխանություն ձևավորող զանգվածից Նիկոլը չի վախենում, որովհետև …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով