Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Մի՞թե բովանդակ հայոց աշխարհում օբյեկտիվորեն դժվար է գտնել արժանի ԳՇ պետ , թե գործում է տխրահռչակ «պոլի փետ լինի, բայց մերոնքական լինի» սկզբունքը

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն, անդրադառնալով բանակում ԳՇ ու հետախուզության վարչության պետերի թափուր մնացած հաստիքների խնդրին, բավական հեղհեղուկ պատասխան է տվել՝ վստահեցնելով, թե պաշտոնակատարները ևս ունեն բավարար լիազորություններ՝ համապատասխան գործառույթները լրիվությամբ կյանքի կոչելու համար:

Միաժամանակ հարցին, թե փակուղո՞ւմ է իշխանությունը, չգիտի՞ ում նշանակի, զվարճալի մականվամբ հայտնի փոխնախարարը պատասխանել է. «Եթե ես ասեմ՝ փակուղում է, չգիտի ում նշանակի, Հայաստանում լինի մի բան, դուք որտե՞ղ եք լրագրությամբ զբաղվելու, որտեղի՞ց եք վաստակելու ձեր այս արդար քրտինքով հացը: Դրա համար խնդրանքս է՝ ցանկալի չէ ձևակերպումներ անել, որոնք նաև ձեզ են վնասելու որպես ՀՀ-ում բնակվող քաղաքացի: Ինչքանո՞վ եք վստահ, որ դրա մասին խոսելը ավելի լավ է: Մենք ունենք ՀՀ-ում, բնականաբար, լավ կադրերի պակաս, այդ թվում՝ զինվորական: Անընդհատ խոսվում է ինստիտուտների վատ կայացվածության մասին, հիմա եկեք հարցեր տվեք՝ ի՞նչ անենք, որ զինվորական ծառայությունը դառնա գրավիչ»:
Լրագրողների արդար վաստակով մտահոգված փոխնախարարի խոսքերն, իհարկե, բացահայտում են բավական պրոբլեմատիկ շերտեր, որ բնորոշ են ոչ միայն ՊՆ-ին, այլև Հայաստանի ամբողջ պետական կառավարման համակարգին: Բայց եթե մյուս ոլորտներում կամ օղակներում այդ բացը ճակատագրական հետևանքներ չի կարող թողնել ազգաբնակչության համար, ապա ուժային, բայց հատկապես ՊՆ համակարգում այդ բացերը կարող են արժենալ մի ողջ հայրենիք: Փաստն այն է, որ ներկայիս Հայաստանում, ինչպես և 90-ականների պարագայում, գործում է տխրահռչակ «պոլի փետ լինի, բայց մերոնքական լինի» սկզբունքը. Հայաստանում կա ոչ թե ընդհանրապես կադրերի, այլ կոնկրետ ՔՊ-ական կամ այդ քաղաքական ուժի հանդեպ բացարձակ լոյալություն ունեցող կադրերի իրական պակաս, և խոսքն առաջին հերթին հենց բանակի մասին է: Մյուս կողմից՝ բանակում կադրերի պակասի խնդիրն, իհարկե, կապ ունի նաև վերջին արցախյան պատերազմի տխուր վերջաբանի հետ: Հիմնական սպայակազմն էականորեն կրճատվել է՝ սրելով կադրերի դեֆիցիտի խնդիրը:
Բայց, եթե, իսկապես, վերոհիշյալ պաշտոններում կոնկրետ մարդկանց նշանակելը կադրերի սովի խնդիր է, ապա իշխանությունները շատ ավելի ճիշտ կանեին՝ անտեսեին զինվորականության քաղաքական հայացքների հարցը՝ ասենք բանակ վերադարձնելով նախկին կադրերին, համարձակորեն օգտվեին նույն «նախկինների» կադրային բանկից:
Ընդդիմության ճամբարում հայտնված փորձառու, իսկական բարձրաստիճան զինվորականության պակաս կարծես թե չկա, որոնք, սակայն, հեղափոխությունից հետո այս կամ այն կերպ արտաքսվեցին բանակից ու հիմա ստիպված են ընդամենը մեկնաբանել համակարգում առկա պրոբլեմներն ու բացթողումները:
Այսինքն՝ եթե իշխանություններն իսկապես գիտակցում են հարցի լրջությունն ու կամենում են նախապատրաստել բանակը վերահաս պատերազմին (այն, ըստ էության, անխուսափելի է դարձել), ապա պետք է ցուցաբերեն իսկապես սթափ մոտեցում ու ամեն գնով համալրեն բանակը գիտակ կադրերով: Մի՞թե բովանդակ հայոց աշխարհում օբյեկտիվորեն դժվար է գտնել արժանի ԳՇ պետ կամ ասենք հետախուզության վարչության պետ:
Իրականում, սակայն, բանակում ստեղծված իրավիճակը կարող է պայմանավորված լինել միանգամայն սուբյեկտիվ գործոններով: Նման կերպ այդ կառույցը շատ ավելի հեշտ է ղեկավարել՝ նկատի ունենալով նաև նույն Պապիկյան Սուրենի գոյությանը՝ Պաշտպանության նախարարի աթոռին:
ԳՇ պետ կամ այլ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդ Փաշինյանին պետք չէ, քանի որ նախևառաջ անհայտ է իշխանությունների՝ Հայաստանի մասով ունեցած իրական ծրագրերը: Գուցե դավադրապաշտական կարող է հնչել, սակայն չի կարելի բացառել և այն, որ ԳՇ պետ չնշանակելը հերթական դավադարությունն է Հայաստանի դեմ՝ թուլացնելու բանակի մարտունակությունը, խաղարկելու հերթական պայմանավորված պատերազմը՝ թշնամուն պատերազմի քողի տակ ցավալի զիջումներ անելու:
Նաև բացառված չէ այն, որ ԳՇ պետ չի գտնվում նաև այն պատճառով, որ չի գտնվում բաձրաստիճան որևէ զինվորական, որ կհամաձայներ հլու-հնազանդ սպասարկել նիկոլական օրակարգը Հայաստանի մասով, միանալու աննախադեպ դավադրությանը՝ միահամուռ ջանքերով Ադրբեջանի ազգային շահերի սպասարկմանը:
Թվում է՝ հիվանդագին ֆանտա՞զիա է, իզուր…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել. «Փաստ»

  Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել. «Փաստ»Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան …