Չորեքշաբթի , 25 Մայիսի 2022

Երգ՝ Մայրական սիրո ինքնատիպ մեկնաբանությամբ…

Մարտի 8-ը, որ աշխարհում առավելապես նշվում է որպես կանանց իրավունքների պաշտպանության օր՝ խորհրդանիշ ունենալով ոչ անհայտ Կլարա Ցետկինին, հայ իրականության մեջ, այնուամենայնիվ, ասոցացվում է կանացի, մայրական սիրո, գեղեցկության հետ: Տոնը տվյալ պարագայում ընդգծում է ոչ այնքան կնոջ հասարակական դերը, որքան ընտանիքի ներսում ունեցած դերակատարության կարևորությունը:

Գաղտնիք չէ, որ ավանդական ընտանեկան արժեքների հիմքում թերևս հիմնահենքային է ընտանիքի, մոր հանդեպ դարերով ձևավորված այն առանձնակի պատկառանքն ու սերը, որն իր յուրահատուկ դրսևորումն է գտել հայ իրականության մեջ՝ դառնալով հայկական ընտանիքների ամրության հիմքը, և սա՝ անկախ այն հանգամանքից, թե խոսքը սփյուռքահայ ընտանիքների՞, թե՞ հայաստանաբնակների մասին է:
ստեղծագործությունը, Լոս Անջելեսում բնակվող Հասմիկ Մելքոնյանի հեղինակածն է՝ հատուկ ամերիկաբնակ քույրեր Սյուզաննայի, Էմիլիի և Մելանիի համար ու կատարմամբ, ինքնատիպ կերպով է մեկնաբանում հայ մոր, հայ կնոջ դերը հայկական ընտանիքում, երեխաների կյանքում: Հատկանշականն այստեղ ոչ միայն ինքնին մորն ուղղված գովեստի խոսքերն ու սիրո արտահայտման ձևի ճշգրիտ նկարագրությունն է, որքան այն, որ ստեղծագործությունը հնչում է հենց սփյուռքահայ երիտասարդ սերնդի բերանով՝ պատգամելով հավերժականն ու գեղեցիկը: Այս հանգամանքն է՛լ ավելի հուզիչ է դարձնում կատարումը, քանի որ ցուցանում է Սփյուռքում ընտանեկան ավանդական արժեքների անանցանելիությունը՝ մի բան, որ վաղուց կորսվել է արևմտյան հասարակություններում:
«Մամ ջան» երգը ոչ միայն գեղեցիկ է, այլև՝ ուսանելի:
Քույրերի՝ իրենց մորն ուղղված սիրո խոստովանության մեջ արտացոլված է Մայրության Հավերժությունն՝ արտահայտված սրտի խորքից բխած պարզ խոսքերով՝ յուրատեսակ ներդաշնակության մեջ մտնելով մայրության և գեղեցկության տոների մեկամսյակի խորհրդի հետ: Այս առումով ստեղծագործության հեղինակ Հասմիկ Մելքոնյանին իսկապես հաջողվել է հասնել խոսքերի ու երաժշտության բացարձակ հարմոնիկ համադրության՝ ընդգծելով հայ երեխայի կյանքում իր մոր հանդեպ ունեցած սիրո առանձնահատուկ դրսևորւմն ու ընկալումը, որ իսկապես նոր բովանդակություն է ստանում հատկապես երեք քույրերի՝ Սյուզաննայի, Էմիլիի և Մելանիի հրաշալի կատարման շնորհիվ:
Հայ կնոջ, մոր կերպարն անաղարտ պահելու պարտավորությունը յուրաքանչյուրինս է՝ թե՛ սփյուռքահայերինս, թե՛ հայաստանաբնակներինը: Սա այն է, ինչ միավորում է աշխարհի հայությանը, և որից էլ ածանցվում է մեր բոլորիս մոր՝ Մայր Հայասանի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը:
Հայրենիքը սկսվում է Մորից, Մարդ լինելը՝ հայրենիքից:
Գայանե Մանուկյան
Լրագրող
Լոս Անջելես


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com