Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Կաշառակերության նոր որջը. ովքե՞ր են մուծվողները

«Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ մի կառույց է գործում Հայաստանում, որի գործունեությունը, ցավոք, կողքից դիտողի համար որևիցե հույս չի ներշնչում. կառույցն այս վաղուց վերածվել է իշխանական PR-ի կարևոր գործիքակազմի, որի բանուգործի անունը մեկն է՝ ժամանակ առ ժամանակ հանրությանն օգնել վերհիշել, թե որն է բոլորիս գոյության գլխավոր նպատակը: Իսկ նպատակն, իհարկե, մեկն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, որին էլ իբր անխոնջ ծառայում են ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները:

Կարճ ասած՝ միամիտների ականջը շոյելուն, մեկ-մեկ էլ որոշ ականջներ ձգելուն ծառայող պետական մարմին է սա, որը, սակայն, առավելապես իմիտացիոն օղակ է՝ ձևացնելու համար, թե ինչ-որ բան իսկապես արվում է՝ նախկինների գործելաոճի ոգով ու ձևով:
Ինչպես տեղեկանում ենք կառույցի տարածած հաղորդագրությունից, այս անգամ խոշորացույցի տակ է վերցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը:
Պարզվում է՝ օղակը, որը հեղափոխական ոստիկանությունը ստեղծել էր կաշառակեր «գաիշնիկներից» իբր ազատվելու, հանրության շրջանում իրական աշխատանքի իմտացիա ստեղծելու համար, դարձել է կաշառակերության, ապօրինության ու հովանավորչության որջ: Է՛լ ծանոթ վարորդի չտուգանում, է՛լ տուգանքի կեղծում ու դրա մեղմում, է՛լ կաշառակերություն, է՛լ ինչ ասես…
Արդյունքում՝ քրեական հետապնդման տակ են հայտնվել է հարուցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3 աշխատակից ու 2 քաղաքացի:
Իհարկե, հասկանալի է, որ բոլորովին վերջերս ստեղծված այս կառույցում, որի շարքերը համալրելու հնարավորություն է տրվում պրակտիկորեն յուրաքանչյուրին՝ որոշակի չափորոշիչների համապատասխանելու դեպքում, բանը կոռուպցիոն դրսևորումներն այսքանով չեն սահմանափակվում:Հանրության շրջանում ոչ միանշանակ, իսկ ավելի հաճախ ընդգծված բացասական վերաբերմունք է ձևավորվել Երևանի փողոցները լցված պարեկների նկատմամբ, ու դեռ ոչ ոքի համար այդպես էլ պարզ չի դառնում, թե հատկապես որն էր այս կառույցի ստեղծման իմաստն առհասարակ՝ բացի, իհարկե, ոստիկանությունում իբր արևմտյան իրավապահ համակարգին բնորոշ որոշակի տարրերի ներմուծումը, որի շնորհիվ, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում թողնել իսկական ժողովրդավարի տպավորություն:
Ասում են՝ սա էլ, ինչպես ասենք աղի ու աղամանի ոդիսականը, գրանտային ծրագիր է, որի շահառուն կրկին դարձել են իշխանությունները, որոնք պետք եղած ժամանակ բավական անբռնազբոս կերպով օգտվում են նույն այդ պարեկների «հատուկ ծառայություններից»՝ անցանկալի միտինգներ կամ բողոքի ցույցեր ցրելու տեսքով:
Փաստ է, որ պարեկային ծառայության ներդրումն ու դուբինկավորների քանակի ավելացումը քաղաքի փողոցներում որևիցե կերպ չի նպաստում քաղաքացի-ոստիկան կապի, հարաբերությունների ամրապնդմանը: Ընդհակառակն՝ անդունդն է՛լ ավելի է խորացել ու անհաղթահարելի դարձել: Մինչդեռ փաստ է, որ բյուջեից բավական կլորիկ գումարներ են հատկացվում հաճախ փողոցային բորդյուրներից միանգամից ոստիկանական ավտոմեքենաների ղեկին հայտնվածների կերակրման համար, և սա՝ այն դեպքում, երբ ասենք նույն արցախցի փախստականներն, իրենց հոգսերի ու սոցիալական խնդիրների տակ կքած, օրումեջ բողոքի ցույցեր են անցկացնում Կառավարության շենքի դիմաց ու պահանջում իրենց «մատից փուշ հանել», «դարդին դարման անել»՝ ի պատասխան ստանալով քար լռություն ու անտարբեություն՝ իբր փող չկա:
Բայց ո՞ւմ է այսօր արցախցին կամ հենց հայաստանցին հուզում: Փաշինյանն ու իր մանկլավիկները միայն իրենց աթոռն են ցեմենտապատում՝ որպես շինանյութ օգտագործելով, ասենք, նույն Ոստիկանությանն ու այլ ուժային կառույցներին:
Պատահական չէ, որ հենց Փաշինյանի կառավարության օրոք է, որ Ոստիկանությանը հատկացված պետական միջոցները ռեկորդներ են սահմանում, իսկ համազգեստավորների թիվը՝ աճում:
Լեգիտիմության պակասից է, ի՞նչ կարող ես անել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմի պատմության կրկնությո՞ւնն է մեզ սպասվում

  Հայաստանի շուրջ սրված անվտանգային միջավայրը օրախնդիր է դարձրել Հայաստանի իշխանությունների գործունակության խնդիրը: Երկիրը հայտնվել …