Ուրբաթ , 12 Օգոստոսի 2022

Պայքարի նոր փուլի մեկնարկ. ի՞նչ է նախապատրաստվում


Ապրիլի 1-ի ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 5-ին դուրս գալ փողոց՝ քննարկելու՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, քայլեր ու գործողություններ ձեռնարկել:
Դեռ շաբաթներ առաջ էին պտտվում խոսակցություններ, որ գարնանը՝ մարտ-ապրիլին, ընդդիմությունն անցնելու է վճռական գործողությունների՝ Հայաստանում իրականություն դարձնելու իշխանափոխությունը, որի մասին արդեն տարիներ ի վեր խոսում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական շրջանակներն, այլև հասարակության սթափ դատող հատվածը՝ ընդգծելով դրա կարևորւթյունն այն մարտահրավերների ու կորուստների ֆոնին, որոնց ականատես ենք դառնում վերջին տարիներին՝ առնվազը պատերազմում կրած պարտության առաջին իսկ օրվանից սկսած:
Հայաստանյան ընդդիմության, բայց հատկապես դրա խորհրդարանական հատվածի աշխատունակության մասին տեսակետներն ու համոզմունքները տարբեր են. ոմանք ամեն գնով արդարացնում են՝ նախկինում կրած ձախողումները հիմնավորելով անհերքելի իրողություններով ու նորհայաստանյան իրականությանը բնորոշ մռայլ փաստերով, ոմանք էլ ձախողումները դիտում են որպես ապացույց այն բանի, որ իշխանություններն ու ընդդիմությունը գործել են համաձայնեցված կերպով՝ Հայաստանում առաջ տանելով ուժային որոշ կենտրոնների ծրագրերը:
Արդյոք ընդդիմությունը, որ, փաստորեն, նոր՝ փողոցային օրակարգ է առաջ քաշում՝ քաղաքական նպատակներին հասնելու համար, գիտակցո՞ւմ է իր այդ քայլի ողջ լրջությունն ու հնարավոր ձախողման դեպքում յուր գլխին կախված վտանգները: Բանն այն է, որ ձախողման կամ հետքայլի դեպքում ոչ միայն է՛լ ավելի է լեգիտիմացվելու Նիկոլ Փաշինանի իշխանությունը՝ ցմահ «բետոնվելով», այլև իրական կրախի առաջ է կանգնելու նույն խորհրդարանական ընդդիմությունը՝ միանգամայն ողջախոհ դարձնելով կասկածները, թե Նիկոլն ու ընդդիմությունը մեկ են, մեկ ամբողջություն:
Միաժամանակ հետաքրքրական է, որ փողոց դուրս գալու մասին հայտարարություններ հնչում են նաև արտախորհդարանական ընդդիմության՝ մասնավորապես՝ «Սասնա ծռերի» կողմից: Ընդդիմության այս սեկտորի խոստումներն ու լոզունգները նույնպես բավական արմատական են թվում՝ խոստանալով սրբել-տանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Արդյոք խորհրդարանական ընդդիմության՝ փողոց դուրս գալու մասին որոշումը կարո՞ղ է պայմանավորված լինել նույն «Սասնա ծռերի» կողմից կազմակերպվելիք առաջիկա ակցիաները ստվերելու ցանկությամբ:
Անկախ այս հարցի պատասխանից փաստն այն է, որ փողոցում կամա-ակամա ստեղծվելու է մրցակցություն տրամագծորեն հակադիր հայացքներ ունեցող ընդդիմադիր սեգմենտների միջև, ինչը կարելի է դիտարկել և՛ որպես առավելություն, և՛ որպես մարտահրավեր, միայն թե մնում է պարզել՝ կոնկրետ ում համար:
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա միանշանակ է, որ երկրի առջև ծառացած տոտալ պատերազմի իրական վտանգն ու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական կյանքը չեն կարող հստակ հետևությունների տեղիք չտալ: Եթե Նիկոլ Փաշինյանը սպառել է մարտահրավերները լուծելու իր քաղաքական ռեսուրսն, ու է՛լ հույս չկա՝ բացի ասենք ևս մեկ անգամ կապիտուլացվելուց, ապա պետք է դրսևորվի քաղաքական կամք ու նվազագույն հայրենասիրություն՝ մանդատը վայր դնելու ու հեռանալու. քաղաքական ամբիցիաներ բավարարելու կամ կյանքը վայելելու ժամանակներն անցել են:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Պարտվածը բանակցային սեղանի շուրջ չի կարող լիարժեք կերպով ներկայացնել հայկական շահը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է  2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունները միակ փաստաթղթերն են, …