Կիրակի , 23 Հունվարի 2022

«Հրապարակ».Փաշինյանի իշխանախմբի դատաիրավական պատասխանատուներն այդպես էլ պատասխանատվություն չկրեցին Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին կեղծ մեղադրանք առաջադրելու, հետո էլ՝ կալանավայրում դանդաղ մահվան դատապարտելու համար

«Հրապարակ».Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը, սեփական թերթում հանդես գալով կեղծանվամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել էր ներքաղաքական «մեծ խառնակչության» մեջ։ Այսօր հաստատապես արժե այդ մեղադրանքը վերահասցեագրել իրեն՝ Փաշինյանին, եւ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հավելելով նաեւ մշտապես ստելու դրվագը։ Ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված այդ պետական մոլորեցման սպասարկուները, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, անհաշվելի անգամ են ստել զգայուն հարցերի շուրջ, բայց երբեք ներողություն չեն խնդրել, մի կողմից՝ մեր հանրության կարճ հիշողության, ապա եւ՝ սեփական անպատժելիության ու ամենազորության գիտակցման հանգամանքների ուժով, այսօր էլ հետեւողականորեն շարունակում են ձախողել իրենց վստահված ոլորտներն ու հանձնաժողովները։

Ոչ միայն անցած, այլեւ այս գումարման խորհրդարանը, ցավոք, չի կարող օբյեկտիվորեն քննել պատերազմի հանգամանքները՝ ՔՊ-ական մեծամասնության առկայության պայմաններում, այնպես որ՝ ենթադրյալ քննիչ հանձնաժողովը ստի նոր չափաբաժիններ է տիրաժավորելու։ Օրինակ այն, թե իբր թշնամական զորքը տասնապատիկ գերազանցում էր մեր բանակին, եւ հաղթել հնարավոր չէր։ Լռելու են խիզախ դիմադրություն ցույց տված պաշտպանական շրջանների, անձնազոհաբար զոհված հրամանատարների մասին, խոսելու են դասալիք կամավորականների թեմայով, որոնց գլխին, պարզվում է, անգամ սպաներ նշանակված չեն եղել։
Կլռեն պատերազմի օրերին առկա մատակարարման խնդիրների մասին, փոխարենը բանակին ու հանրությանը ելակով կկերակրեն՝ բառի բուն ու փոխաբերական իմաստով։ Կլռեն կործանիչ ավիացիան առանց զինամթերքի գնելու աննպատակ ու գերթանկարժեք գործարքի մասին, արծրունհովհաննիսյանական քարոզչությունը կասի՝ դուք նորագույն զենքերից ոչինչ չեք հասկանում։ Եվ ոչ ոք անգամ քաղաքական, էլ չասած՝ իրավական պատասխանատվություն չի կրի պաշտոնական ապատեղեկատվություն հայտնելու համար․ դա հո վարչապետին վիրավորել չէ՞։
Անգամ ՌԴ նախագահ Պուտինն էր ակնարկում, որ Շուշին հանձնվել է, հայ հանրությունը հարցեր չունի՞ սեփական իշխանությանը։ Թե՞ Փաշինյանի՝ դավաճան չլինելու մասին պուտինյան պնդումը հիմք է նրան այդպիսին չհամարելու։ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում բազում առիթներ է ունեցել ինքն իրեն համոզելու, որ հայ ժողովուրդը պատրաստ է ստորացումներ հանդուրժելու եւ ծաղրի արժանանալու։ Եթե մինչեւ արտահերթ ընտրությունը միջազգային մամուլը գրում էր, թե հայերն ունակ չեն անգամ պարտված իշխանությանը հեռացնելու, արտահերթից հետո արձանագրումն ավելի տխուր է՝ հայերը համաձայն են այս պարտությանն ու համերաշխ՝ Արցախի կորստի ու նրա հեղինակի հետ։
Օրինակ, Փաշինյանի իշխանախմբի դատաիրավական պատասխանատուներն այդպես էլ պատասխանատվություն չկրեցին Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին կեղծ մեղադրանք առաջադրելու, հետո էլ՝ կալանավայրում դանդաղ մահվան դատապարտելու համար։ Ադրբեջանը ցնծում էր Գրիգորյանի կալանքով, ապա՝ մահվամբ․ 90-ականներին նրա եւ մի շարք այլ հրամանատարների անուններից թշնամին ահուդող էր ապրում։ Հայտնի է, որ ապրիլյան պատերազմի օրերին Գրիգորյանը մեկ օրում կասեցրեց հարավային ուղղությամբ ադրբեջանական զորքի ճեղքումը, իսկ այս անգամ մահամերձ գեներալին անգամ հնարավորություն չտրվեց մեկնելու Արցախ ու բեկում մտցնելու մարտերում։
Կանցնի որոշ ժամանակ, եւ ապագա իշխանությունն ըստ պատշաճի կգնահատի պատերազմից կարճ ժամանակ անց մահացած գեներալներ Մանվել Գրիգորյանի, Աստվածատուր Պետրոսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ այլոց ներդրումը։ Ավելի համարձակորեն կխոսվի առաջին եւ երկրորդ արցախյան պատերազմներում ռազմաքաղաքական էլիտաների որակական տարբերության մասին։ Դրա համար, սակայն, ստի փոշին պիտի մաքրվի մեր նորագույն պատմության վրայից, արժանիները պիտի փառավորվեն, անարժանները՝ ընդմիշտ նզովվեն։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը(գործակալ օմեգա) միլիոնատե՞ր է դարձել

4rd.am Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար …