Չորեքշաբթի , 1 Դեկտեմբերի 2021

Տեղի է ունեցել պետական ռեկետ․ Վահե Հակոբյան.Aysor

««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» տնօրենների խորհուրդ չունի, ունի կառավարման խորհուրդ: Այս իշխանությունները մոտավորապես չեն էլ պատկերացնում՝ ԶՊՄԿՆ-ն իրենից ինչ է ներկայացնում, կառավարման ինչ համակարգ ունի, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով կառավարության հայտարարությանը, ըստ որի քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը:
Վահե Հակոբյանը պատգամավոր դառնալուց անմիջապես հետո դադարեցրել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամի պաշտոնում գործունեությունը, քանի որ այն անհամատեղելի էր պատգամավորական գործունեության հետ:
Նա ենթադրում է, որ Տիգրան Ավինյանը կոմբինատում կզբաղեցնի այն պաշտոնը, որն ինքն էր զբաղեցնում մինչև պատգամավոր դառնալը։
«Ռեկետի շնորհիվ կարողացան բանավոր ունենալ 15% բաժնեմաս կոմբինատում։ Շեշտում եմ՝ բանավոր, քանի որ այլ հաստատում ես չունեմ, որևէ փաստաթղթում չի ֆիքսվել այդ 15%-ի փոխանցումը պարոն Տրոցենկոյի կողմից: Իսկ 15%-ի բաժնետերը կարող է խորհրդում ունենալ ներկայացուցիչ, բայց ոչ մի արտառոց բան չի կատարվում: Ենթադրում եմ՝ պարոն Ավինյանը կնշանակվի հենց իմ պաշտոնին, որը ես էի զբաղեցնում կոմբինատի կառավարման խորհրդում», – ասել է Վահե Հակոբյանը։
Պատգամավորը չի բացառել, որ Ավինյանը նշանակվի խորհրդի անդամ՝ հետագայում կոմբինատի տնօրեն նշանակվելու նպատակով, միևնույն ժամանակ ընդգծել է՝ Ավինյանը չունի համապատասխան ունակություններ՝ կոմբինատը տնօրինելու համար։
«Եթե ուզում են այդ հիմնարկը վերջնական քանդեն, թող այդպես անեն: Ես այս կառավարությունից ոչինչ չեմ բացառում, այս կառավարությունը շարժվում է մեկ անձի ամբիցիաները բավարարելու համար։ Այստեղ լոգիկան լրիվ բացակայում է։ Վաղը կարող է «Գռզոյին» բերեն, դնեն տնօրեն», – ասել է Հակոբյանը և հավելել. «Այստեղ ունակությունների մասին է խոսքը։ Ավինյանը տնօրեն չի կարող աշխատել, իսկ կառավարման խորհրդում ընդամենը նստելու է, դեմքի խելոք արտահայտություն ընդունի և երբ հարկավոր է՝ ձեռք բարձրացնի, կողմ կամ դեմ քվեարկի, դա է լինելու նրա ֆունկցիան»։
Վերջինիս խոսքով՝ բացի նրանից, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրաբերելու գործարքը բանավոր է եղել, կան մի շարք այլ անհասկանալի հարցեր ևս: Հայտնի չէ՝ ի՞նչ սկզբունքով է փոխանցվել կոմբինատի բաժնեմասը, ի՞նչ գումարով է գնվել այն և ինչի՞ դիմաց է եղել գործարքը։ Հակոբյանը չի բացառել ոմանց կալանավորելու կամ ազատ արձակելու նախապայմանը։
«Մենք ոչինչ չենք տեսնում, 60%-ը, որը պարոն Տրոցենկոն գնել է, ի՞նչ գումարով է գնել՝ չգիտենք, ինչո՞ւ է ինքը որոշել 15%-ը նվիրաբերել կառավարությանը, այն էլ՝ կառավարությունը չի ղեկավարելու, այլ ինչ- որ հիմնադրամ, ինչի՞ դիմաց է նվիրաբերել, ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ո՞ւմ են կալանավորելու, ո՞ւմ չեն կալանավորելու,ու՞մ են ազատ արձակելու: Այնքան հարցեր կան, որոնց պատասխանները դեռ երկար ժամանակ փորձելու ենք ստանալ։ Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»,-ասել է Վահե Հակոբյանը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ ԶՊՄԿ-ի բաժնետերերը ճնշման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչի արդյունքում էլ որոշել են բաժնեմասերը նվիրաբերել կառավարությանը.
«Նիկոլը ռեկետի շնորհիվ բավարարում է իր ամբիցիաները: Մի քիչ հետ գնանք․ Կապանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց՝ կոմբինատը տանում եմ ազգայնացման։ Նա չի կարող տանել ազգայնացման, նա ընկավ խնդրի մեջ, այդ խնդրից դուրս գալու համար բոլոր բաժնետերերին դրեց «պրեսինգի» տակ, բաժնետերերից ոմանք չդիմացան «պրեսինգին» և որոշեցին իրենց բաժնեմասը ծախել «Գեոպրոմայնինգին»՝ նախապայմանով, որ «Գեոպրոմայնինգը» բաժնեմասերի 15%-ը զիջելու է պետությանը։ Սա է տեղի ունեցել՝ պետական ռեկետ», – արձանագրել է Վահե Հակոբյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արտյոմ Վարդանյանը ՌԴ-ում ՀՀ նոր դեսպա՞ն. նոր դիվանագիտություն

Արդեն մի քանի օր է՝ բավական մեծ աժիոտաժի տեղիք է տվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով